Նիկոլ Փաշինյանն այլ բան էր խոստանում

Նիկոլ Փաշինյանն այլ բան էր խոստանում
Նիկոլ Փաշինյան

2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո բոլոր մարզերում եւ Երեւանի քաղաքապետարանում նոր ղեկավարները շատերին, այդ թվում՝ կես տարուց էլ պակաս աշխատած մարդկանց, մեծ-մեծ պարգեւավճարներ տվեցին: Աղմուկ է բարձրացել, ու «Նոր Հայաստանի» նոր կառավարիչներն ու նրանց թիմակիցները պնդում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է, խախտում չկա, պարգեւատրումները շարունակվելու են:

Նույնն անում էին «Հին Հայաստանի» կառավարիչները: Նրանց էլ չէր հուզում, թե իրենց այս կամ այն քայլը որքանով է իրենց աշխատավարձ տվող ՀՀ քաղաքացիների սրտով: Անում էին ու վերջ: Այդպես բարձրացնում էին իրենց աշխատավարձերը, իրենց մտերիմների համար պետական նոր պաշտոն կամ պետական նոր կառույց ստեղծում եւ այլն: Այսքանից հետո եթե մեկը կարող է ասել, թե «Նոր Հայաստանն» ու «Հին Հայաստանը» բովանդակային տարբերություն ունեն, հրապարակավ ներողություն կխնդրեմ:

Ուղղակի «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան»-ի փոխարեն գրում ենք՝ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան», «պատգամավոր Շուշան Պետրոսյան»-ի փոխարեն՝ «պատգամավոր Լուսինե Բադալյան», «Առաքել Մովսիսյան՝ Շմայս» գրելու փոխարեն գրում ենք՝ «Մխիթար Հայրապետյան» եւ այսպես շարունակ:

2018-ի գարնանը ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը, որովհետեւ դրանից առաջ կորցրել էր իրականության զգացումն ու մոռացել ՀՀ քաղաքացիներին ենթարկվելու սահմանադրական պահանջը: Սա մարդկանց սրտով չէր, ու մարդիկ գնացին Նիկոլ Փաշինյանի եւ նրա «Քաղաքացիական պայմանագրի» հետեւից, փողոց փակեցին: Առաջներում էլ մարդիկ, հատկապես մարզերում, ի նշան բողոքի՝ փողոց էին փակում, սակայն դա չէր բերում իշխանափոխության ո՛չ մարզային, ո՛չ հանրապետական մակարդակներում: Իսկ փողոց փակելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հիմա փողոց փակողները հարվածում են ժողովրդի ընտրած իշխանությանը: Սա այն ժողովուրդն է, որին արհամարհում են Նիկոլ Փաշինյանի կադրերը, մասնավորաբար՝ երկու-երեք ամսվա աշխատողին մեծ-մեծ պարգեւավճարներ տվող մարզպետները, Երեւանի քաղաքապետը:

Ուրեմն Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, կարելի է մարդկանց օգնությամբ գալ իշխանության, հետո արհամարհել այդ մարդկանց ու նրանց բողոքներն անվանել «հարված ժողովրդի իշխանությանը»: Ժամանակին էլ Ռոբերտ Քոչարյանն էր խոսում ժողովրդի ընտրյալի կարգավիճակով, իսկ Նիկոլ Փաշինյանը, որ նրան մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, նույն կեցվածքն է ընդունել՝ ՔՊ-ականներին ու նրանց մտերիմներին՝ ամեն ինչ, ՀՀ քաղաքացիներին՝ գրողուցավ: Բայց հաստատ եմ հիշում՝ իշխանության գալուց առաջ եւ առաջին օրերին Նիկոլ Փաշինյանն այլ բան էր ասում-համոզում-հավատացնում-խոստանում:

2018 թվականի գարնանը մարդիկ գնացին Նիկոլ Փաշինյանի հետեւից, որովհետեւ հոգնել էին ՀՀԿ-ականների 20-ամյա արհամարհանքից: Եթե ՔՊ-ն այսպես շարունակի, մարդիկ իշխանափոխության նպատակով փողոց կփակեն շատ ավելի շուտ, քան կլրանա ՔՊ կառավարման 20-ամյակը: Նիկոլ Փաշինյանին ու ամեն տեսակ Լենա Նազարյան, Ռուբեն Ռուբինյան, Արման Եղոյան եւ նմաններին կուղարկեն այնտեղ, ուր ուղարկեցին Սերժ Սարգսյանին՝ իր «շքախմբով»:

Մի խելոք մարդ ասել է. իշխանավորի համար անվտանգության լավագույն համակարգը ժողովրդի ատելությանը չարժանանալն է: Դատելով նիկոլականների պահվածքից՝ նրանք տեղյակ չեն խելոքների ասածներից, նրանց համար միակ խելոքը Նիկոլ Փաշինյանն է, ում կրկնում ու կրկնօրինակում են բոլոր հարցերում՝ սկսած սոցկայքերով ուղիղ եթերներից: Բայց սա չի ապահովում անվտանգ ու խաղաղ քաղաքական ապագա: Սա չի պարտակում մարդկանց «կատաղեցնող» քայլերը: Սա մարդկանց արհամարհել է նշանակում ու սա ուղիղ ճանապարհ է դեպի այնտեղ, որտեղ են հիմա Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու էլի ուրիշներ:

Անդրանիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ