Քաղաքապետարանը «Ալյանսի» հայտը մերժել է, «Բևեռինը»` բավարարել

Քաղաքապետարանը «Ալյանսի» հայտը մերժել է, «Բևեռինը»` բավարարել

Հարցազրույց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:

- Վաղը ընդդիմադիր ուժերի հանրահավաքն է նախատեսված: «Ալյանսը» մասնակցելո՞ւ է դրան:

- Ես վաղը մեկնում եմ Մոսկվա, իսկ թիմակիցներս պատրաստվում են մի շարք ակցիաների:

- Այսինքն` չե՞ք մասնակցելու ընդդիմության կազմակերպած հավաքին:

- Ոչ: Ընդդիմության սպասվող հավաքների ժամանակ իշխանափոխության բովանդակության կոչ կա՞: Ունե՞ն նման կոչ: Ես հետևում եմ նրանց հայտարարություններին: Նրանք ասում են, որ պետք է միահամուռ ուժերով փրկել երկիրն այս վիճակից և այլն: Խնդիրը ո՞րն է: Դրվե՞լ է իշխանությունից ազատվելու կոչ:

- Նշում եք, որ «Ալյանսը» առանձին ակցիաներով է հանդես գալու: Իսկ այդ հավաքները ե՞րբ եք նախատեսել:

- Ապրիլի 3-ի և 17-ի համար «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Աշոտ Գալստյանը Ազատության հրապարակում ակցիա կազմակերպելու հայտ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանից մերժել են նշելով, թե քանի որ «Ալյանսը» մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցության կողմից, իսկ նույն տեղի համար, նույն օրը հայտ ներկայացնող «Ազգային ժողովրդական բևեռը» ճիշտ հակառակը` կարծում է, որ Ռուսաստանի հետ պետք է խզել հարաբերությունները, այդ պատճառով էլ մերժում ենք ձեզ, հնարավոր բախումներից խուսափելու նպատակով:

Նշեմ, որ «Բևեռին» թույլատրել են ակցիա կազմակերպել: Հետո նորից ենք հայտ տալիս, արդեն ամսի 17-ի համար, սակայն նույն հիմնավորմամբ մերժում են նաև դա: Ամեն դեպքում տպավորություն չստեղծվի, որ «Ալյանսը» դեմ է ընդդիմության հավաքին: Մենք ողջունում ենք ընդդիմության գաղափարը, սակայն ցանկանում ենք լսել այն հստակ ձևակերպումը, որ հանրահավաքը նախատեսվում է իշխանափոխություն անելու համար: