7 մարդ է մահացել Աֆղանստանում բողոքի ցույցի ժամանակ 

7 մարդ է մահացել Աֆղանստանում բողոքի ցույցի ժամանակ 

Աֆղանստանում պարենի բաշխման կարգի դեմ բողոքի ցույցի ժամանակ առնվազն յոթ մարդ է մահացել, որոնցից չորսը քաղաքացիներ են, երկուսը՝ ոստիկան եւ մեկը՝ լրագրող։ Ցույցը եղել է Գոռ նահանգում։ Այս մասին հայտնում է TOLOnews-ը։ Ցույցը կազմակերպվել է այն պատճառով, որ շատ քաղաքացիներ կարծում են, որ օգնության համար նախատեսված սննդամթերքը բաշխվում է ոչ արդարացի կերպով։ Տուժել է նաեւ 10 ոստիկան եւ ինը քաղաքացի։ Reuters լրատվական գործակալության փոխանցման համաձայն, ցույցին մասնակցել է մոտ 300 մարդ։ Ցուցարարները փորձել են մուտք գործել նահանգապետի նստավայր։ Նրանք նաեւ կրակել են, ինչից հետո ոստիկանությունը հրազենի գործադրմամբ ուժ է կիրառել։ Նշենք, որ սննդամթերքի տեսքով օգնության բաժանումը կառավարությունն իրականացնում է կորոնավիրուսային պանդեմիայի շրջանում բնակչության սոցիալական բեռը թեթեւացնելու համար։