Արոն չի գիտակցում…

Արոն չի գիտակցում…

Զարմանալի է, թե որքան անինքնասեր կարող է լինել անձը՝ եթե ներառված է մեր երկրում գործող իշխանության վերնախավում: Հետո էլ նայում ենք մեր շուրջը և զարմանում, թե ուր է կորել ազգային արժանապատվությունն այս ջահելների շրջանում: Մոռանալով, որ եթե առկա չէ անհատական արժանապատվություն, ապա որտեղի՞ց պետք է ծնվեր ու սնվեր ազգայինը: Եվ առաջինի բացակայությունը, բնականաբար, պետք է հիմք հանդիսանար երկրորդի չլինելուն: Իսկ թե «ինչո՞ւ հենց այդպիսի անձինք հայտնվեցին իշխանությունում» հարցին պատասխանում է տարիներ առաջվա իմ անձնական փորձառությունը: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական նախաձեռնության հենց առաջին օրերին նրա հետ շփման իմ  փորձառությունը: Ինչը նամակագրական (էլեկտրոնային) երկխոսության տարբերակով կարճ ժամանակ անց ավարտվեց իմ հեռանալով և իր գործին հաջողության մաղթանքով: 2013-ին ինչ իմանայի, որ նրա գործն արհավիրք է բերելու Արցախի ու Հայաստանի վրա:

Ինչևէ, այս կարճ նախաբանից անցում կատարեմ վարչապետ Փաշինյանի կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարար նշանակված անձին: Նրան ևս բազմիցս անդրադարձել եմ թե՛ սոցցանցային հարթակում և թե՛ «Հրապարակ»-ի էջերում: Բայց ոչ այն հաճախականությամբ ինչ իրեն այդ պաշտողին նշանակողին: Նրա առումով ևս չունեմ դրական վերաբերմունք: Ինչը ևս գալիս է տարիների խորքից: Կարծեմ նույն 2013 (թե՞ հաջորդ) թվականին առաջին անգամ լսել եմ նրա անունը: Վերջինս ԵՊՀ-ում դասախոսի աշխատանքը կորցրել էր, քանի որ համարձակվել էր ուսանողներին ինչ-որ նյութ ներկայացնել (այդ փաստն, ի դեպ, առկա չէ նրա պաշտոնական կենսագրությունում): Դա պատճառ դարձավ, որպեսզի ֆեյսբուքում ի պաշտպանություն Արոյի շարժում նախաձեռնեի: Նույնը նախաձեռնել էր նաև նրա կինը, իսկ ինքն այնպես էլ չեևաց այդ հարթակում: Հետո ինքն աշխատանքի անցավ գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի բարեգործական IDEA հիմնադրամում: Հետաքրքիր է՝ հիշում է, արդյոք, ինքն այդ տարիները և անձամբ ինչ-որ բան արել է ի պաշտպանություն գերեվարված Վարդանյանի: Թե դրա համար ինքը չի ստացել իր վերադասի թույլտվությունը:  

Ինչևէ, անցնենք ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում ԱԳ նախարարության տարեկան չորս ժամանոց հաշվետվության մեկ-երկու դրվագի: Նախարար Միրզոյանն, իր ասելով, չէր կարող չարձանագրել, որ «դիրքորոշումները որոշ մարդկանց կողմից, որոշ մարդկանց կողմից Ադրբեջանում և որոշ մարդկանց կողմից Ռուսաստանում զարմանալիորեն գրեթե իդենտիկ են»։ Իսկապես, այդ հարցը՝ հատկապես Ադրբեջանի առումով, հուզում է ոչ միայն իրեն, այլև հայրենասիրական զգացումներ ունեցող բազմաթիվ հայաստանցիների: Մենք չենք կարող չնկատել, որ թշնամի երկրի ղեկավար Ալիևի խոսույթն անմիջապես ընդօրինակվում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի (հիշենք Իլհամից անմիջապես հետո Սյունիքի հայկական գյուղերի ադրբեջանական անվանումների շրջանառումը վերջինիս կողմից), նրա տիկնոջ (հիշենք 11 հազար դասալիքների մասին իլհամական նաղլը) և իշխանական ողջ վերանախավի կողմից: Այնպես որ առանց անուններ տալու՝ «Հայաստանում որոշ մարդկանց» հիշատակումից առաջ ճիշտ կլիներ, եթե Միրզոյանը թարմացներ իր հիշողությունը «Հայաստանում որոշ այլ մարդկանց» վարքագծի առումով: 
Անուղղակիորեն մեղադրելով ընդդիմությանը ռուսական կողմնորոշման և նոր պատերազմ սանձազերծելու մեջ՝ Արոն չի գիտակցում, որ հենց իրենց գործադրած ջանքերի շնորհիվ երկիրը հայտնվեց թյուրքախոս երկու թշնամիների երախում: Իսկ Արևմուտքը, որի օժանդակության հույսով իրենք թշնամացան ռազմավարական դաշնակցի հետ, մտահոգություն հայտնելուց զատ ոչինչ չի անելու մեր երկրի համար: Ավելին, մեզ դրդում է ավելի «համարձակ» թշնամանալ ՌԴ-ի հետ, որպեսզի ամբողջությամբ ապահովվի պարտվողական խաղաղությունն արևելյան թշնամու հետ: Ի դեպ, դա այն Արևմուտքն է, որ շարունակում է ֆինանսական և ռազմական օգնությունն Ուկրաինային, որպեսզի այդ երկիրը չկնքի նույնանման համաձայնագիր Ռուսաստանի հետ: 

Արոն չի գիտակցում, որ իրենց սցենարները մեզ չեն տանելու զարգացման ու բարգավաճման, քանի որ մենք որպես սեպի ենք մնացել Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում: Վերջինս չի գիտակցում, որ հիմա էլ Սյունիքի առումով Ռուսաստանի Կալինինգրադի մարզի շուռ տված  կարգավիճակը պահանջելը նույն «Զանգեզուրի միջանցքն» է՝ մեկ այլ փաթեթավորմամբ: Որ նման պայմաններում ՀՀ-ի գոյատևումը նշանակում է հենց թյուրքախոս երկու թշնամիների զարգացման ու բարգավաճման տեսլական: Ինչ մնում է ՀՀ ժողովրդի պատվերին, ապա դրանում չկար Արցախն ամբողջությամբ թշնամուն հանձնելու դրույթը: Եվ ոչ էլ Հայաստանի տարածքը հանձնելու դրույթը: Եվ եթե իրենց իշխանությունը լիներ իրապես ժողովրդավարական, ապա հրաժարական կներկայացներ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին: Ու կզբաղվեր մեղքերը քավելով և ոչ թե կրկին կվերադառնար նախկին կարգավիճակին: