Դոու Ջոնսն ու Սաշիկը

Դոու Ջոնսն ու Սաշիկը

Անվերջ կարելի է կարդալ Նիկոլ Փաշինյանի՝ մինչ 2018 թվականը հնչեցրած ելույթները եւ հիանալ այն եռանդով, այն հետեւողականությամբ, այն բծախնդրությամբ, որով նա քանդում էր նախկին իշխանությունների հիմքերը՝ հատու եւ ուժգին հարվածներ հասցնելով նրանց։ Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ այդ հարվածները լինեին ճշգրիտ եւ բխեին ռեալ իրականությունից կամ հիմնված լինեին ստուգված փաստերի վրա։ Հակառակը՝ հանրությունը շատ ավելի մեծ սիրով ու ոգեւորությամբ լսում էր նրա հրապարակած «օդից կախված լուրերը» եւ երբեք կասկածի տակ չէր դնում նրա փոխանցած ինֆորմացիան։

Ահա՝ 2016 թվականի հոկտեմբերյան մի օր նա ամբիոնից ելույթ է ունենում (այսօրվա ընդդիմությունից նման մի ելույթ լսելու կարոտ մնացինք մենք) եւ ասում է․ «Երբ որ էստեղ խոսում են, թե ինչու Հայաստան ներդրում չի գալիս, եւ խոսում են ինչ-որ գործակիցների մասին, մոռանում են ամենակարեւորի մասին, ասել եմ՝ եթե ուրիշ երկրներում կարեւոր է Դոու Ջոնսի կամ Նազդակի գործակիցը, ՀՀ-ում վճռականը Սաշիկի գործակիցն է։ Ընդ որում՝ սա ոչ միայն վերաբերում է կոնկրետ անձի, այլ էն համակարգին, էն տնտեսական շահերին, որ մշտապես ներկայացված են ԱԺ-ում եւ իշխանության մեջ։ Հիմա պատրաստվո՞ւմ է արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությունը որեւէ բան անել Սաշիկի գործակիցը որեւէ ձեւով չեզոքացնելու համար»։

Խոսքը, բնականաբար, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի մասին է, որը «50/50 փայ էր մտնում» բոլոր բիզնեսներում եւ, ըստ Փաշինյանի, խանգարում, որ Հայաստան ներդրումներ գան։ Ճիշտ է՝ 2018-ից հետո ողջ պետական համակարգն աշխատեց, որ Սաշիկի 50 տոկոսները հայտնաբերի, եւ ոչ մի հաջողություն չունեցավ, բայց փաստ է, որ «Սաշիկի գործակիցը» չեզոքացված է, սակայն ներդրումների հոսքն էլ կարծես չի աճել։