Սա երրորդ Հանրապետության ամենամեծ ճգնաժամերից մեկն է

Սա երրորդ Հանրապետության ամենամեծ ճգնաժամերից մեկն է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

- Պարոն Ղուկասյան, Ադրբեջանը համառորեն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը չի բացում, եթե մի քանի օր առաջ արցախցիները հույս ունեին, որ թշնամին կնահանջի, ապա այժմ Արցախում այլ տրամադրություններ են: Օրերն անցնում են, ճանապարհը չի բացվում, Արցախում արդեն պարենային ճգնաժամ է հասունանում: Խնդրի լուծումը Դուք ինչպե՞ս եք տեսնում:

- Սա կարելի է ասել Երրորդ հանրապետության ամենամեծ ճգնաժամերից մեկն է, երբ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի անզոր է որևէ ձևով իրավիճակը վերահսկել: Այսօր տեղի ունեցողը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ուղիղ հետևանքն է:

- Ի՞նչ կարող են այսօր անել Հայաստանի իշխանությունները, ի՞նչ կարող է անել Ռուսաստանի Դաշնությունը, և վերջապես, ի՞նչ կարող է անել Արևմուտքը` ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

- Ռուսաստանի թույլտվությամբ Ադրբեջանի քաղաքացիները ներթափանցել են հատուկ պաշտպանվող տարածք: Լաչինի միջանցքը հատուկ պաշտպանվող տարածք է, հետևաբար ադրբեջանցիներն առանց ռուսական կողմի թույլտվության Լաչինի միջանցքում հայտնվել չէին կարող: Չեմ կարծում, թե Ռուսաստանն ու իր քաղաքական ղեկավարությունն, ինչպես նաև զինվորական մարմինները, փորձում են, կամ ցանկանում են ինչ-որ կերպ խոչընդոտել ադրբեջանական հերթական սադրանքը: Պարզ է, որ ադրբեջանցիները ոչ թե քաղաքացիական, այլ կոնկրետ քաղաքական հարցեր են փորձում լուծել: Այսօր Ռուսաստանից սպասելիքներ ունենալու հիմքեր բացարձակապես չկան:

- Արցախահայության վերջին հույսը կարծես Ռուսաստանն ու ռուս խաղաղապահներն են: Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերն, այսպես ասած, լվացել են Արցախի հարցից, հավաքական Արևմուտքի կողմից էլ կոչերից և հորդորներից բացի այլ գործողություններ չենք տեսնում:

- Արցախում տեղակայված ռուս զինվորները խաղաղապահներ չեն: Ոչ ԵԱՀԿ-ն և ոչ էլ ՄԱԿ-ը նրանց որպես խաղաղապահ չի ընկալում: Այս պարագայում միջազգային հանրության դիրքորոշումը շատ կարևոր է: Ռուսական ներկայությունն Արցախում միջազգային հանրության մոտ ընկալվում է զուտ որպես հրավեր: Արցախն այսօր պատանդ է: