Ինչ կտա Մարիա Պեյչինովիչի այցը Հայաստանին 

Ինչ կտա Մարիա Պեյչինովիչի այցը Հայաստանին 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։ Միրզոյանը կարևորել է ՀՀ-ի և Եվրախորհրդի միջև համագործակցության կարևորությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: 

Մարդու իրավունքների պաշտպանության մասին Միրզոյանի խոսքն, իհարկե, բավականին հնչեղ է՝ հատկապես այսօր առավոտյան ԱԳ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ֆոնին։ Ընդդիմադիր մի շարք գործիչներ, հանրային գործիչներ քաղբանտարկյալների պաստառներով կանգնել էին ԱԳՆ շենքի առաջ, իսկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն և AntiFake.am կայքի խմբագրությունը նամակ հանձնեցին Պեյչինովիչին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնց մի մասն այդ կարգավիճակում է հայտնվել ազատ խոսքի իրենց իրավունքից օգտվելու համար։ Պեյչինչովիչի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանն ընդգծել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումից հետո Եվրախորհրդի արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարևորությունը։ Մնում է հասկանալ, թե այդ արձագանքը ինչ օգուտ տվեց արցախցիներին կամ մեզ։ 

Պակաս զարմացնող չեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների շուրջ մտքերի փոխանակումը, ինչի առնչությամբ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Բայց այդ ջանքերը կարծես չեն երևում։ Չնայած ինչու ենք զարմանում, նույն Փաշինյանը Եւրախորհրդի ամբիոնից իրեն ու իր կառավարությանն էր գովերգում՝ արցախցիներին աջակցելու, նրանց տեղավորելու և այլ հարցեր լուծելու համար։ 

«ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելիության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը»-ասվում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Միրզոյանը երևի չի կարևորել Ադրբեջանի կողմից թշնամանքի առկայությունը կամ էլ իր ղեկավարի պես կարծում է, թե իրենց կողմից դրսևորվող միակողմանի զիջողականությունն ու անընդհատ գլուխը կախ թշնամու հրահանգները կատարելը կանգնեցնելու է այդ «հեզությունից» էլ ավելի կատաղող թշնամուն։

Բնականաբար, հավաքական Արևմուտքը ներկայացնող հերթական բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, ինչպես նաև Միրզոյանի կողմից իր կառավարության իղձը որպես հայ ժողովրդի որոշում ներկայացնելու ցանկությունը, դիտարկվում է որպես հակառուսական հերթական վառ դրսևորում։ Սակայն, դա այս իշխանություններին քիչ է հուզում, որովհետև Հայաստանի վրա, թե անվտանգային, թե տնտեսական ու թե էներգետիկ մեծ լծակներ ունեցող Ռուսաստանի պատժամիջոցներն իրենց վրա որևէ կերպ չեն ազդելու՝ ամբողջ ծանրությունն ընկնելու է հայ ժողովրդի, մի կտոր հացը չարքաշ աշխատանքով վաստակող մարդկանց ուսերին։ 

Ամենայն հավանականությամբ, այս այցի, ինչպես և նախորդող, գուցե հաջորդող այցերի նպատակը ռուսական գործոնի դուրսմղումն է այս տարածաշրջանից, ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի լարումը, ինչը մեծ սիրով կատարում են ՀՀ ներկա իշխանությունները։ Պեյչինովիչի այցը, ինչպես նաև եվրոպացի կամ արևմտյան ցանկացած գործչի այցը հիշեցնում է մատաղից առաջ մորթվող գառի գլուխ շոյելու քայլ, որը որևէ կերպ չի կանգնեցնում գառի մորթվելը։ Այնուամենայնիվ, որքան էլ Փաշինյանն ու Միրզոյանը Եվրոպային անվերջ հավատարմության խոստումներ են տալիս, Եվրոպան միայն հայտարարություններ կամ բանաձևեր է ընդունում, որոնք կրում են միայն խորհրդատվական բնույթ, իսկ կոնկրետ խոստումներ տալուց խուսափում է։ 

Հ․Գ․ Հերթական այցը բնականաբար չի վրիպել նաև ռուսների աչքից, ովքեր քարոզչամեքենան գործի դրած ցույց են տալիս, թե հայկական կողմն ինչպես է մտերմանում իր դաշնակցի հետ թշնամի պետությունների հետ։