«Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի համագործակցությունն ավարտվում է. «Ալավերդի-2» օպերացիա՞ են ուզում իրականացնել

«Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի համագործակցությունն ավարտվում է. «Ալավերդի-2» օպերացիա՞ են ուզում իրականացնել

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ երեկ «Բալասանյան դաշինքը» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկել են հուշագիրը խզելու հարցը: Այն կնքել էին 2021-ին եւ Գյումրիի 4-րդ քաղաքապետ ընտրվեց ամենաշատ ձայները ստացած «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերի աթոռները բաժին հասան ՔՊ-ին։ Բանն այն է, որ այդ հուշագրի կնքումից հետո ՔՊ-ի եւ Բալասանյան դաշինքի ջրերը նույն առվով չհոսեցին, քաղաքապետարանի մեր աղբյուրների պնդմամբ, ՔՊ-ն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դրածո Վարդգես Սամսոնյանի քաղաքապետ ընտրվելու փաստի հետ երբեք էլ չի համակերպվել եւ յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործել է նրան պաշտոնաթող անելու։ Հատկապես վերջին շրջանում մենք նույնպես բազմիցս անդրադաձել ենք Սամսոնյանի եւ ՔՊ-ական փոխքաղաքապետերի լարված հարաբերություններին, որի կուլմինացիոն կետը երեկ է եղել։ Նշենք,որ փոխքաղաքապետերից մեկը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է՝ Վահագն Մկրտչյանը, մյուսը՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին՝  Արթուր Պապիկյանը։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վարդգես Սամսոնյանն անձամբ տեղեկացրել է փոխքաղաքապետերին, որ «Բալասանյան դաշինքը» պատրաստվում է խզել հուշագիրը՝ հետագա համագործակցության եզր չտեսնելով, բայց Սամսոնյանը չի պատրաստվում թողնել քաղաքապետի պաշտոնը, պատրաստ է մյուս երեք ընդդիմադիր ավագանու ուժերի հետ նոր հուշագիր կնքել։ 

Սակայն կան նաեւ տրամագծորեն հակառակ լուրեր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է բոլոր այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի տնօրինում իշխանությունը, Ալավերդու նմանությամբ իշխանազավթման գործընթացներ իրականացնել եւ այս կամ այն եղանակով խլել ՏԻՄ իշխանությունը: Նկատենք, որ գրեթե բոլոր խոշոր համայնքներում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտություններ էր կրել, սակայն շատ քիչ տեղերում թույլ տվեց, որ ընտրված իշխանությունները պաշտոնավարեն եւ տեղական իշխանություն ձեւավորեն` այնտեղ, որտեղ կարողացան խլեցին իշխանությունը, այդ թվում` Գյումրիում, որտեղ Բալասանյանների ընտանիքի հետ գործարքի գնացին` զիջեցին միայն քաղաքապետի պաշտոնը, բայց վերցրին մնացածը եւ դրա դիմաց Սամվել Բալասանյանի որդին դեսպան նշանակվեց Իրաքում:
Ուշագրավ է, որ երեկ նաև տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց։ Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի, կուսակցության Տարածքային կազմակերպությունների Նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր։ Մեր տեղեկություններով՝ վարչապետին է ներկայացվել «Բալասանյան դաշինքի» մտադրությունը:  Իսկ  Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հրահանգել են  վայր  դնել  մանդատները,  բոյկոտել, պահանջել նոր ընտրություններ՝  փորձելով այսկերպ իշխանությունը պահել ձեռքում։

Այս խոսակցությունների ֆոնին եւ «Բալասանյան դաշինքի», եւ ՔՊ-ի ավագանու անդամները հրաժարվեցին մեզ որևէ մեկնաբանություն տալ, իսկ ահա ՀՀԿ Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես այս պահին նմանատիպ պաշտոնական տեղեկություններ չունեմ, իսկ ինչ վերաբերում է խոսակցություններին, ապա նշեմ, որ ամբողջ երկրով մեկ իշխանությունները փորձում են ապակայունացնել իրավիճակը, հերթական անգամ գնում են ոչ թե քաղաքական դաշտը կայունացնելու, այլ այլասերելու ճանապարհով։ Ասածիս վառ օրինակը Վանաձոր, Ալավերդիի և այլ համայնքներում տիրող իրավիճակն է։ Ինչ վերաբերում է Գյումրիին, մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը,կատարում ենք ուսումնասիրություններ, հարկ եղած դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»։