«Հրապարակ». Ելույթներում խուսափել ագրեսիայից, հագնվել համեստ

«Հրապարակ». Ելույթներում խուսափել ագրեսիայից, հագնվել համեստ

Մենք մի քանի օր առաջ ներկայացրել էինք, որ ընդդիմությունը հանրահավաքների մասնակիցներին համառոտ ուղեցույցներ է տրամադրել՝ ինստրուկցիաներ, թե ինչ է պետք անել հանրահավաքների ժամանակ, ինչպես պահել իրենց, ինչ չանել եւ այլն։ Մեր հրապարակումից հետո մեզ հետ կապված ընդդիմադիրներից մեկը լրացրեց այդ ցանկը, որը մենք հրապարակել էինք։ Ասաց, որ ելույթների մասով էլ են որոշակի ցուցումներ տալիս։ Օրինակ, որ բանախոսներն իրենց ելույթներում շեշտեն, որ այս պայքարը ոչ թե քաղաքական է, այլ՝ ժողովրդական, գոյաբանական, արժեհամակարգային, պատվի խնդիր։ Առաջարկվում է, որ բոլորը խոսեն միասնականության, համախմբման անհրաժեշտության մասին՝ «Նիկոլը մեզ բաժանեց, կռվացրեց, որ տիրի, երբ մենք միավորվենք, Նիկոլը պարտվելու է»։

Մի շատ կարեւոր հանգամանք էլ են շեշտում գաղափարախոսները, որ չպետք է լինեն դաշնակցականներ, հանրապետականներ, քոչարյանականներ, սերժականներ կամ վանեցյանականներ, այլ պետք է քարոզվեն հայկականությունը, հայրենասիրությունը եւ համընդհանուր ջանքերով հաջողության հասնելու հրամայականը։ Պետք է նաեւ խոսել Նիկոլին հեռացնելուց հետո ծագող խնդիրների՝ լուծումների եւ ելքերի, ընդդիմության անելիքների մասին։ Առաջարկվում է նաեւ խոսքում չօգտագործել ագրեսիա, պիտակներ, անգամ ուժայիններին դիմելիս պետք է խոսել կոռեկտ եւ առանց վիրավորելու, շեշտել, որ նրանք էլ են հայրենասեր ու հայրենիքի համար պատրաստ ամեն ինչի, ուղղակի պարտականություն են կատարում, մոտավորապես այսպես՝ Նիկոլն ինչ-որ պահի թռնելու է, դուք ի՞նչ եք անելու։ Եվ, առհասարակ՝ մարդկանց հետ, անգամ՝ նիկոլականների, պետք է խոսել հանգիստ, բացատրելով, համոզելով, սիրաշահելով։ Խոսել պարզ ու հասկանալի լեզվով՝ առանց բարդ ու խրթին ձեւակերպումների։ Ելույթ ունեցողներին խորհուրդ են տալիս ժպտալ, կատակել, չօգտագործել բռնություն եւ հայհոյանք պարունակող բառեր, հագնվել պարզ եւ չզարդարվել։ Ինչպես նաեւ խոսքում անընդհատ անդրադառնալ Արցախին, արցախցիների հանդեպ ջերմություն եւ սեր քարոզել։