Հասան նրան, որ քննարկում ենք ոչ թե Արցախի կարգավիճակը` Ադրբեջանից դուրս, այլ Հայաստանի կարգավիճակը` թուրքական աշխարհում
«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հիսուսը առաջին հեղափոխականն էր։ Սա քաղտեխնոլոգիա՞ է, որից որոշել է օգտվել նա, թե՞ նոր քննարկման թեմա։
- Եթե Փաշինյանի խոսքերը հասարակության մի մեծ հատված անհաջող կատակ է ընկալել կամ մեծամտության դրսևորում կամ նման մի բան, ավելի ճիշտ է իրողությունները գնահատել քաղաքական տեսանկյունից։ Երբ ինքն իրեն համեմատում է Հիսուսի հետ կամ իր կուսակցությունը Հիսուսի հետ, ի՞նչ է ֆիքսում, որ իր կուսակցությունը մի քանի անգամ մահացել է և դրանից հետո հարություն է առել։ Փաշինյանը մի քանի անգամ հրաժարական է տվել և դրանից հետո կարողացել է կրկին վերականգնել իր իշխանությունը։ Ճիշտ է, երբ ինքը հրաժարական էր տալիս, իրականում իշխանությունից չէր հեռանում, չէր հրաժարվում, շարունակում էր պաշտոնակատար մնալ, բայց նա ֆիքսում է մի պարադոքսալ իրողություն, որ հայ ժողովուրդն ունենալով մի քանի հնարավորություն` մերժելու այս իշխանությանը, ապահովել է «Քաղաքացիական պայամանագրի» և իր հարությունը։ Այստեղ ես կարծում եմ ինքը երևի իր տարակուսանքն է հայ ժողովրդից հայտնում, թե ինչպես են այդ ամենից, իր ու իր թիմի բերած ավերից հետո շարունակում պաշտոնավարել Հայաստանում, հետևաբար այս հայտարարությունը ավելի շատ քմծիծաղոտ զարմանքի դրսևորում է։
- Բրյուսելում Բլինքենի և Ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից ի՞նչ ակնկալել։
- Տարբեր գնահատականներ կան, թե ինչ կարելի է սպասել բրյուսելյան հանդիպումից, օրինակ, ինչ-որ փաստաթուղթ կարող են ստորագրել, այսպես կոչված, անվտանգության երաշխիքների վերաբերյալ, մոտավորապես այնպիսի փաստաթուղթ, որը ժամանակին Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրեցին։ Բայց եթե ուսումնասիրեք այդ փաստաթուղթը, կտեսնեք, որ իրական պարտավորությունները ռազմական առումով իր վրա միայն Ուկրաինան է վերցրել։ Եթե տեղեկությունները, որոնք մամուլում էին հայտնվել, որ հանդիպմանը կարող է մասնակցել USAID-ի ղեկավար Սամանտա Պաուերը, կարող ենք հասկանալ, որ հանդիպումը կարող է լինել ավելի շատ տնտեսական որոշակի հարցերի վերաբերյալ և ստորագրվող փաստաթուղթը, որի մասին իշխանական քարոզիչներն այսքան լայնորեն խոսում են՝ դրան կարող է վերաբերվել։ Իսկ ինչի՞ մասին կարող է լինել փաստաթուղթը․ հիշո՞ւմ եք, ամիսներ առաջ Ջեյմս Օ՛Բրայանը Կոնգրեսում խոսում էր այն մասին, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից տարբեր ոլորտներում՝ հացահատիկից մինչև դրամական փոխանցումների ծավալ և այլն։ Միգուցե որոշ չափով փաստաթուղթը վերաբերելու է սրան, փորձելու են ինչ-որ կոմպենսացիա տալ Հայաստանին, բայց, իհարկե, դա չի կարող փոխլրացնել այն, ինչ մենք կկորցնենք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո։ Ես այստեղ կոնկրետ տնտեսական կոմպոնենտի մասին եմ խոսում։ Եթե այդ հանդիպման ընթացքում ստորագրվի մի փաստաթուղթ, որը դե յուրե և դե ֆակտո կամրագրի Հայաստանի արտաքին վեկտորի ոչ թե փոփոխությունը, այլ փոփոխությանն ուղղված հստակ քաղաքականությունը, դա Ադրբեջանի համար կարող է ընկալվել որպես ապացույց առ այն, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները իրենց պատմական մինիմումին են հասել, իսկ այդ իրավիճակներից սովորաբար օգտվում են և ռազմական գործողություններ իրականացնում։ Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի պետականությունը ուղիղ կապված է Ռուսաստանի հետ փոխհարաբերություններից։ Մեր իշխանություններն, իհարկե, սա կարող են տարբեր կերպ մեկնաբանել, բայց մեր տարածաշրջանի խաղացողները շատ լավ դա հասկանում են։ Հետևաբար, բրյուսելյան հանդիպումը տեսնենք, թե ինչ զարգացումներ մեզ կբերի, բայց այն ակնկալիքները, այն տեսլականը, որ ունի Ադրբեջանը հայ-ռուսական փոխհարաբերությունների սրման կոնտեքստում լուծել իր խնդիրները՝ դա ակնհայտ է։
- Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը գրել է, որ Ադրբեջանը ծրագրում է հարձակվել Հայաստանի վրա՝ խափանելու համար Փաշինյանի հանդիպումը Բլինքենի հետ, ճիշտ է` գրել էր, որ Զատիկին են հարձակվելու, բայց ամեն դեպքում։
- Ինչո՞ւ է Բալայանը հանդես գալիս նման հայտարարություններով՝ ես չգիտեմ, բայց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է հարձակման, ավելին, իրենք նաև տեղեկատվական ֆոն են ստեղծում դրա համար, կարծում եմ, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ ու այս հայտարարությունները, այս հայտարարությունային դիվանագիտությունը, որ մեր իշխանությունները որդեգրել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Պրահայից հետո, երբ հայտարարությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հետագայում Փաշինյանի թիմակիցներից ՝ Էդմոն Մարուքյանի հայտարարությամբ, պետք է որ ավելի հստակ տեղեկանայինք, որ այն պարտավորությունները, որ իր վրա էր վերցրել ԵՎրախորհուրդը, իրենք չկատարեցին: Տեսնում ենք, որ Փաշինյանի որդեգրած հայտարարային դիվանագիտությունը ոչ միայն չի նպաստում անվտանգային համակարգի արդիականացմանը, այլև այդ քաղաքականությունը մեզ տանում է նրան, որ մենք թուրքական հարեմում ենք հայտնվելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
- Արևմտյան հարթակներ Ալիևը հրաժարվում է գնալ, Փաշինյանը մշտապես մեկնում է։
- Ալիևն արևմտյան հարթակներից այս պահին առնվազն ստացել է իր համար մաքսիմալը, ստացել է Արցախը` առանց հայերը, ստացել է Արցախը` առանց այդ տարածքի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների՝ ինքը հիմա գնա Արևումտքի հետ ի՞նչ բանակցի։ Ի՞նչ են քննարկելու: Հաջորդիվ քննարկելու են Հայաստանի կարգավիճակի հարցը։ Բայց, կարծում եմ, Ադրբեջանն ավելի հակված է նրան, որ հնարավորինս մինչև բանակցությունները թուլացնի Հայաստանի դիրքերը՝ դրան է ուղղված Տավուշի գյուղերի հարցը բարձրացնելը, գետնի վրա վատացնի Հայաստանի դիրքերը, հետագայում գնա ինչ-որ բանակցությունների արևմտյան հարթակում, Արևմուտքից ինչ-որ բաներ ստանա` Հայաստանից արդեն, հետո այդ փաթեթը վերցնի ու գնա ռուսական կողմի մոտ, ու ասի՝ Արևմուտքը մեզ Հայաստանից տալիս է սա, սա, սա, եթե մենք բանակցություններին մասնակցում ենք արևմտյան հարթակում, եկեք մեզ առաջարկեք ինչ-որ մեկ այլ բան, որի դիմաց մենք կհամաձայնենք միայն ձեր հարթակում բանակցություններ վարել։ Սա դիվանագիտություն է, իրականում շատ բարդ բան էլ չի և Ադրբեջանը հենց այս ճանապարհով է շարժվում։
- Փաշինյանը կկարողանա՞ Եվրամիության անդամ դառնալու հեռանկարը «վաճառե՞լ» հայ հասարակությանն ու դրանով ապահովել իր պաշտոնավարման շարունակությունը, դեպի ԵՄ ճանապարհն ընտրել՝ իբր թե պատերազմ չլինելու դիմաց։
- Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված բոլոր քաղաքական փորձարկումները 2018 թվականից սկսած, սկսած նրանից, թե` եկեք վստահենք երկրի կառավարումը, ճիշտ է` անփորձ, բայց ոչ կոռումպացված կադրերին, եկեք ռազմական շրջանների ղեկավարներին փոխենք, եկեք Արցախի Պաշտպանության բանակում, Հայաստանի ՊՆ-ում կարևորագույն պաշտոնները զբաղեցնող մարդկանցհանենք, փոխենք, եկեք հայտարարենք, որ բանակցությունները սկսում ենք զրոյական կետից... այս բոլոր քաղաքական փորձարկումները հանգեցրել են մի բանի, որ հիմա բանակցությունների սեղանի շուրջ քննարկում են ոչ թե Արցախի կարգավիճակը` Ադրբեջանից դուրս, այլ Հայաստանի կարգավիճակը` թուրքական աշխարհում, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Թե մեր հասարակությունը ինչպիսի քաղաքական գնահատական կտա մեր իշխանություններին` Եվրամիության և այլնի հետ կապված, ցույց կտա մոտակա ժամանակը։ Բայց անկախ ամեն ինչից, այն մարդիկ, ովքեր այսօր ներգրավված են ինչ-որ քաղաքականության մեջ, պիտի մի պարզ բան հասկանան, եթե նույնիսկ ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն 2026 թվականի ընտրություններին, որոնք այս իշխանությունները, իմ տպավորությամբ, փորձում են վերջինը դարձնել, այդ մարդիկ ի՞նչ են ասելու հասարակությանը։ Իրենք հասկանո՞ւմ են, որ մեկուկես տարի հետո էլ կյանք կա։ Միգուցե ես շատ պոզիտիվ եմ, երբ ասում եմ, որ մեկուկես տարի ժամանակ մենք դեռ ունենք այս քաղաքականությամբ, բայց, այս հարցը շատ տրամաբանական է՝ ի՞նչ են ասելու։ Այն մարդիկ, ովքեր այսօր հստակ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ոչ միայն աշխարհաքաղաքական աճուրդի է հանել, այլև դուրս է բերել աշխարհաքաղաքական կառափնարանի ու Ռուսաստանի դեմ գործիքի է վերածել, այդ մարդիկ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների լարման վերջնարդյունքը ընդհանրապես պատկերացնո՞ւմ են նաև իրենց համար։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է այս հատվածը, թե քաղաքական պատասխանատվության տեսանկյունից` այն մարդիկ, ովքեր այս իշխանության շուրջ կան, իրենք ընդհանրապես պատկերացնո՞ւմ են մենք ուր ենք գնում, իրենք ի՞նչ են ասելու և անձամբ իրենք ի՞նչ ապագա են ունենալու այն Հայաստանում, որն իրենց ձեռքերով են կերտում։
- Փաշինյանը տեղափոխվել է չինական Տիկ-Տոկ։ Ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ հարցեր է այդպիսով լուծում։
- Մեդիափորձագետներն այս մասով արդեն կարծիք հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է երբեմնի աջակցության մակարդակը ֆեյսբուքում։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չի, որ կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումներին հետևող քաղաքացիների քանակը, իշխանությունների համար դրական կոնտեքստով մեկնաբանությունների քանակը ահռելիորեն կրճատվել է` եթե համեմատենք 2018 թվականի հետ, նույնիսկ 2020 թվականի հետ եթե համեմատենք։ Այսինքն, դրական գնահատականը ֆեյսբուքյան այդ ստաբիլ մասսայի մոտ բավակնին բացասական է դարձել։ Փաշինյանն իր համար նոր ականջներ է փնտրում, նոր աուդիտորիա է փնտրում, որտեղ ապաքաղաքական, նոր պայմաններում կկարողանա իր մտքերը հասցնել հասարակությանը։ Միգուցե սրանով է պայմանավորված իր տեղափոխվելը Տիկ-Տոկ։
Կարծիքներ