Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ երեկվա դեպքերի մասին

Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ երեկվա դեպքերի մասին

Երեկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ադրբեջանցիները փորձել են հայերին պատկանող սրճարան հրկիզել։ Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նմանատիպ ևս մեկ դեպք է տեղի ունեցել․ ադրբեջանցիները կրկին փորձել են վառելանյութով շիշ նետել հայերին պատկանող մեկ այլ սրճարանում, սակայն նախորդի նման այս դեպքն էլ կանխվել է․

«Կիևում ոչ մի սրություն չկա, լրիվ նորմալ է։ Համացանցում ինչ-որ տեսանյութ էին տեղադրել, որ ադրբեջանցիները հայկական ռեստորանը վառել են, փորձել էին վառել, ո՛չ նյութական, ո՛չ այլ ոչ մի վնասվածք չունենք։ Վառվել է սրճարանի դռան առջև գտնվող փայտյա ինչ-որ կառույց։ Սրճարանն այսօր էլ աշխատում է նորմալ։ Եվս մեկ ռեստորանում էլ էին փորձել վառելանյութով շիշ նետել, այնտեղ պահակները շուտ հանգցրել են։ Դրանք անհատ դեպքեր են, ոչ մի սրություն չկա։ Մենք էլ բոլորին հորդորում ենք, որ հանկարծ պրովոկացիայի չտրվեն, ոչ մի հակառակ գործողություն չանեն։ Ադրբեջանական համայնքն էլ նույն կերպ հորդորում է ոչ մի բան չանել, դրանք անհատ դեպքեր են, տաքգլուխ, որոնք այդպես էլի փորձում են, բայց ոչ մի առանձնապես լուրջ բան չեն արել ։ Ընդհանուր վիճակը նորմալ է, մեր կողմից ոչ մի հավաքներ կամ պրովոկացիաներ չկան։ Ադրբեջանական համայնքն էլ էլի հայտարարություն է արել, որ ամեն ինչ անելու են, որ ոչ մի սրում այստեղ չլինի մեր հարաբերությունների մեջ»։

Գևորգյանն ասաց, որ Կիևի հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերություններ կան՝ թե՛ գործնական, և թե՛ ընկերական․

«Հարաբերություններ կան, շատ դեպքերում հայ և ադրբեջանցի ընկերներ կան իրար մեջ,շատ դեպքերում գործնական հարաբերություններ կան։ Մենք ադրբեջանական համայնքի ղեկավարության հետ, եթե այսպիսի դեպքեր են լինում, միշտ փորձում ենք շտկել, փորձում ենք ամեն ինչ անել, որ ոչ մի պրովոկացիա չլինի։ Այսօր էլ ենք խոսել, իրենք էլ ամեն ինչ անում են, որ ոչ մի պրովոկացիա հանկրած չլինի։ Կիևի մարզում հայերի թիվը մոտավորապես 80 հազար է, ադրբեջանցիներն էլ քիչ չեն»,- ասաց հայ համայնքի ղեկավարը։

Գևորգյանի խոսքով՝ տեղի իշխանություններն ու իրավապահ համակարգը պատշաճ արձագանքել է 2 դեպքին էլ, կան հարուցված քրեական գործեր․

«Շատ լուրջ զբաղվում են, և՛ ոստիկանությունը, և՛ տեղի անվտանգության ծառայությունը արդեն տվյալներ ունեն, թե ովքեր են, ուղղակի դեռ չեն ասում։ Իրենք էլ մեզ հետ միշտ կոնսուլտացիաների մեջ են, միշտ կապի մեջ ենք։ 2 դեպքերով էլ գործերը հարուցված են, անվտանգության ծառայությունը ադրբեջանական համայնքի հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ է տանում, մեր համայնքում իրավիճակը վերահսկելի է։ Բոլորը հասկանում են, որ չի կարելի սադրանքների ենթարկվել, մենք էլ հորդորում ենք, որ հանկարծ ինչ-որ ծեծկռտուք, կամ ինչ-որ վրեժ հանկարծ չլինեն։ Տեղի իշխանությունները, ինձ թվում է, հասկանում են լրջությունը և շատ լուրջ են վերաբերվում, այսօր 3-4 անգամ զրուցել ենք, միմյանց հասկացել ենք։ Ադրբեջանցիները նույնպես կողմ են, որ սադրանքներ չլինեն ոչ այս և ոչ էլ այն կողմից»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Կիևի հայ համայնքի ղեկավարը։