«Հրապարակ». Նույն հարցերը տարբեր ձեւերով՝ քննիչի պես միք տա

«Հրապարակ». Նույն հարցերը տարբեր ձեւերով՝ քննիչի պես միք տա

Մինչ Ադրբեջանը փակել է Արցախի ճանապարհը, եւ ամեն ինչ խառնվել է, Նիկոլ Փաշինյանը, պահը բաց չթողնելով, Վանաձորում վերջնականապես զավթեց իշխանությունը։ Մեկ տարի առաջ իշխող խմբակը, չկարողանալով Վանաձորում հաղթել, նախ կալանավորեց Մամիկոն Ասլանյանին, որ նրան չընտրեն համայնքապետ, ապա քրեական տարրերից մեկին նշանակեց համայնքապետի ԺՊ, սակայն քաղաքի կառավարման ճգնաժամը չլուծվեց, քանի որ ավագանիում չունեին մեծամասնություն՝ Ասլանյանի թիմը շուրջ 1 տարի բոյկոտում էր նիստերը։ Խնդիրը լուծվեց նախօրեին՝ «Ասլանյան դաշինքի» ավագանու 2 անդամի՝ Սեյրան Ղամբարյանին եւ Գայանե Քալանթարյանին «հավաքագրելով»։ Նրանք եկան ավագանու վերջին նիստին, եւ քվորումի հարցը լուծվեց։ Մինչդեռ գնում էին արտահերթ ընտրությունների։ 

Մենք գրել էինք, որ դաշինքի անդամ Սեյրան Ղամբարյանն ասել էր, թե բանտում հանդիպել է Մամիկոն Ասլանյանին ու նրա հանձնարարությամբ է ներկայացել նիստին: «Ինքն ինձ հանձնարարել ա հայտարարել, որ մեր ներկայությամբ նիստը կայանում է։ Ուրեմն մեր մասնակցությունն ինքը հանձնարարել ա, որ պարտադիր լինի»,- ասել էր նա։

Երեկ Մամիկոն Ասլանյանը ՔԿՀ-ից հերքեց դա․ «Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել եւ որեւէ ավագանու անդամի համաձայնություն կամ լիազորություն չի տվել՝ նիստերին մասնակցելու կամ դաշինքի ու ղեկավարի անունից` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, հորդորներ տարածելու»։ Ավագանու առանձին անդամների գործողություններն անհատական բնույթ ունեն, յուրաքանչյուրն առաջնորդվում է իր խղճով ու բարոյականությամբ, գուցե նաեւ՝ այլ շահագրգռությամբ։ «Նիստեր գումարելու եւ դրանց մասնակցության միակ նախապայմանը եղել է օրինականության վերականգնումը, որը խաթարվել է շուրջ 1 տարի առաջ, ինչի մասին բազմիցս հայտարարվել է։ Մենք հավատարիմ ենք վանաձորցու տված քվեին եւ երբեք ժողովրդի թիկունքում անտրամաբանական որոշումներ չենք կայացնում»,- ասել է կալանքը հերոսաբար կրող Ասլանյանը։ 

Դաշինքի երկրորդ համար Արթուր Օհանյանը մեր հարցին, թե կասկածներ կան, որ Ասլանյանն ազատության դիմաց գործարքի է գնացել իշխանության հետ, ասաց՝ բացառվում է․ «Եթե Ասլանյանն իր հայտարարությամբ բացառում է, ես ո՞վ եմ, որ չբացառեմ»։ Սակայն չասաց, թե նախապես զրուցե՞լ են նիստին մասնակցած գործընկերների հետ, իրենց համար անակնկա՞լ էր նրանց մասնակցությունը։ «Եկեք բավարարվենք պարոն Ասլանյանի հայտարարությամբ»։ Բայց ընդգծեց, որ հրավիրված նիստի օրինականության խնդիր կա․ «Նիստերի իրավազորության հետ կապված հարցեր կան։ Մենք նախաձեռնել էինք առաջին նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրությամբ, որպեսզի ձեւավորվեին ՏԻ մարմիններ, դեռեւս մարտ ամսին նիստ ենք հրավիրել եւ գրավոր պատասխան ստացել, որ օրենքը չի կարգավորում նման բան, բայց երեկ այդ նիստը գումարվել է, թե որքանով է դա օրենքի հետ համահունչ, հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմում կա ավելի լուրջ խնդիր՝ քաղաքացիների քվեի իրացման խնդիրը։ Փաստ է, որ վանաձորցին իր ընտրությունը կատարել է, ու իր քվեն պետք է լինի հասցեական, ուղիղ՝ ժողովրդավարությունը դա է պահանջում»։
Զրուցեցինք նաեւ թիմին դավաճանած Սեյրան Ղամբարյանի հետ։ 

- Դուք հայտարարել էիք, թե Մամիկոն Ասլանյանի հետ հանդիպել եք, նրա հորդորով եք մասնակցել նիստին, մինչդեռ Ասլանյանը հերքում է դա։ 

- Ես ի՞նչ եմ ասել, ասել եմ՝ մեր առանձնազրույցի ժամանա՞կ է Մամիկոն Ասլանյանն ասել։

- Ասել եք՝ հանդիպման։

- Դատական նիստի ժամանակ էլ է ասել, որ ոչ մի լավ գործի, որ պետք է կատարվի քաղաքում, դեմ չեմ։ Ես ե՛ւ նիստին եմ ասել, ե՛ւ հիմա եմ ասում, որ եթե պետք է լավ բան արվի քաղաքի համար, ես կողմ եմ, ես իմ խոսքում առանձնացրել եմ՝ տնտեսական մասը, քաղաքական մասը, ու ասել եմ՝ հույս ունեմ, որ քաղաքական մասն էլ կհանգուցալուծվի։

- Ճի՞շտ հասկացա, որ դատական նիստում հնչեցրած հայտարարությունից եք նման եզրահանգման եկել, ոչ թե հանդիպել եք, կամ առանձնազրույցում է Ձեզ հորդորել։

- Հիմի որ ես ասեմ՝ առանձնազրույց է եղել, դու պիտի ասես՝ բա ինքը ինչի՞ է նման բան հայտարարում, դրա համար ես ներկայացնում եմ հրապարակային խոսքը։

- Բայց ենթատեքստով հասկացնում եք, որ առանձնազրույց էլ եք ունեցել։

- Այո, այո։

- Ե՞րբ։

- Կարեւոր չէ։

- Դուք մենա՞կ։

- Այո։ Ես տեսա, որ դուք տպել եք, ու հիմա ասում եմ՝ եթե առանձնազրույցից ինքը հրաժարվում է, նայեք իր հրապարակային խոսքը՝ դատարանում։

- Ի՞նչ է ասել պարոն Ասլանյանը, ասել է՝ գնացեք մասնակցե՞ք նիստերին, աջակցեք իշխանություններին, որ ճգնաժամը վերանա՞։

- Իշխանության հետ ես էլ չեմ համագործակցում, ես 7 անգամ ընտրվել եմ, ոչ մի իշխանության հետ չեմ համագործակցել, բայց քանի որ անցած տարի քաղաքի ծրագրերը պռավալ գնացին, այս տարի չուզեցի, որ մեր քաղաքի պլանները, սուբվենցիան գնան։ Ես կայացած մարդ եմ, իմ ընտանիքն էլ ո՛չ պետական ապարատում գործ ունի, ո՛չ էլ։ Դուք ինձ հարցնում եք՝ եղե՞լ է նման հանձնարարություն կամ հորդոր, ես ասում եմ դատարանում իր խոսքը։ Հիմա ես ասեմ՝ եղել է, ինքն ասի՝ չի եղել, մեզ չի սազում։

- Եթե դատարանի ելույթին եք հղում անում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է 15 հոգանոց ֆրակցիայից ընդամենը 2 անձ նման կերպ ընկալել Ասլանյանի խոսքը, թե գնացեք՝ նիստին մասնակցեք եւ այլն։

- Բայց ինչո՞ւ 15, 6-7 հոգի մարդ է եղել դատարանում, ի՞նչն ենք ընկալել․․․ ես ասում եմ՝ լսել ենք, դու էլ գնա լսի։

- Որ լսել եք, չե՞ք քննարկել դաշինքի անդամների հետ, չե՞ք ասել, որ Ասլանյանի պատգամն եք իրականացնելու՝ մասնակցելով նիստին։

- Ես ինչո՞ւ պիտի․․․ Գիտեք՝ եթե մեկը դեմ է, որ մեր քաղաքում լավ գործեր կատարվեն, կդառնա իմ թշնամին, սա նաեւ իմ ընտրական խոստումն է, որ լավ բաներ պիտի անենք, ու ես այսօր կատարում եմ։ Մի տարի համբերեցինք, որ հարցեր կարգավորվեն, եւ ի՞նչ՝ կարգավորվե՞ց։

- Ձեր մասնակցությամբ, այո, կարգավորվեց, սպասարկեցիք իշխանության օրակարգը, ձեզ ձայն տված վանաձորցու քվեն չպահեցիք մինչեւ վերջ։

- Իշխանության օրակարգը ո՞րն է։

- Զավթել իշխանությունը Վանաձորում, մինչդեռ ճգնաժամ էր հասունացել, եւ գործընթացները տանում էին նոր ընտրությունների։

- Էդ արդեն Ձեզ չի վերաբերում։

- Մամիկոն Ասլանյանի հայտարարությունը կարդացե՞լ եք։

- Այո։

- Բա որ պնդում եք՝ առանձնազրույց եք ունեցել, կամ դատարանում նման բան է ասել, ինչո՞ւ է դաշինքի ղեկավարը Ձեզ հերքում։

- Ես էլ ասում եմ՝ բա դատարանում ինչո՞ւ հայտարարեցիր, որ դեմ չեմ քաղաքի կառուցմանը, էլ նույն հարցերը տարբեր ձեւերով՝ քննիչի պես միք տա։

- Հաջորդ նիստերին է՞լ եք մասնակցելու։

- Չգիտեմ՝ ինձ խնդրել են սուբվենցիան հաստատեմ, հաստատել եմ։

- Ո՞վ է խնդրել։

- Ժողովուրդը, Վանաձորի քաղաքացիները։