Առարկաները, որոնց համար նոր դասագրքեր չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով

Առարկաները, որոնց համար նոր դասագրքեր չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով

Ինչպես հայտնի է, սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում՝ թեեւ նախապես պլանավորված էր, որ ներդրվելու է այս տարվանից։

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ դեռ ամիսներ առաջ հայտարարվեց դասագրքերի ստեղծման մրցույթներ, որոնք արդեն ամփոփվել են։ Մասնավորապես՝ 10-րդ դասարանի համար անհրաժեշտ դասագքրքերից մոտ տասը բացակայում են, քանի որ դրանց մի մասի համար հայտեր չեն ներկայացվել, իսկ որոշ դեպքերում ներկայացված հայտերը փորձագիտական դրական եզարակացություն չստանալու պատճառով չեն երաշխավորվել։

Ինչ վերաբերում է մյուս դասարաններին (2-րդ, 5-րդ, 7-րդ), ապա դրանց համար դասագրքերի հիմնական մասն արդեն երաշխավորվել է։

Նոր կարգի համաձայն, դասագրքերի ստեղծման եւ հրատարակման գործընթացներն առանձնացված են, եւ բոլոր այն դասագրքերը, որոնց մրցույթներն արդեն կայացել են, ներկայացվել են հրատարակման։ Այն առարկաները, որոնց համար նոր դասագրքեր դեռեւս չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով: Այս մասին օրերս պարզաբանել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ նախորդ երկու-երեք տարիներին, երբ Տավուշում փորձարկվում էր նոր չափորոշիչը, ուսումնական նյութերն արդեն մշակվել էին։