Իշխանությանը պետք է զրկել անգամ ամենափոքր մանիպուլյացիայի առիթից

Իշխանությանը պետք է զրկել անգամ ամենափոքր մանիպուլյացիայի առիթից

Պաշտոնական լրահոսից իմացանք, որ վարչապետի կին Աննա Հակոբյանը հյուրընկալել էր Մխիթարյան միաբանության ավագագույն միաբաններից վարդապետ Արիստակես Մանուկյանին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արիստակես Մանուկյանը Հայաստան է ժամանել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին աջակցություն հայտնելու եւ քաջալերելու։ Սակայն զառամյալ վարդապետը շտապել է հայտարարել, որ իր այցն Աննա Հակոբյանի անձնական ցանկությունն է, ըստ էության, եւ ինքը Մխիթարյան միաբանությունը չի ներկայացնում։

Պաշտոնական հաղորդագրության մեջ շատ չխորանալու համար նշենք, որ, փաստորեն, տեղի է ունեցել քաղաքավարական այց։ Ավելի պարզ ասած՝ Մխիթարյան միաբանության քարտուղարը ժամանել է Հայաստան եւ իր ցանկությամբ քաղաքավարական այց է կատարել Աննա Հակոբյանին։ Թե այդ հանդիպման ժամանակ օրհնություն է բաշխել, թեյ է խմել կամ գաթա ու ձմերուկ է կերել, կամ էլ նրբերշիկով ձվածեղ, արդեն երկրորդական հարց է։ Խնդիրն այստեղ այն է, որ իշխանական եւ մերձիշխանական քարոզչամեքենան, սկսած Հ1-ից, այս այցին, չգիտես ինչու, յուրահատուկ երանգ հաղորդեց։ Մեծ հաշվով՝ դրա մոտիվացիան էլ է պարզ՝ հանրային լայն զանգվածներին, որոնք հիմնականում տեղյակ չեն շատ նրբություններից, ցույց տալ, որ, ամեն դեպքում․

1․ Հայաստանի գործող իշխանությունը եկեղեցականության հետ խնդիր չունի, եւ առաքելական եկեղեցին է կամ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ են միայն, որ զբաղված են իշխանությանը քննադատելով եւ դրանով իսկ «խնդիրներ հարուցելով»։

2․ Աննա Հակոբյանը ներկայանում է որպես բարեպաշտ քրիստոնյա հայուհի, որը խնդրում է օրհնություն ծերունի վարդապետից, եւ վերջինս օրհնում է նրան։

Արիստակես Մանուկյան վարդապետի առնչությամբ ասելիք չկա` մարդը պարտավոր էլ չէր քաջատեղյակ լինելու, թե ինչ նրբություններ կան հայաստանյան ժամանակակից քաղաքական իրականության մեջ, որպեսզի, ըստ այդմ, հայրենիք իր այցի ընթացքում կարողանար խուսափել իր այցի շահարկումներից, եւ Աննա Հակոբյանին հյուրընկալվելը չծառայեցվեր քաղաքական նպատակների։ Սակայն նրան Երեւանում հյուրընկալող Մխիթարյան միաբանության կենտրոնի ներկայացուցիչները հո գիտեի՞ն, թե Հայաստանում ինչ իրավիճակ է, եւ վարդապետին պետք է համապատասխան «ինստրուկտաժ» անեին՝ ոչ միայն շեշտելու համար, որ ինքը Մխիթարյան միաբանության անունից չէ աջակցություն հայտնում Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին, այլ միայն իր անձի անունից, այլ նաեւ վարչապետի կնոջ գրասենյակի հետ պայմանավորվեին, որ հյուրընկալությունը մասնավոր քաղաքավարական բնույթ է կրում եւ պետք է չլուսաբանվող այցերի շարքին դասվի: Որ հնարավորություն չտային ՀՀ իշխանությանը կրոնական ոլորտում նման մանիպուլյացիաներ անելու։ Այլապես կարելի է կարծել, թե առաքելական եկեղեցու վերնախավ-Հայաստանի գործող քաղաքական իշխանությունների վերնախավ հակասություններն օգտագործելով՝ «ոմանք փորձում են ինչ-ինչ դիվիդենտներ շահել»։