«Զոմբիլենդի» լիդերից պատվով հեռանալ ակնկալելն ուտոպիա է

«Զոմբիլենդի» լիդերից պատվով հեռանալ ակնկալելն ուտոպիա է

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խմբագրականն ինձ՝ ընթերցողիս, մտորելու առիթ տվեց։ Մի քանի հասկացություններ կային, որոնք տեքստում հատկապես գրավեցին ուշադրությունս․
• Իմաստուն կամ հեռատես լիդեր
• Պատվով հեռանալու կարողություն
• Զարգացած կամ գիտակից հասարակություն
• Հայ եւ ռուս հասարակությունների տարբերություն։

Հենց այս հասկացությունների շրջանակում էլ կկառուցեմ մտորումներս։ Իհարկե, չի կարելի չհամաձայնել խմբագրականում արտահայտված այն տեսակետին, թե լիդերի մեծությունը երեւում է այն պարագայում, երբ հանրային կամ պետական շահը գերադասվում է սեփական կամ խմբային շահից։ Այս գիտակցումը վկայում է լիդերի հասունության, կայացածության մասին՝ որպես անձի, որպես գործչի, եթե մի կողմ թողնենք այն թեզը, թե ինչպիսին հավաքականություններն են, այնպես էլ՝ լիդերները, եւ ամեն հավաքականություն արժանի է այն լիդերին, որին «ծնել» է։
Նման լիդերներ Հայոց պատմության մեջ թագավորներից կնշեի Արտաշես Առաջին Բարեպաշտին, Տիգրան Երկրորդ Մեծին, Տրդատ Երրորդ Մեծին, Աշոտ Առաջին Մեծին, Աշոտ Երրորդ Ողորմածին, Սմբատ Երկրորդ Տիեզերակալին, Գագիկ Առաջինին, Կիլիկյան շրջանից էլ՝ Լեւոն Մեծագործին։ Գուցե ուրիշներն այլ արքաների համարեն նման լիդերներ, դա իրենց իրավունքն է։

Ինչպես արդեն ասացի, իմաստուն, ուժեղ, հեռատես լիդերը հենց այնպես չի «ծնվում»` հասարակությունը «ծնում» է այն լիդերին, որին արժանի է։ Նշված ցանկը եթե նայենք, ապա նրանց՝ բոլորին, մի բան է միավորում՝ այս բոլոր արքաների մոտ տիրապետող է եղել, ժամանակակից բառապաշարով ասած, պետականության գիտակցումը․ կարեւոր չէ՝ ժառանգական միահեծան միապետությո՞ւն, թե՞ այլ կառուցվածք։ Այս լիդերների համար բարձրագույն սրբություն է եղել Հայոց պետականությունը, որը նրանք կարողացել են պահպանել, հնարավորության դեպքում՝ հզորացնել այս կամ այն կերպ։ Ցանկում ներկայացված արքաների ժամանակ հայ հավաքականության մեջ էլ ուժեղ է եղել պետականության գաղափարը։ Իհարկե, կարող են լինել մարդիկ, որոնք կմեկնաբանեն դա նրանով, որ այդ ժամանակներում կենսունակ է եղել «ազգի սերուցքը» ի դեմս ազնվականության՝ նախարարական-իշխանական տների, որոնք այն ժամանակվա էլիտաներն են հանդիսացել, սակայն նույնիսկ այդ դեպքում, եթե գանք մեր օրեր, կարող ենք արձանագրել հետեւյալը․ ինչպիսի վիճակում որ հավաքականությունն է, նույնպիսին էլ «լիդերն» է։

Մենք մի հավաքականություն ենք, որը, ըստ էության, ունենալով ընդհանուր առմամբ 2 միլիոն 583 հազար 823 ընտրող եւ 6-7 միլիոն էլ աշխարհով մեկ սփռված հայազգի մարդիկ, «պատանդի» կարգավիճակում է գտնվում այն 680 հազար ընտրողների «ձեռքում», որոնք ապահովել են ներկա «լիդերի» իշխանությունը` ընտրել եւ վերընտրել ու հիմա առանձնապես դժգոհ չեն դրանից: Մեծ հաշվով, դժգոհ չէ ողջ հասարակությունը նույնպես, կարեւոր չէ՝ ապաքաղաքակա՞ն անձ է, ընդդիմադի՞ր, քաղաքական առումով իրեն «ալտերնատիվ» համարո՞ղ, թե՞ այլ խմբի պատկանող։ Ու քանի որ առանձնապես մեր վիճակից դժգոհ չենք կամ այդ դժգոհությունը միայն «աբստրակտ» ձեւով ենք արտահայտում, ապա բնական է, որ այլ «տեղաշարժ» չի էլ կարող լինել։ Իսկ պայմանական ասած՝ իշխանության եկած «զոմբիլենդի» լիդերից այնպիսի վեհ որակներ ակնկալելը, ինչպիսին պատվով հեռանալն է, քաղաքական ուտոպիա է։

Ըստ էության, եթե ճիշտ ենք ըմբռնել, խմբագրականի ասելիքը հենց այս տրամաբանության մեջ է, եւ գուցե մենք «վերծանեցինք» խմբագրականի «տողատակերում» եղած «մեսիջները»։ Արմինե Օհանյանի արտահայտած մտքի հետ, թե՝ «Պարզ է, որ առաջին դեմքերին հեռացնելու հանրային պահանջը կարող է շատ ուշ ձեւավորվել, ինչպես, օրինակ, չի երեւում այն օրը, երբ ռուս հասարակությունը կպահանջի Վլադիմիր Պուտինի հեռացումը կամ հայ հասարակությունը՝ Նիկոլ Փաշինյանի», այնքան էլ համաձայն չեմ։ Նախ, որովհետեւ անհնարին է համեմատել հայ եւ ռուս հավաքականությունները՝ պետականության մտածողության, պետականության ընկալման, առհասարակ՝ աշխարհայացքի, աշխարհընկալման եւ էլի հազար ու մի պատճառներով։ Հայկական եւ ռուսական հավաքականությունները տարբերվում են արմատապես։ Նույնիսկ լինելով քրիստոնյա՝ ռուս ժողովուրդը, ըստ էության, հավատակից լինելով հայ ժողովրդին, տարբերվում է քրիստոնեական այն ճշմարտությունների մեկնաբանությամբ, որոնք նույնիսկ մի փոքր առնչվում են իրենց պետականությանը։