Որքա՞ն վարչապետ է մնացել

Որքա՞ն վարչապետ է մնացել

Իսկապես, «Հրապարակի» հարգելի ընթերցող, քեզ չի՞ հետաքրքրում, թե որքան վարչապետ է մնացել մեր երկրում: Հիշում ես, չէ՞, որ 2018 թվականի գարնանը դրանց թիվը, ըստ ինքնահռչակ «վարչապետ» Նիկոլի, կազմում էր երեք միլիոն: Հետո Նիկոլի վարչապետությամբ Հայաստանում քովիդ եղավ: Դե, աշխարհում էլ եղավ, բայց դա ինձ առանձնապես չի հետաքրքրում: Ես իմ հայրենիքի դարդն եմ լացում, որի վրա, մեծ հաշվով, աշխարհը թքած ունի: Քովիդից դուրս չեկած՝ «դուխով» Նիկոլի գլխավոր հրամանատարությամբ ընկանք 44-օրյա պատերազմի ճիրանները: Դրանից էլ ռուսական օգնությամբ մի կերպ ազատվելով՝ ընկանք թշնամի երկրի ղեկավարի ճիրանները: Ու դեռ շարունակում ենք դեգերել դրանցում: 

Այդ ամենի արդյունքում կարգին վարչապետ չդարձած՝ բազմաթիվ վարչապետացուներ հեռացան կյանքից կամ երկրից: Այնուհետեւ վարչապետացուների թիվն աստիճանաբար կրճատվեց՝ զոհված զինվորականների ծնողների հաշվին: Մոռացա ասել, որ 3 միլիոնից մի քանի տասնյակ հազարն էն գլխից «սխալ» վարչապետացուներ էին, քանի որ ընդդիմադիր էին: Ինքը, իհարկե, սկզբում դրանց բանի տեղ չդրեց՝ այնքան էր տարված հեշտ եւ կայծակնային իշխանափոխությամբ: Ի դեպ, հաջորդ իշխանափոխությունից հետո վստահաբար կպարզվի, թե ինչի շնորհիվ տեղի ունեցավ 2018-ին կատարվածը: Ասում են, որ այսբերգի ստորջրյա մասը կազմում է նրա զանգվածի 90 տոկոսը: Իսկ հիմա 2018-ի գարնանային իրադարձությունները պատկերացրե՛ք այսբերգի տեսքով ու կհասկանաք, թե դեռ ինչե՜ր պետք է բացահայտվեն...

3 միլիոնից պետք է հանենք նաեւ 11 հազար անձանց, քանի որ թե՛ Իլհամի եւ թե՛ Հակոբյան Աննայի կարծիքով, դրանք դասալիքներ էին: Իսկ այդպիսի անձինք, հասկանալիորեն, չեն կարող տեղավորվել վարչապետացուների շարքերում: Հա, մոռացա ասել, որ ավելի քան 300 հազար ՀՀ քաղաքացիներին եւս պետք է բացառենք, քանի որ նրանք 2021 թվականին ձայն էին տվել ընդդիմադիր քաղաքական ուժերին: Իսկ, ինչպես արդեն գիտենք, «իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է» սկզբունքի համաձայն՝ իրենք դուրս են մնացել այդ ցուցակից: Այդ անձինք (այդ թվում՝ տողերիս հեղինակը), միաժամանակ, թշնամի են համարում ադրբեջանցիներին ու թուրքերին: Իսկ թյուքախոս այդ ժողովուրդները, ինչպես հայտնի է, այլեւս թշնամի չեն անձամբ «գլխավոր վարչապետին» եւ, ըստ այդմ, կրկին չեն կարող տեղ ունենալ այդ ցուցակում:

Իսկ ի՞նչ կասեք 2021-ին Նիկոլին ձայն տված 688 հազար ընտրողների կամ ընդհանրապես ընտրատեղամաս չգնացած կես միլիոնից մեկ միլիոնի մասին՝ կհարցնի ընթերցողը: Դրանք մնո՞ւմ են վարչապետների ցանկում: Կարծում եմ, որ դրանց մի մասն էլ արդեն հիասթափված է իրականությունից: Եվ դժվար թե ցանկանա վարչապետ լինել այսօրվա Հայաստանում: Թե որքան է դրանց քանակը՝ դժվարանում եմ գնահատել: Դա պարզելու համար անհրաժեշտ է հատուկ ուսումնասիրություն անցկացնել: Բայց վստահ եմ, որ իշխանության մեջ եղածների ու նրանց ընտանիքների անդամներից բացի, դեռեւս կլինեն աննկուն նիկոլապաշտներ, որ կարող են «զարդարել» վարչապետական այդ ցուցակը: Եվ կարծես թե ցուցակում դեռեւս մնում է առնվազն կես միլիոն վարչապետ: Կամ այդքան անձ, որ տեղավորվում են «նիկոլիզմի» սահմանման շրջանակում: 

Իրականում, որքան էլ զարմանալի թվա վերնագրի հարցադրման առումով, Հայաստանում առկա է ընդամենը մեկ վարչապետ՝ դա Նիկոլն է: Եվ վարչապետացու ընդամենը մեկ ընտանիք՝ Նիկոլի ընտանիքը: Որի անդամներն «արժանի» են լինելու «նիկոլիզմի» ազգակործան ավանդույթի շարունակողը: Այնպես, որ Հայաստանը «նիկոլիզմի» ճիրաններից ազատելու համար ոչ թե պետք է ընկնել մեկուկես միլիոն անձի հետեւից, այլ անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել ընդամենը մեկ անձի: Իշխանությունը «նիկոլիզմից» ազատելուց հետո մենք կկարողանանք դրանից ազատել նաեւ Հայաստանն ու հայությունը՝ ընդհանրապես: