Իջևանցու անհավատալի արկածները Լոռիում

Իջևանցու անհավատալի արկածները Լոռիում

Լոռու մարզում մարդիկ միշտ զգուշավոր են եղել իջևանցիների նկատմամբ: Մի ներքին ձայն նրանց դարերով հուշել է, որ եթե մի փորձանք գա լոռեցիների գլխին, կամ երկրաշարժից կգա, կամ իջևանցիներից: Ի դեպ՝ նաև ավանդույթ կար Լոռիում՝ ոչ մի իջևանցու պաշտոն չտալ: Չեմ կարող ասել, թե երբ է սկզբնավորվել այդ ավանդույթը, բայց կարծում եմ որ դա կապված է լոռեցիների և իջևանցիների մտածելու արագության հետ: Լոռեցիները, հայտնի է, դանդաղ են մտածում, իսկ իջևանցիները շատ ավելի դանդաղ: Այսինքն՝ լոռեցու համբերությունը հատնում է, մինչև իջևանցին սկսում է մտածել: 
Հա, էն էի ասում, Լոռու մարզ Նիկոլի «ձմեռային այցից» մեկ-երկու օր առաջ ես էի Լոռի գնում՝ հարազատներիս Նոր տարին շնորհավորելու: Շնորհակալություն Գագիկ Սուրենյանին՝ եղանակը հրաշալի էր: Շնորհակալություն մեր ասֆալտագործներին՝ ասֆալտը փայլուն էին արել:

Շնորհակալություն ճանապարհային նշաններ շարողներին, վտանգավոր կեռմաններում անվտանգության բազրիքներ դնողներին… Մի խոսքով՝ շնորհակալություն բոլոր նրանց, որ Երևան-Վանաձոր ճանապարհը (Ապարանով) դարձրել են կարճ ու հաճելի: Բայց այնպես էլ չէ, որ բողոքելու տեղ չունեմ: Ճանապարհի առանձին հատվածներում տեղաշարժել են արագաչափերը, մի քանի տեղ մոռացել են արագաչափերից առաջ նախազգուշացնող ցուցանակ դնել: Ամենազզվելին Արտաշավան գյուղի արագաչափն է: Երևանից գնալիս տեղադրված է գյուղի հենց պռնկին՝ առանց նախազգուշացնող ցուցանակի: 100-ի վրա գնում ես ու հոպ՝ արագաչափ, որի տակ պետք է երթևեկես ոչ ավել, քան 70: Մինչև նկատում ես, մինչև ճըռ-վըռ՝ մի հատ սելֆի ես լինում արագաչափի հետ: Հարթավան և Շենավան գյուղերում նախազգուշացնող ցուցանակը տեղադրված է արագաչափից մի քանի կիլոմետր առաջ: Գնում-գնում ես ու չգիտես՝ արագաչափն անցա՞ր, թե՞ դեռ չես հասել: Ամենամեծ հիասթափությունը, սակայն, ինձ սպասում էր Լոռու մարզի «սահմանն» ազդարարող ցուցանակի մոտ: Այդ ցուցանակն արդեն քանի տարի է հայտնի է իր պատվանդանի վրայի գրությամբ՝ «Դբա լավը»: Ցուցանակը, շնորհակալ եմ, թարմացրել էին, բետոնե պատվանդանը ներկել, բայց… Բայց ջնջել էին նաև հայտնի գրությունը:

Այդ պահին ես չգիտեի, որ մեկ-երկու օր հետո Նիկոլը գալու է Լոռի: Հիմա էլ չգիտեմ՝ արդյոք Արագածոտնով է գնացել, թե՞ իր հարազատ Տավուշով: Բայց այսօր արդեն մտածում եմ, որ նշված գրությունը ներկով ծածկել են, որպեսզի հանկարծ Նիկոլի աչքով չընկնի: Չէ՞ որ Նիկոլը, կանխամտածված, Լոռու մարզ էր մեկնում զայրանալու և ոչ թե լոռեցիների առաջ խոնարհվելու նպատակով: Նա չէր հանդուրժի այդպիսի գրություն Լոռու մարզի սահմանին՝ «Դբա լավը»: Եվ, առհասարակ, «դբա լավն ենք գնում, թե դբա վատը», դա կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդն ինքն է՝ երբ կուզենա՝ կգնանք դբա լավը, երբ չի ուզենա՝ արած գործին պոզուպոչ կկպցնի, կսկսի «պրարաբություն» (աշխղեկություն) անել՝ էս պատը ծուռ է, էս զուգարանի ապակին թափանցիկ է, էս վոլեյբոլի հրապարակը գծանշում չունի, էն բասկետբոլի վահանակը վահանակ չէ, էս կախիչը լավ չի կպցրած, էս դարպասի ցանցը թույլ է… Հիշո՞ւմ եք դրոշի պատմությունը, և կամ այն, թե ինչ սարքեց Քարվաճառի ճանապարհի հացատանը, որտեղ ՀԴՄ-ն ուշացրել էին: Այսօր Քարվաճառի ճանապարհի հացատունը չկա, իսկ ՀՀ պետականության խորհրդանիշ դրոշն էլ վտանգված է բոլոր առումներով: Այնպես որ Իջևանցի Նիկոլը բարի նպատակով Լոռի չէր կարող այցելել: Նա Լոռի էր գնացել մի փորձանք բերելու և բերեց: Լոռին այս պահին մարզպետ չունի, իսկ Լոռու «մայրաքաղաք» Վանաձորի ընտրված քաղաքապետը վաղուց է գտնվում բանտում:
Բա որ ասում եմ լոռեցիք իշևանցուց խեր տեսած չկան, չեք հավատում:   

Ահավոր սրտնեղած հասա Սպիտակ և ուշքի եկա միայն այն ժամանակ, երբ ավտոս ընկավ առաջին փոսի մեջ: Ասֆալտը վերջացել էր… Ավելի ճիշտ՝ քանի գնում՝ դբա վատն էր գնում… Ու այդպես մինչև Վանաձոր:

Հ.Գ. Սիրելի լոռեցիներ ջան, կարծում եմ մենք պետք է մեկ դույլ ներկ կամ էն «պզիկներից» առնենք ու մեր մարզի մուտքն ազդարարող ցուցանակի տակ նորից գրենք՝ «Դբա լավը»: Բոլորիդ մաղթում եմ իջևանցու շառից-փորձանքից հեռու տարի:

Հ.Գ.1 Ներողություն եմ խնդրում իմ շատ սիրելի բոլոր անշառ իջևանցիներից: