Խեղճին միայն խղճում են

Խեղճին միայն խղճում են

Խնդրողին, խեղճին, թույլին խղճում են, կարեկցում, ողորմություն են տալիս, բայց ոչ մեկը չի ուզում նման գործընկեր ունենալ, նրա հետ համատեղ ճանապարհ գնալ։ Երբ դու վիզդ ծուռ որբի նման կարեկցանք ես մուրում մե՛կ եվրոպացիներից, մե՛կ՝ ռուսներից, խոսում ես այն մասին, որ քեզ ճնշում են, սպանում են, գրավում են քո հողերը, խոշտանգում են քո զավակներին, միջազգային հանրությունը լսում է, վրդովվում, կարեկցում քեզ, բայց հարգանք չի տածում քո հանդեպ։

Ավելին՝ գուցե հարգանք տածում են հենց ագրեսորի, իր հարցերն ինքնուրույնաբար եւ առանց որեւէ մեկից քաշվելու լուծողի նկատմամբ։ Եվ այս՝ որբի, ծեծվածի ու հալածվածի կերպարից դուրս գալու համար պարտադիր չէ, որ դու 120 հազարանոց հզոր բանակ ունենաս եւ միջուկային զենք։ Սրա համար միանգամայն բավարար է, որ դու 20 հազարանոց պատրաստված ու կոփված բանակ ունենաս, նվազագույն զենք-զինամթերք եւ սահմանին պաշտպանական կուռ կառույցներ։ Չէ որ թշնամին տեսնում է, որ քո 19-ամյա անզեն ու անպաշտպան զինվորիկները քնում են կարկատած վրաններում, որ դու հույսդ դրել ես խաղաղություն մուրալու քաղաքականության վրա, որ նվազագույն զենք չունես եւ բոլոր դաշնակիցներիդ հետ խնդիրներ ունես։

Եթե գոնե 2 տարվա ընթացքում սահմանային կառույցներ ստեղծած լինեիր՝ անհեթեթ միջոցառումներ ֆինանսավորելու եւ պորտաբույծ պաշտոնյաներին պարգեւավճարներ տալու փոխարեն։ Եթե սահմանին զորավարժություններ անեիր, այդ թվում՝ ռուսական ու իրանական բանակի հետ։ Եթե տեսնեին, որ քո ՀՕՊ-ը կազմ-պատրաստ է, չի թողնելու, որ ամենապրիմիտիվ ԱԹՍ-ներն օդից քեզ խոցեն։ Եթե համարձակ լինեիր, չվախենայիր եւ խաղաղություն չմուրայիր․․․ Թշնամին, մինչեւ քո սահմանը խախտելը եւ քո սահմանամերձ գյուղերի վրա կրակելը, տասն անգամ կչափեր։