Ոչ միայն պարիսպը, այլեւ վանական համալիրի բոլոր կառույցները քայքայված են

Ոչ միայն պարիսպը, այլեւ վանական համալիրի բոլոր կառույցները քայքայված են

Վայոց ձորի մարզում գտնվող Շատիվանքի պարիսպը գնալով փլվում է․ այդ մասին սոցիալական ցանցում ահազանգել էր օգտատերերից մեկը՝ գրելով, որ թեպետ պարիսպը գարնանն է փլվել, բայց օր-օրի վիճակն ավելի է վատանում։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի վարիչ Մենուա Գեւորգյանն ասում է, որ Շատիվանքը տարիներ շարունակ ընդգրկված է առավել վտանգված հուշարձանների ցանկում ու ոչ միայն պարիսպը, այլ նաեւ ամբողջ վանական համալիրի բոլոր կանգուն կառույցները, որոնք կա՛մ քայքայված են, կա՛մ՝ խարխլված։ Ավելին՝ ամեն վայրկյան փլուզման վտանգ կա։

Նա նկատում է՝ չգիտի, թե ով է ահազանգել պարսպի խնդրի մասին, վերջին անգամ իրենց ահազանգել էին, որ Սյունիքի եկեղեցիներից մեկում փոս են փորել, բայց հետո պարզեցին, որ այդ փոսը փորել են դեռ 2006թ․։ Գեւորգյանն ասում է, որ իրենց աշխատակիցն ընդամենը մի քանի օր առաջ է եղել Շատիվանքում շրջայցի, որեւէ նոր փլուզում չի նկատել, թեպետ վաղն առավոտյան պատրաստվում է նորից մեկնել եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ «2 անգամ այդ պարսպի աշտարակները փլուզվել են, մեկը՝ 2016թ․ մարտի 30-ին, մյուսը՝ 2017թ․ հունիսի 15-16-ին, այսինքն՝ քարաթափում անընդհատ լինում է, եւ այդ մասին մենք պարբերաբար համապատասխան գրություններով նախարարությանը տեղյակ պահել ենք»,- ասում է նա ու նկատում, որ ահազանգող քաղաքացուն գուցե թվացել է, թե դրանք նոր փլուզումներ են։

«Այն, որ Շատիվանքն իր գրեթե բոլոր կառույցներով վտանգված է, եւ առավել եւս՝ պարիսպն էլ կիսաքանդված է, դա մենք գիտենք։ Առավել վտանգված այդ հուշարձանների ցուցակն ամեն տարի ուղարկում ենք նախարարություն, որ եթե հնարավոր լինի, ֆինանսական միջոցներ հատկացնեն՝ այդ հուշարձաններից մեկը վերականգնեն, որովհետեւ այդ կարգի հուշարձանները կարող են ամեն պահի փլվել»,- ասում է Գեւորգյանը։
Թե պետությունն ամեն տարի ինչքան գումար է հատկացնում առավել վտանգված հուշարձանները պահպանելու համար, չի կարող հստակ ասել, որովհետեւ իրենք հավաքագրում են միայն վտանգված հուշարձանների մասին ինֆորմացիան․ «Եթե ընթացքում վտանգված հուշարձանների փլուզում է տեղի ունենում, կամ նոր հուշարձան որ փլուզվում է, ներառում ենք ցուցակ, լրացուցիչ տեղյակ ենք պահում։ Թե ինչ սկզբունքով, տարին որքան գումար՝ դա արդեն նախարարությունն է որոշում, դրան մենք չենք մասնակցում, մենք միայն արձանագրում ենք փաստը եւ տեղեկատվությունը տալիս նախարարությանը»։

Այսօր ՀՀ-ում կա մոտ 25 հազար գրանցված հուշարձան, այդ թվում՝ պետական սեփականություն համարվող մոտ 19 հազար հուշարձան, եւ 6 հազարն էլ՝ օտարված կամ օտարման ենթակա, որոնք համայնքային են,  եւ ՊՈԱԿ-ը դրանցով չի զբաղվում։ «Մեր ՊՈԱԿ-ը զբաղվում է 19 հազար պետական սեփականություն համարվող հուշարձաններով»,- ասում է նա ու նկատում, որ աշխատակիցները հետեւում են նաեւ այն հուշարձաններին, որոնք, այսպես ասած, «անտեր» վիճակում են։ «Մեր արած մոնիթորինգի հիման վրա մենք 19 թ․ հունիսի վերջի դրությամբ ամբողջ հանրապետությունում ունենք 416 առավել վտանգված հուշարձան, բայց դրանց թիվը, եթե «առավել» բառը հանենք, կարող է դառնալ 4 հազար կամ 10 հազար»,- ասում է Գեւորգյանն ու նկատում, որ եթե տարին գոնե 10 առավել վտանգված հուշարձան վերականգնվի կամ ամրակայվի, հրաշալի արդյունք կլինի։ «Շատիվանքը միշտ էլ առավել վտանգված հուշարձանների ցանկում է եղել, խորհրդային տարիներին փորձել են այն վերականգնել, ու կիսատ է մնացել։ Օրինակ՝ տանիքի վերականգնումը, որը կիսատ է մնացել, եւ քանի որ խարխլված է, ճաքեր կան, ձյունից, անձրեւից շարունակվում է այդ փլուզման պրոցեսը»,- ասում է ու նկատում, որ առնվազն 100 տարի Շատիվանքը չի վերականգնվել։     

Ինչ վերաբերում է հուշարձանների պահապաններին, ապա նրանք պարբերաբար շրջում են, հետեւում հուշարձանների վիճակին։ Գեւորգյանը նկատում է՝ ամեն հուշարձան չի կարող իր պահակն ունենալ, եթե այդպես լիներ, ապա ոստիկաններից շատ հուշարձանների պահակներ կունենայինք․ «Ամեն մարզ իր հուշարձանների քանակին համապատասխան հուշարձանների պահապաններ ունի, որոնք հստակ գրաֆիկով այցելում են այդ հուշարձանները․ շաբաթը մեկ, տասն օրը մեկ նրանք նայում են, իրավիճակը ֆիքսում, նկարում եւ այդ նկարները մեզ են ուղարկում»։