Բարեգործությո՞ւնն է ավելի պահանջված, թե՞ մկրտությունը

Բարեգործությո՞ւնն է ավելի պահանջված, թե՞ մկրտությունը

Ովքեր փոքրիշատե գիտեն Հայաստանյայց առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականությանը, եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին, բնականաբար, գիտեն Արիս Սրբազանին: Ե՛վ այն պատճառով, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունում, Սուրբ Հակոբյանց միաբանությունում փոքրաթիվ արքեպիսկոպոսներ կան, այդքանով էլ նրանց մասին համարյա բոլորը լսել են,  ե՛ւ այն, որ Արիս Սրբազանը երկար տարիներ Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետն էր, մամուլի հետ շփումների համար լիազորված անձը, եւ պաշտոնի բերումով նրա անունն առավել հաճախ է հնչել: 

Համարյա ինչպես Պոլսո հայոց պատրիարքություն ասելիս ամենքի մտքում Աթեշյան Սրբազանի եւ Սահակ Սրբազանի (Մաշալյան) կերպարներն են հառնում, այնպես էլ Երուսաղեմի պատրիարքությունը Նուրհան պատրիարքի եւ Արիս Սրբազանի հետ է ասոցացվում: Այդքանով էլ բավականին զարմացա, երբ անցյալ տարեվերջին տեղեկացա, որ Արիս Սրբազանը գործնականում ավարտել է ծառայությունը Երուսաղեմում եւ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում (Երուսաղեմ պարզապես պարբերաբար այցելում է): Հայաստանում բարեգործական հիմնադրամ է ստեղծել եւ դրանով է զբաղված: Հիմնադրամի ծրագրերը գերազանցապես իրականացվում են Շիրակի մարզում, եւ Սրբազանն էլ, չնայած բավականին առաջացած տարիքին (այս տարի նրա 85 ամյակն է տոնվում), անձամբ անվերջ ճամփորդում է Երեւանի եւ Շիրակի մարզի բնակավայրերի միջեւ: 

Բնականաբար, հետաքրքրվեցի, թե բարեգործական  ծրագրերի իրականացման համար ինչո՞ւ է հատկապես Շիրակի մարզն ընտրվել, արդյո՞ք 88-ի երկրաշարժի, հետո էլ տասնամյակներ շարունակ աղետի գոտի լինելու պատճառով: Սրբազանն ասաց՝ դա էլ է դեր կատարել, բայց ավելի որոշիչ է հանգամանքը, որ Շիրակի մարզը սահմանակից է կորսված հայրենիքին, Արեւմտյան Հայաստանին, Անիին: Հետաքրքիր էր Սրբազանից նման միտք լսելը. հոգեւորականների, երբեմն նույնիսկ աշխարհիկ մարդկանց ձգտումը ծերության տարիներին սովորաբար լինում է Երուսաղեմին եւ Աստծուն մոտ լինելը, իսկ Սրբազանին, ահա, ավելի ձգել է հայրենիքը: 
Մինչ այժմ Շիրակի մարզի մի քանի գյուղերում է Արիս Սրբազանի հիմնադրամը ծրագրեր իրականացրել, մի տեղ դա եղել է դպրոցի ջեռուցման եւ ջրի համակարգերի վերանորոգում, մեկ այլ տեղ` բժշկական սպասարկում, դեղորայքային օգնություն կարիքավորներին, ուրիշ դեպքում՝ մանկապարտեզի բարեկարգում եւ այլն, բայց ավելի հետաքրքիրն այն է, թե սոցիալական աջակցության, բարեգործության ծրագրերն ինչպես են սահուն կերպով հոգեւոր կողմ եւ իմաստ ձեռք բերել: Ինչպես «Արիս հիմնադրամի» տնօրինուհին՝ Սյուզաննա Մարտիրոսյանը պատմեց, Շիրակի գյուղական բնակավայրերի բնակիչները, տեսնելով Սրբազանին, իրենք են նախաձեռնություն ցուցաբերել, մոտեցել եւ խնդրել իրենց մկրտել: Դիմել են ամենատարբեր տարիքի մարդիկ` մանկահասակ երեխաներից, նրանց ծնողներից  մինչեւ ծերունիներ: 

Սյուզաննայի պատմելով՝ հատկապես գյուղերում մարդիկ այնպիսի ներքին հավատով ու անկեղծությամբ են Սրբազանին խնդրել իրենց կնքել իբրեւ ճշմարիտ քրիստոնյաներ, որ ճիշտ չէր լինի նրանց քրիստոնեական գիտելիքներ ունենալ-չունենալու վրա կենտրոնանալ: Ուղղակի մարդիկ, որ նյութական կարիքների մեջ են թաղված, որպես հոգեւոր նեցուկ, հույսի նորոգման աղբյուր, հավատի առհավատչյա՝ ինքնաբուխ, ներքին մղումով ձգտել են մկրտվել: Այդպես ձեւավորվել է զանգվածային մկրտությունների պրակտիկա, եւ անցյալ տարեվերջից մինչ այսօր Արիս Սրբազանը երեւի հազարից ավելի հայաստանցիների է մկրտել, ընդ որում՝ մի քանի հարյուրին՝ Երեւանում, Երեւանի բնակիչների թվից: 
Իհարկե՝ հրաշալի է, որ մարդիկ ինքնաբուխ, ոգեւորությամբ, խմբերով գնում են մկրտվելու, բայց դրանում վտանգ չկա՞, որ այդպես մկրտության ծեսը կարող է կորցնել Աստծո հետ հոգեւոր հաղորդության խորհուրդը եւ վերածվել ձեւականության: Սրբազանին հարցրի, թե մի քանի ժամում հարյուրից ավելի մարդու մկրտելիս արդյոք արարողությունը հոգեւորից մեխանիկականի չի՞ վերածվում, եթե մարդը, ընդամենը քրիստոնեության ու Քրիստոսի անունն իմանալով, բովանդակային գրեթե ոչինչ չիմանալով, քրիստոնյա է կնքվում, դա ինչո՞վ պիտի նրան լուսավորի, ինչի՞ պիտի պարտավորեցնի, ինչպե՞ս պետք է հավատքի մեջ հաստատուն պահի: 

Սրբազանի պատասխանն այնքան հետաքրքիր էր, որ դրա կապակցությամբ այս ամբողջ ակնարկը որոշեցի գրել: Սրբազանը պատմեց, որ ԱՄՆ-ում իր հոգեւոր ծառայության տարիներին (Արիս Սրբազանն ԱՄՆ-ում ծառայել է երկու-երեք տասնամյակ) եղել են դեպքեր, երբ այլադավանները ցանկացել են դավանափոխ լինել, անգամ կրոնափոխ լինել՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու զավակ դառնալ: Սրբազանը մի պարսիկ ընտանիքի մասին պատմեց, որի բոլոր անդամները`մայրը, որդին, դուստրը, որոշել են իսլամը թողնել, քրիստոնեություն ընդունել եւ Սրբազանին դիմել են, որպեսզի իրենց մկրտի: Սրբազանը համաձայնել է, բայց մինչեւ մկրտվելը նրանք վեց ամիս քրիստոնեություն եւ Հայց. եկեղեցու կանոններն են ուսումնասիրել, հասել են իմացության ընդունելի աստիճանի, հետո միայն մկրտություն ստացել: 

Իսկ հայերին մկրտելիս, ինչպես Սրբազանը բացատրեց,  քրիստոնեության, Հայաստանյայց եկեղեցու իմացության պահանջներ չեն առաջադրվում այն ակնկալությամբ, որ մկրտվողի կնքահայրը, կնքամայրը հետագայում կզբաղվեն նրա քրիստոնեական ուսուցմամբ ու դաստիարակությամբ: Որքանով է դա արվում` այլ հարց է: Հայաստանում եկեղեցիներին կից կիրակնօրյա դպրոցներ չկան, որտեղ քրիստոնեություն ուսուցանվի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն չի կարողանում այնքան հոգեւորականներ պատրաստել, որ կրթա-քարոզչական գործունեությունը բավարար լինի, պատարագների մասնակցելը, եկեղեցական քարոզներ լսելը Հայաստանում մեծ տարածում չունի: Այդ ամենը խնդիրներ են, որոնց կարգավորումը ժամանակ է պահանջում: 
Դրա համար էլ առայժմ մարդկանց մկրտում են` անսալով լոկ քրիստոնեական մկրտություն ստանալու նրանց տենչին` հուսալով, որ ժամանակի ընթացքում նրանք կհասնեն նաեւ քրիստոնեության իմացության, գիտակցության եւ հավատի: