Բնաղետ՝ Կանադայում․ սպառնալիքի տակ են ԱՄՆ-ն և Նորվեգիան

Բնաղետ՝ Կանադայում․ սպառնալիքի տակ են ԱՄՆ-ն և Նորվեգիան

Կանադայում բռնկած հարյուրավոր անտառային հրդեհների ծուխը շուտով կարող է հասնել Նորվեգիա և առողջական խնդիրներ առաջացնել բնակչության համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նորվեգացի մասնագետների կարծիքով՝ ծխի թանձր շերտերն արդեն նկատվում են Գրենլանդիայում և Իսլանդիայում, մոտ ապագայում այն ​​կհայտնվի նաև Նորվեգիայի հարավում։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Կանադայի Քվեբեկ նահանգում անտառներ են այրվում, իր հերթին հայտնում է BBC-ն։ Գործակալության տվյալներով՝ անտառային հրդեհների տարածքը կազմում է 3,3 միլիոն հեկտար։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արդեն ասել է, որ երկիրը բախվում է «հրդեհների ամենավատ սեզոնին»: 

Հազարավոր չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են ուժեղ ծխի պատճառով։ Կանադայում անտառային հրդեհները բնորոշ են տարվա այս եղանակին: Սակայն այս տարվա հրդեհների մասշտաբները անսովոր են՝ մասամբ պայմանավորված ավելի չոր եղանակով և ավելի տաք ջերմաստիճանով:

Երկրում շարունակվող բնաղետը հազարավոր կանադացիների ստիպել է լքել իրենց բնակավայրերը, տասնյակ միլիոնավոր մարդիկ Հյուսիսային Ամերիկայում զգուշացվել են օդում տարածվող ծխի հնարավոր վտանգի մասին:
Կանադայի և ԱՄՆ-ի շատ քաղաքներում, այդ թվում՝ Տորոնտոյում, Օտտավայում, Նյու Յորքում և Վաշինգտոնում, երկինքը դարձել է նարնջագույն: Օտտավայի իշխանությունները հրդեհներից օդի աղտոտվածությունը չափազանց վտանգավոր են համարում մարդկանց, հատկապես՝ շնչառական հիվանդություններով տառապողների առողջության համար։

Նյու Յորքում և Վաշինգտոնում հանրային դպրոցները փակվել են, իսկ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող է վատթարանալ և կոչ է արել հանրությանը անհարկի չլքել իրենց տները:
Միաժամանակ, Սպիտակ տունը հայտնել է, որ օգնություն է ուղարկում Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: