Անկումը շարունակվում է

Անկումը շարունակվում է

Նախօրեին կանխատեսել էինք, որ Եվրոպայից ստացած «ապտակների» ազդեցության տակ իշխանությունը կփորձի սրբագրել Սահմանադրական դատարանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունը, սակայն դժվար թե հետ կանգնի իր համար գերնպատակ դարձրած մտադրությունից՝ հեռացնել Հրայր Թովմասյանին եւ ՍԴ ներկայիս կազմը, բացառությամբ աշխատանքի չգնացող Վահե Գրիգորյանի։ Ենթադրել էինք, որ արդեն շրջանառվող օրինագծից (պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած) կհրաժարվեն, բայց մի այլ անհեթեթ միտք կհղանան։ Չէ որ այս «խնդրի» լուծման ճանապարհին նախ ՍԴ ուղարկեցին մի նախագիծ՝ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար, ապա օրենք ընդունեցին՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին՝ չստացվեց։ Օրեր առաջ էլ շրջանառության մեջ դրվեց ՍԴ-ն շրջանցելու համար մտածված մի օրինագիծ, որը, իրավաբանական հանրության կարծիքով, անօրինական է։ Բայց անգամ Եվրոպայից եկած ազդակները ոչինչ չհուշեցին մեր իշխանություններին։

Երեկ իշխանական իրավաբանական միտքը մի նոր թռիչք արձանագրեց՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան 37 պատգամավորներ․ 36-ը՝ «Իմ քայլից», 37-րդը՝ Արման Բաբաջանյանը, որոնք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Պարզ ասած՝ որոշել են օրենքով դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանից եւ Արման Դիլանյանից։ Ուշագրավն այն է, որ 36-ից մեկը մեզ հետ զրույցից տեղեկացավ, որ ինքը նման նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այս անօրինական գործընթացների ֆոնին երեկ մի տեսակ ստվերում մնաց նոր իշխանությունների հերթական ներկայացուցչի ձերբակալությունը, ում մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Այսինքն, կոռուպցիան վերացնելու խոստումը չի կատարվել, իսկ անօրինականությունը հաստատվել է երկրում։