Ճկուն եւ հետեւողական

Ճկուն եւ հետեւողական

Քաղաքականությունը, ասում են, հնարավորի արվեստ է: Քաղաքականությունը մի կողմից՝ անհաշտ պայքար, մյուս կողմից` ճկունություն է ենթադրում: Սկզբունքային հարցերում` անզիջում պահվածք, ոչ սկզբունքային հարցերում` ներողամտություն ու կոմպրոմիսների գնալու ունակություն եւ ամենակարեւորը` սկզբունքային խնդիրներն ու կոմպրոմիսների դաշտը միմյանցից զատելու ունակություն: Մեզանում, ցավոք, ամեն ինչ գլխիվայր է շրջվել` ամենսկզբունքային հարցերում մեր քաղաքական գործիչներն արագությամբ նահանջում են, իսկ մանր-մունր հարցերում հետեւողականորեն մարտնչում` ոչ մի սանտիմետր չզիջելով իրենց դիրքերը:

Ի՞նչ անուն տաս այն ընդդիմությանը, որն ի սկզբանե հայտարարել է, թե իշխանափոխությունն է գերնպատակը, եւ մինչեւ պատերազմում պարտված իշխանությունը չհեռանա, մեր երկիրն ապագա չունի, մեր պարտությունները շարունակվելու են` երկիրը հասցնելով կործանման եզրին, սակայն ոչ մի կերպ չի կարողանում միավորվել եւ միասնական դիրքերից հանդես գալ: Մանր-մունր տարաձայնությունները, նեղ անձնական ամբիցիաները, հին վիրավորվածություններն ու ոչ էական անհամաձայնությունները թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն եւ միասնական պայքար ծավալեն:

Փոխարենը` հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են իրենց ընդդիմություն հռչակած ուժերն ամենակարեւոր հարցերում արագ զիջում, ծախվում, սատարում այն նույն իշխանություններին, որին եռանդուն քննադատում էին ժամանակին: Թվում է` ի՞նչը կարող է խանգարել ՀՀ նախկին նախագահներին ու վարչապետներին` հանուն Հայաստանի ապագայի, հանուն համազգային համերաշխության համախմբվել եւ պայքարի միասնական ճակատ կազմել: Նրանք` առանձին-առանձին շարունակ խոսում են երկիրը փրկելու անհրաժեշտության մասին, բայց չեն կարողանում միավորվել: