Եթե պետք է նստեն, թող նստեն երեքով ու նույն խցում

Եթե պետք է նստեն, թող նստեն երեքով ու նույն խցում

Այսօր դատարանը հերթական անգամ որոշեց Ռոբերտ Քոչարյանին նորից թողնել կալանքի տակ։ Եվ դրանից եղան և՛ ուրախացողներ,որոնք չթքցրեցին իրենց հրճվանքը, և՛ տխրողներ․․․ Ես՝ անձամբ, ոչ տխրեցի, ոչ ուրախացա, քանզի ես նորմալ եմ վերաբերվում դրան, հասկանում եմ, որ ի վերուստ որոշվել է՝ «ուզես-չուզես, պիտի կալանքը տաս», դատարանն էլ տալիս է, բա ի՞նչ անի խեղճ դատարանը, որ կրակն է ընկել բոլոր իշխանությունների ձեռքը․․․


Քոչարյանի նստելով, պայմանական ասած, կարելի է «ուրախանալ», եթե նրա հետ միաժամանակ նաև Լևոնը և Սերժը նստեն, կապ չունի՝ ինչ հոդվածով, թող լինի թեկուզ հենց Մարտի 1-ի։ Ես, իհարկե, դեմ եմ նրանցից որևէ մեկչին նստեցնելուն, քանզի Քոչարյանին, Սերժին կամ Լևոնին նստեցնելով հայ ժողովդի սոցիալ-տնտեսական պահանջմունքները չեն բավարարվի, կբավարարվեն ընդամենը ինչ-որ անձանց նեղ ամբիցիաները։ Բայց եթե մեր ժողովրդի գերագույն նպատակը, ամեն դեպքում, այս անձանց ճաղերի հետևում տեսնելն է, այլ ոչ թե վերջապես նորմալ, բարեկեցիկ երկրում ապրելը, ապա թող նստեն երեքն էլ, և դա պետք է մարդկանց «ուրախացնի» ոչ թե նրա համար, որ քո երկրի երեք նախկին նախագահները վերջապես ճաղերի հետևում են, այլ բացառապես արդարության և արդարադատության հաստատման համար։ Ի դեպ, այս երեք անձանց նախագահ անվանելով՝ բնավ նկատի չունեմ, որ նրանք լեգիտիմ, օրինական ընտրված նախագահներ են եղել, քանզի երեքն էլ՝ թե՛ Լևոնը 96-ից հետո, թե՛ Ռոբերտն ու Սերժը՝ վերջին 20 տարում, նախագահ են ընտրվել բացառապես կեղծիքներով, կաշառքով ու մարդկանց ահաբեկելով։ Եվ դա ոչ ոք չի կարող հերքել։ Իսկ թե ինչ տեսակի վայրագություններով են կեղծել Լևոնի ընտրությունները 96-ին, դա գոնե ինձ դրվագներով պատմել ու խոստովանել են անձամբ ՀՀՇ-ականները, որոնք մասնակցել են այդ լցոնումներին ու կեղծիքներին։ Քոչարյանի ու Սերժի ընտությունների ժամանակ կատարված վայրենությունների և ընտրակեղծարարությունների մասին էլ՝ չասեմ, էդ բոլորս ենք մեր աչքով տեսել ու մեր մաշկի վրա զգացել։


Ի դեպ, եթե ամեն դեպքում պետք է նստեն, ցանկալի է, որ այդ երեքը նստեն նույն խցում, որ պարտադրված լինեն ամեն վայրկյան իրար երեսի նայելու և իրար մեղադրելու, թե հատկապես որ մեկի մեղքով են իրենք այսօր այդ վիճակում, երկիրն էլ՝ այս վիճակում։ Թող նստեն, իրար աչքերի նայեն, մտածեն ու հասկանան, թե իրենցից յուրաքանչյուրը էս 30 տարիների ընթացքում ինչ ահռելի վնաս է հասցրել Հայաստանին ու հայ ժողովրդին իր գոյությամբ, և ով է ամենամեծ վնասատուն իրենցից։ Լևոնը, ի դեպ, պետք է պատասխանատվություն կրի, ըստ իս, կրկնակի, այսինքն՝ ոչ միայն Մարտի 1-ի և իր իշխանության օրոք տեղի ունեցած տարատեսակ այլանդակությունների համար, այլ նաև Սերժին ու Քոչարյանին, ինչպես ինքն է խոստովանել, բերել-մեր վզին փաթաթելու համար․․․ ու որ շատ խորանանք, երևի թե ոչ միայն Սերժին ու Քոչարյանին։