Կոմբայնը խոտի փոխարեն դաշտամուկ է «հնձում»․ ինչ է կատարվում Շիրակի դաշտավայրերում (տեսանյութ, լուսանկարներ)

Կոմբայնը խոտի փոխարեն դաշտամուկ է «հնձում»․ ինչ է կատարվում Շիրակի դաշտավայրերում (տեսանյութ, լուսանկարներ)

Շիրակի մարզի ֆերմերները երկար տարիներ է՝ նման խնդրի չէին բախվել, հիմա պարզապես շվարած են․ որտեղից այդքան դաշտամուկ, որ միանգամից լցվեցին ու ողջ բերքը կերան։ Դաշտային մկների հարձակումը Շիրակի մարզի ֆերմերներին հնարավոր է թողնի առանց բերքի։ Կրծողներն ամենից շատ խնդիրներ են առաջացրել Արթիկ և Ախուրյան համայնքներում։Այնտեղ մկները ոչնչացրել են հացահատիկի, ճակնդեղի, կարտոֆիլի և այլ մշակաբույսերի բերքը։ Ֆերմերների խոսքերով ՝ նման քանակի մկներ իրենք դեռ չեն տեսել։

«Եթե նախկինում մենք էին ասում՝ ոչինչ, դե, ամբողջ բերքից մի քանիսն էլ թող դաշտամուկը ուտի, հիմա հակառակն է, հեկտարներով բերքից  դաշտամկներն են մի քանի հատ առողջ թողնում, որ մենք տանենք »,- hraparak.am-ի հետ զրույցում ասում է շիրակցի ֆերմեր Տիգրան Ավագյանը՝ ցույց տալով դաշտամկների պատճառած անասելի վնասը՝  ամբողջությամբ կրծոտած դաշտի բերքը՝ կաղամբը , տաքդեղն ու բազուկը։«Կոմբայնը խոտի փոխարեն դաշտամուկ է հնձում»,- որպես ապացույց ցույց է տալիս ֆերմերը ։ Տհաճ է արձանագրել, թե խոտի հետ միասին որքան դաշտամուկ են մսաղացի բաժին դառնում։

«Անոմալ եղանակային ֆոնին են բազմացել»,-ասում է ֆերմերը՝ նշելով, որ ի զարմանս տեղացիների՝ երամով արագիլներ են հայտնվել, ոզնիներն ու օձերն են շատացել ։ Ոզնիներն էլ իրենց հերթին են կաղամբը կրծում։« Սա պետական հոգածության հարց է, պետությունը պետք է համապատասխան դեղորայքով ապահովի։ Մի տեղ տվել են, բայց տարօրինակ է, որ օգտգործելուց հետո ավելի են շատացել»,-ասաց Տիգրան Ավագյանը։

Բոլորովին վերջերս Շիրակի մարզից ԱԺ գործուղված, «Հայաստան» խմբակցության  պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ  Մհեր Մելքոնյանն է խնդրին անդրադարձել՝ մասնավորապես նշելով․

«Սա ներկայումս ամենամեծ սպառնալիքն է գյուղացիների համար։

Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և սպառնում է վերածվել լուրջ բնապահպանական աղետի: Ֆերմերները պարզապես չեն կարողանում գլուխ հանել մկներից, քանի որ կրծողները բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, իսկ հողը մշակել հատուկ ռեագենտով հնարավոր չէ, քանի որ մկների հետ կոչնչացվի նաև բերքը։
Ֆերմերները քիչ այլընտրանք ունեն, բացի հողը հերկելուց, բայց դա չոր պայմաններում կարող է վնասակար ազդեցություն ունենալ հետագա սեզոնային ցանքի վրա:

Ինչպես բնապահպանների, այնպես էլ ֆերմերների կարծիքով հավասարապես արդյունավետ կլիներ ցուրտ ձմեռը, որին կհաջորդեին հորդառատ անձրևները։

Վերջին օրերի ընթացքում ինձ դիմած բազմաթիվ քաղաքացիների ահազանգերի հետքերով այսօր Ախուրյանում էի,որտեղ տեղում ծանոթացա իրավիճակին։

Տվյալ հարցը համալիր եւ պետական լուծում է պահանջում։

Պատկան մարմիններին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել և արագ լուծում գտնել տվյալ խնդրին»։

Մանրամասն՝ տեսանյութում