Իշխանությունն, իսկապես, ընկա՞ծ է փողոցում 

Իշխանությունն, իսկապես, ընկա՞ծ է փողոցում 

Սոցցանցերում, հատկապես մայրաքաղաքի ավագանու ընտրությունում նիկոլականների համարյա թե պյուռոսյան հաղթանակից հետո, տարածում է գտել Ռուսաստանում 20-րդ դարասկզբին ծագած «Իշխանությունն ընկած է փողոցում՝ վերցնող չկա» արտահայտությունը: Մեր իրողությունների առնչությամբ այն, բնականաբար, ենթադրում է, որ Նիկոլի իշխանությունն այլևս ոչ ևս է: Կամ գոնե իշխանությունն այնքան է թուլացել, որ մի վերջին հարված հասցնելով՝ կարելի է գրողի ծոցն ուղարկել այն: Եվ եթե դա ավելի պարզեցնենք, ապա կստացվի, որ վարչապետի պաշտոնին այլևս Նիկոլը չէ: Այն դատարկ է (եթե կարելի է այդպես արտահայտվել), և պարզ չէ, թե առկա է արդյոք նրանում մեկ այլ անձ: Բայց դա այդպե՞ս է արդյոք: 

Իհարկե, ոչ: Արդեն որերորդ անգամ վտանգի դեպքում բունկերում թաքնվող այդ անձը վերադարձել է Պռոշյան փողոցի կառավարական «դաչաներ»: Եթե այդպես չլիներ, ապա պարսպապատ այդ տարածքը ոստիկաննների կողմից չէր պաշտպանվի այնքան ամուր, որքան իրականացվում է փողոցային բողոքների օրերին: Ընդհանրապես, փողոցում ընկած իշխանության մասին կարելի էր խոսել միայն այն ժամանակ, երբ երկրում արդեն հաստատված լիներ երկիշխանություն: Այսինքն, գործող իշխանությունն արդեն ի վիճակի չլիներ ճնշելու հակակառավարական բողոքի ցույցերը, իսկ այդ ցույցերն էլ դեռևս չկարողանային հրաժարական պատադրել իշխանությանը: Ի վերջո, իշխանությունն անտեր է մնում, երբ իրավապահ համակարգը դադարում է լինել իշխանության հենարանը: Եվ կամ արմատական ընդդիմությունը ձևավորում է սեփական զինված ուժերը: Եվ գործող իշխանությունը չի կարողանում զինաթափել անօրինական զինջոկատները:   

Եվ այդ պարագայում այն քաղաքական ուժը, որն ունենալով զինված ուժեր՝ կգնար արմատական քայլերի, նա էլ կունենար նման բանաձևումի (իշխանությունն անտեր ընկած էր փողոցում ու մենք վերցրինք այն) իրավունքը: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1917 թվականի հոկտեմբերին՝ երբ բոլշևիկները Ռուսաստանում վերցրին իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից: Ինչը կատարվեց ընդամենը 3 հազար զինված նավաստիների շնորհիվ: Թեմայից շեղվելով ասեմ, որ շուրջ կես տարի անց նույն այդ նավաստիներն ապստամբեցին արդեն հաստատված բոլշևիկյան իշխանության դեմ, բայց դաժանաբար ճնշվեցին: Թեմային վերադառնալով ասեմ, որ մեզանում իրադրությունը լրիվ հակառակն է: Նիկոլի իշխանությունը զինված ուժերի միակ «սեփականատերն» է: Ընդ որում, թե՛ օրինական և թե՛ անօրինական. հիշենք կառավարական «դաչաներում» ժամանակին, ի պաշտպանություն անձամբ Նիկոլի, ձևավորված «հեղափոխական հրոսակախմբերը»: Դրան գումարած՝ իրավապահ համակարգը գործում է ոչ թե օրինականության շրջանակում, այլ իշխանության, կամ ավելի ճիշտ՝ անձամբ Նիկոլի պատվերով:

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 10-ից այս կողմ տարին մի քանի անգամ կրկնվել է «իշխանությունն ընկած է փողոցում» արտահայտությունը, սակայն Նիկոլը դեռևս շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Իսկ իրավապահ համակարգն էլ շարունակում է սպասարկել վարչապետի պաշտոնից կառչած անձի անձնական (և ընտանեկան) շահերը: Դրա վերջին դրսևորումներից է, ըստ «Հրապարակ»-ի տեղեկատվության, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին Քննչական կոմիտե «հրավիրելը»: Նրան ասվել է, որ իր  դեմ քրեական գործ է հարուցվում մեկ տարի առաջ կատարած գրառման կապալցությամբ: Ահա այն. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»: Ինչը Քննչական կոմիտեի կողմից դիտարկվել է որպես հրապարակային բռնության կոչ: Ես, օրինակ, դա կդիտարկեի ընդամենը որպես բարեկամական նախազգուշացում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Որովհետև իրադարձությունների զարգացումը միշտ չէ, որ հնարավոր է կանխատեսել: Ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլի կեսերին: Այն օրերին, երբ ոստիկանները բողոքավոր էին որսում փողոցներում և տանում քաղբաժին: Արդյունքում բողոքավորների քանակը պակասում էր, և մարդկանց թվում էր, թե Սերժին մերժելու շարժումն անկում է ապրելու: 

Այս հոդվածը չէր գրվի, եթե «իշխանությունն ընկած է փողոցում՝ վերցնող չկա» դատողությունն իր մեջ չպարունակեր այս օրերի մեր պայքարի տեսակետից բավական վնասակար երկու դրույթ: Առաջինն այն է, որ իշխանությունն արդեն այնքան թուլացած է, որ անտեր շան նման ընկած է փողոցում: Բայց դա այդպես չէ, ինչը կարող է հանգեցնել չափազանցված հույսերի առաջացման: Իսկ դա, սովորաբար,շարժման համար լավ ավարտ չի ունենում: Որովհետև հուսավառվելն ու հուսահատվելը իրար հաջորդող քրոջ-եղբոր նման են: Երկրորդ բաղադրիչն ավելի քան պարզ է. այսօրվա ընդդիմությունը բանի պետք չէ: Քանի որ ի վիճակի չէ փողոցում ընկած իշխանությունը վերցնել: Ընդդիմադիր անձի կողմից ընդդիմությանը քննադատել կամ, ավելի ճիշտ, նրան ճիշտ ուղիներ առաջարկելն ընդունելի վարքագիծ է: Սակայն նրան նշված տարբերակով սխալ հանելը՝ հաստատ ոչ: