Բաներ կան՝ տեսել եմ, բայց չեմ ուզենա մեկնաբանեմ․ պարտված թեկնածու Արթուր Ղազարյան

Բաներ կան՝ տեսել եմ, բայց չեմ ուզենա մեկնաբանեմ․ պարտված թեկնածու Արթուր Ղազարյան

Աբովյանի ընտրություններում պարտված թեկնածուներից Արթուր Ղազարյանը, որը նախնական հաշվարկով ընդամենը 139 ձայն է հավաքել, կարծում է, որ ընտրությունները կազմակերպված էին շատ բարձր մակարդակով, և աբովյանցին իրեն արժանի ընտրություն է արել։ Հիշեցնենք, որ այդ արժանի ընտրության արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ, ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը։ Նրան ընդամենը 400 ձայնով զիջեց ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանը։

Արթուր Ղազարյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաջողություններ մաղթեց հաղթած թեկնածուին։ Ղազարյանն ինքնառաջադրված էր, որևէ քաղաքական ուժ, ըստ նրա, իրեն չէր սատարում։

-Պարոն Ղազարյան, հասարակությունը, այդ թվում՝ աբովյանցիները, Ձեր և մյուս թեկնածուների մասին շատ տեղեկացված չէին, քանզի պայքարը կարծես ընթանում էր երկու հոգու միջև՝ ՔՊ-ի թեկնածուի և գործող քաղաքապետի։ Եվ Դուք ստվերում մնացիք այդ ֆոնին։ Արդյոք սա ազդե՞ց Ձեզ քվեների վրա։

-Ինձ թվում է՝ դա վերլուծաբանների խնդիրն է, իրենք կփորձեն ինչ-որ բաներ գտնել կամ չգտնել։

-Դուք, ամեն դեպքում, զգո՞ւմ էիք, որ պայքարը երկու թեկնածուների միջև է ընթանում, և Դուք հայտնվել էիք, այսպես ասած, լուսանցքում կամ ստվերում։

-Չէ, ասացի, չկար տենց բան, բոլորի համար հավասար պայմաններ էին ստեղծված։ Կարող է սատարող ուժեր կային պետական ռեսուրսներից, բայց դա ինձ ոչ մի բան չի ասում։ Աբովյանցին իր քայլն արեց ու իր որոշումը կայացրեց՝ անկախ սատարող ուժերից, անկախ ամեն ինչից։

-Իսկ պետական ռեսուրսի չարաշահում նկատե՞լ եք, քանզի դժգոհում էին, որ Կոտայքի մարզպետն իր մարզպետական ռեսուրսներն էր ներդրել, որ անցկացներ իրենց թեկնածուին։

-Ինձ թվում է՝ դիտորդական խմբերն իրենց մեկնաբանությունները կտան։

-Անկախ դիտորդների մեկնաբանություններից՝ Դուք անձամբ տեսե՞լ եք պետական ռեսուրսի չարաշահում։

-Բաներ կան՝ տեսել եմ, բայց էլի չեմ ուզենա մեկնաբանեմ։ Բաներ կան՝ հա, ակներև է եղել, թե՛ պատգամավորների քանակից, թե՛ Աբովյան մտած նախարարների քանակից։

-ՔՊ-ի թեկնածուի օգտի՞ն, թե՞ այլ։

-Կապ չունի, նախարարները էդքան չէին գալիս Աբովյան։

-Այսինքն՝ այս ամենն ազդե՞լ է վատ իմաստով մյուս թեկնածուների քվեների վրա։

-Չէ, պետք չի տենց միաժամանակ ասել՝ վատ իմաստով։ Մենք հիմա ի՞նչ ենք անում, վերլուծում ենք՝ արվել է, թե՝ ոչ, չէ՞։ Այսինքն՝ գնահատական չենք տալիս, թե վատ իմաստով է արվել, թե լավ։ Բայց տենց բան արվել է։

-Շնորհավորելո՞ւ եք վերընտրված քաղաքապետին։

-Միանշանակ, իհարկե։ Չէ՞ որ ես էլ եմ Աբովյանի քաղաքացի, ու ես էլ եմ ապրում էս քաղաքում։ Ու ես էլ մնացած աբովյանցիներին կմիանամ, ովքեր որ շնորհավորանքներին են միացել բնականոն քաղաքացիական կյանքը ապրելու համար։