Ի՞նչ ռիսկեր էին պարունակում ՏԻՄ ընտրությունները

Ի՞նչ ռիսկեր էին պարունակում ՏԻՄ ընտրությունները

Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն օրվա լրահոսին եւ սոցցանցերի արձագանքներին հետեւելով՝ կարելի է եզրակացնել, որ ՏԻՄ ընտրություններ տեղի են ունեցել միայն ՀՀ-ի չորրորդ խոշոր քաղաքում՝ Աբովյանում։ Այստեղ պարտվել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Գեւորգ Գուլյանը, հաղթել է անկուսակցական գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որը վայելում է խորհրդարանական  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցությունը։

Մենք անդրադարձել ենք, որ ՏԻՄ ընտրություններում հիմնականում առաջադրվել են անկուսակցականները, քչաթիվ թեկնածուներ ՔՊ-ից, ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից։
Որքանո՞վ էին ազատ եւ արդար ՏԻՄ ընտրությունները։

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, գնահատելով նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում մաժորիտար են, այդ իսկ պատճառով էլ առաջադրվում են անկուսակցական թեկնածուներ, ոչ թե կուսակցական։ Երկրորդը, ըստ նրա, ռիսկեր կային, եւ դրանք արտահայտվեցին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստը փոխվում է քաղաքականի։ 

Էմին Երիցյանը հիշեցնում է, որ նախկինում նման դիտարկումներ արել է նաեւ Եվրոպայի խորհուրդը։ 

«Երբ երկու կուսակցությունների մրցակցության թեման  է դառնում հիմնական, այլ ոչ թե համայնքային ծրագրերը, կամ էլ նախկին համակարգի դեմ պայքարն է բերվում ընտրությունների համատեքստ, ապա դա փոխում է ՏԻՄ ընտրությունների հիմքը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Աբովյանի ընտրություններին, ապա Էմին Երիցյանը նկատում է, որ այնտեղ մի կողմից գործում էր կուսակցությունը, իսկ մյուս կողմում՝ անկուսակցական  անհատն  էր։ Եվ այդ դեպքում, ըստ նրա,  տեղի ունեցավ կուսակցական եւ մաժորիտար ընտրությունների բախում, եւ այդ առումով կա ընտրական համակարգը բարեփոխելու պահանջ։ Էմին Երիցյանը նկատում է, որ ակնհայտ էր նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսի մասնակցությունը, ինչն  արտահայտվում էր Կոտայքի մարզպետի ակտիվությամբ։ 

«Այդ ակտիվությունը ստեղծում էր տպավորություն, որ պետական համակարգը ակտիվ  ներգրավված է ընտրություններում։ Մյուս կողմից էլ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններն են դառնում ռիսկային։ Քաղաքական բանավեճում, երբեմն պիտակավորումները վտանգում են ընտրություններից հետո այդ երկու ինստիտուտների փոխհարաբերությունները։ Ընդհանուր առմամբ՝ ընտրությունները մրցակցային էին, բայց ադմինիստրատիվ մասնակցության  առումով ռիսկերն ակնհայտ էին»,- նշեց Համայնքների միության նախագահը։ 

Նկատեցինք, որ Աբովյանում Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ իրականացրել է ծրագրեր, բարեգործություն է արել, արդյո՞ք այդ գործոնը  չէր կարող անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա։

Էմին Երիցյանը նշեց, որ դա տեղային խնդիր է, ցանկացած համայնքում էլ ինչ-որ մարդիկ ունեն ազդեցություններ։

«Եթե որեւէ տեղամասում քվեարկում են այս կամ այն թեկնածուի օգտին, քվեարկում են, որովհետեւ ճանաչում են նրան, եւ այդ գործոնը կա։ Մեկը կարող է բարեգործություն անել, մյուսը՝ ճանաչված լինել, դա բոլոր համայնքներում առկա երեւույթ է։ Իսկ այդ ամենը ներկայացնել որպես ՔՊ-ի եւ ԲՀԿ-ի պայքար, նշանակում է խեղաթյուրել ՏԻՄ ընտրությունների էությունը»,- ասաց Էմին Երիցյանը։