Ռազմիկ Աբրահամյանը մեղադրանքն ընդունում է, նախկին փոխնախարարը՝ ոչ. տեսանյութ

Ռազմիկ Աբրահամյանը մեղադրանքն ընդունում է, նախկին փոխնախարարը՝ ոչ. տեսանյութ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Արսեն Դավթյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը մեղադրանքը չի ընդունում, մինչդեռ Ռազմիկ Աբրահամյանը, որը հանդիսանում է կաշառք տված անձը, ասաց, որ որոշակի վերապահումներով, բայց մեղադրանքն ընդունում է։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: