Դա վիրավորանք էր աշխարհի 10-12 միլիոն հայության նկատմամբ

Դա վիրավորանք էր աշխարհի 10-12 միլիոն հայության նկատմամբ

Նոր Տարվա տոնական սկիզբը բոլորիս համար ցանկալի էր, որ անցներ անվրդով ու հանգիստ։ Սակայն պարզվում է, որ Հայաստանյան իշխանությունները որոշել են նույնիսկ տարեմուտի գիշերը այսպես ասած՝ «հարամել»։ Ընթերցողը ճիշտ կռահեց, խոսելու ենք Վեհափառի Ամանորի ուղերձը «Հ1»-ով չհեռարձակելու խնդրի մասին։ Նախ եւ առաջ, արձանագրենք, որ Առաքելական եկեղեցու վերնախավին, անձամբ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսին ոչ մի լրատվամիջոց այնքան չի քննադատել, չի քննադատում եւ ապագայում էլ չի քննադատելու, որքան «Հրապարակը»։

Պատահական չէ, որ «Հրապարակի» Առաքելական եկեղեցու բարձրաստիճան կղերական աղբյուրները նույնիսկ մասնավոր զրույցներում նշում են, որ Մայր Աթոռի վերնախավում «Հրապարակի» հրապարակումներից հետո նույնիսկ «ներքին հետաքննություններ» են իրականացնում, որպեսզի պարզեն, թե որն է «Հրապարակի» աղբյուրը և ինչպես ենք տեղեկություններ ստանում Մայր Աթոռի վերնախավի «շնչած-արտաշնչածից», երբ նույնիսկ միջին դասի կղերականներն այդ մասին չեն իմանում։ Սակայն այս ամենով հանդերձ, «Հրապարակի» գոյության ողջ ընթացքում չի եղել մի դեպք, երբ Վեհափառի Ամանորի ուղերձը չհրապարակվի մեր կայքում։

Եթե անգամ ուղերձի բովանդակության հետ կապված հետո քննադատական հոդված է հրապարակվել, միեւնույնն է, ուղերձը պարտադիր եղել է կայքում։ Պատճառը պարզ է. կան ինստիտուտներ, կան ավանդույթներ, որոնք պետք է պահպանվեն՝ անկախ ամեն ինչից, անկախ մեր՝ այդ ինստիտուտները ղեկավարող անձի կամ անձանց հանդեպ, կամ ավանդույթների հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Ու մենք հարգում ենք այս ավանդույթը` որևէ պարտավորություն բացարձակապես չունենալով, որովհետեւ մասնավոր լրատվամիջոց ենք։

«Հ1»-ը հանրային հեռուստաընկերություն է։ Այսինքն, սնվում է Հայաստանի հարկատուների հաշվին, այդ թվում նաեւ՝ Մայր Աթոռի վճարած հարկերի հաշվին։ Իսկ այդ հարկատուների մեծ մասը Առաքելական եկեղեցու հետեւորդ են իրենց համարում՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական որ ճամբարին են պատկանում։ Հայաստանի իշխող՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունում էլ Առաքելական եկեղեցու հետեւորդներ կան եւ նրանց թիվը քիչ չէ՝ հարյուրներ, չասելու համար հազարներ։ «Հ1»-ը չհեռարձակելով Վեհափառի ուղերձը անհասկանալի պատճառաբանությամբ, ըստ էության՝ խախտեց մի ավանդույթ, որն իր արմատներով հասնում է մինչեւ Հայաստանի անկախացման առաջին շրջան։ Ի վերջո, ավանդույթը հաստատվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից` երբ դեռ Վազգեն Ա-ն էր Ամենայն Հայոց կաթողիկոս։

Այս քայլին կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, սակայն այն առաջին հերթին վիրավորանք է Առաքելական եկեղեցու հետեւորդների համար։ Ստացվում է, որ նաեւ Առաքելական եկեղեցու հետեւորդ հանդիսացողների հարկերի հաշվին սնվող «Հ1»-ը որոշել է, որ պետք է նսեմացնի իրեն սնողների մի ստվար հատվածի հավատքը, կրոնական զգացումները եւ ամենաստվար կրոնական կազմակերպության ղեկավարին։ Սա կարծում ենք, որ բարոյականից այն կողմ, նաեւ՝ իրավական ու քաղաքական հարց պետք է լինի։ Ու «Հ1»-ի ղեկավարությունը պետք է առնվազն բացատրությամբ հանդես գա։

Ավելին՝ Հայաստանի իշխանությունները պետք է բացատրությամբ հանդես գան, որովհետեւ Առաքելական եկեղեցին Հայաստանի կառավարության սեփականությունը չէ, որի ղեկավարի ուղերձը որեւէ պաշտոնյայի ուղերձի հետ նույն հարթությունում գտնվի, այլ աշխարհի 70-ից ավելի երկրում ներկայություն ունեցող ավելի 10-12 միլիոն հայության եւ ցանկացած ոտնձգություն Առաքելական եկեղեցու հանդեպ, արդեն «հարցուպատասխան» է առաջացնում Հայաստանի իշխանությունների համար։ Հուսանք, որ առաջիկայում բացատրություններ կամ ներողություններ կհնչեն։