Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր քաղաքացուն համարել փախստական

Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր քաղաքացուն համարել փախստական

Նախօրեին համացանցում տարածվեց փախստականների ժամանակավոր պաշտպանության վկայականը, որը նախատեսված է արցախցիների համար։ Վկայականի վրա փակագծերով նշված է փախստական բառը։ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Մերի Խաչատրյանն, անդրադառնալով այս վկայականին, նշել էր, որ Կառավարության նիստում հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը, բայց նախագծի հեղինակները պետք է բացատրեն հանրությանը, թե սա ինչ փաստաթուղթ է։ «Եթե ընդունել է, ապա ինչո՞ւ այն չի համապատասխանեցվել Փախստականի և Ապաստանի մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության արդեն իսկ գոյություն ունեցող 1417-Ն որոշման պահանջներին, եթե այս որոշմամբ արդեն իսկ փախստականի վկայականի նկարագիրը տրված է, ինչ կարիք կա նոր կամ ինչ-որ անհայտ ֆորմատով, Նորմատիվ ակտերի մասին ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանող վկայականի ձև մշակել, փակագծեում փախստական գրելը սա ի՞նչ նովացիա է իրավական դաշտում»,- գրել էր Խաչատրյանը։

Իրավագետ Վահե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արցախցիները չեն կարող համարվել փախստականներ, որովհետև նրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր։ «Անկախ նրանից թե ինչ են ասում ներկայիս պաշտոնատար անձինք, երբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի քաղաքացիներին տվել է ՀՀ անձնագիր և այդ անձնագրում չկա. Օրինակ. ճամփորդական տերմինը, ապա թեզն առ այն, որ դա տրվել է զուտ նրանց ճամփորդական ուղևորությունները անարգել կազմակերպելու համար՝ ինքնին հօդս է ցնդում։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր քաղաքացուն համարել փախստական»,-ասաց Գրիգորյանը։

ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր․ «Կառավարությունը որոշում է ընդունել նրանց տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ (փախստականի)։ Որոշումն ուժի մտնելուց հետո` նրանք կարող են դիմել եւ ստանալ ՀՀ քաղաքացիություն, մենք արագ կկազմակերպենք այդ գործընթացը, որից հետո էլ նրանք կարող են դիմել աշխատանքի տեղավորման համար»։ Գրիգորյանը նկատում է. «Իրավական կոլապսը սկսվում է այն պահից, երբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության ստեղծման պահից առ այսօր չի ունեցել միասնական դիրքորոշում Արցախի կարգավիճակի վերաբերյալ՝ պետք է լիներ Հայաստանի՞ մարզ, թե՞ անկախ հանրապետություն, թե՞ հանրապետության կազմում` ինչ-որ սուբյեկտայնության պարագայում։ Եվ դրանով էլ վրա է հասել հետևանքը։ Այժմ ՀՀ Արդարադատության նախարարությունը, ԲԴԽ-ն, Վճռաբեկ դատարանը, Սահամանադրական դատարանը, գլխավոր դատախազությունը չունեն դիրքորոշում Արցախում կայացված դատական ակտերի ու դրանց կատարման վերաբերյալ»,- շեշտեց վերջինս։

Դա էլ իր հերթին է առաջացնելու հազարավոր խնդիրներ։ Մարդիկ, ովքեր դատարանի վճռով ճանաչվել են պարտապան, սնանկ կամ մեղավոր, իրենց գույքը ճանաչվել է բռնագանձման ենթակա, այդ բոլոր ակտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է դիրքորոշում ունենա։ Ռացիոնալ կառավարություն ունենալու պարագայում Արցախից Հայաստան տեղափոխված բոլոր քաղաքացիների նկատմամբ նույն մոտեցումը կդրսեւորեին, ինչ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

«Իսկ եթե առհասարակ նորմալ իշխանություն ունենայինք, չէր լինի Արցախի հայաթափում, որ մի բան էլ Արցախի քաղաքացիները տեղահանվեին Հայաստան։ Արցախից եկած 100 հազար քաղաքացիները միասեռ, միակարծիք, նույն մտածողությունն ունեցող մարդիկ չեն, նրանց մեջ էլ կան հազար ու մի մարդիկ, մի մասի նկատմամբ պարզ է չէ՞, որ այս իշխանությունները շատ լավ են վերաբերվելու, մի մասին՝ լրիվ այլ կերպ, այնպես որ․․․»,-ասաց Վահե Գրիգորյանը։