Եթե ուզում ենք պատմագիտությունը հողին հավասարեցնել, ապա այս նախագիծը պետք է իրականացվի․Աշոտ Ղուկասյան

Եթե ուզում ենք պատմագիտությունը հողին հավասարեցնել, ապա այս նախագիծը պետք է իրականացվի․Աշոտ Ղուկասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգը և չափորոշիչները պատմագիատական հանրությունում բուռն քննադատության են արժանանում, այդ չափորոշիչներն ու նախագիծը  շատ պատմաբանների կողմից համարվում են անհեթեթություն։ Օրինակ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը իր ծավալուն մասնագիտական գնահատականի վերջում հետևյալ եզրահանգումն է անում՝ առաջարկելով նաև իր աջակցությունը․

«ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն արձանագրում է, որ ներկայացված նախագծում Հայոց պատմությունը ներկայացվում է ժամանակագրական բացթողումներով և բովանդակային աղճատումներով։ Նման ծրագրով «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի ստեղծումը ոչ միայն չի նպաստի հայրենասեր սերունդ դաստիարակելու գործին, այլև աշակերտների մոտ կարող է հակակրանք առաջացնել առարկայի նկատմամբ։ Ամբիոնը գտնում է, որ ներկայացված ծրագիրը ենթակա չէ կոսմետիկ շտկումների ու խմբագրման։ Այն պետք է լիովին մերժել և ստեղծել նորը՝ Հայոց պատմությամբ զբաղվող գիտաուսումնական հաստատությունների երաշխավորած մասնագետների մասնակցությամբ։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն իր անվարձահատույց ծառայությունն է առաջարկում այդ աշխատանքներին»։

Պատմաբան և դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ շուրջ 18 կետից բաղկացած դիտարկումներ է արել՝ հավելելով, որ այս նախագիծը խարխլում է պատմագիտության հիմքերը․

« Առաջինը սկսվում է հայեցակարգից․ դա ընդհանրապես հայեցակարգ չէ, չգիտեմ, թե դա ինչ է՝ մի ամբողջ շիլաշփոթ, որտեղ խառնվել, ձուլվել են մի շարք առարկաներ։ Խարխլվել են պատմական գիտության հիմքերը ընդհանրապես, պատմության հիմքում դրել են ոչ թե պատմական փաստն ու հասկացությունը, այլ ժամանակակաից ինչ-որ հասկացություններ, օրինակ՝ «գլոբալիզացիա», «համակարգ», «համակեցություն», «համագործակցություն» և այլն։ Հաջորդ ամենամեծ խայտառակությունը․ ամբողջ պատմության ծրագրերում մի թիվ կամ անուն չի հիշատակվում՝ պատմական, պետական գործչի ոչ մի անուն։ Պատմություն գիտության հիմքը փաստն է, որտե՞ղ եք տեսել, որ ոչ մի թիվ ու անուն չնշվի։ Բազմաթիվ սխալ և անհարկի ձևակերպումներ՝ «քաղաքակարթություն», «ինքնություն», «ազգություն» բառերի անհարկի շահարկումներ։ Մի էսպիսի ձևակերպում են գրել՝ «Հայոց պետության վերկանգնման, արդիականացման մշակութային պայմանները» և դրա տակ գրված է «գաղութների առաջացումը» ու այսպիսի բաներ, պատկերացնո՞ւմ եք։ Թեմաների վերնագրերն ու բովանդակությունը միմյանց ընդհանրապես չի բռնում, չափորոշիչային  ընդհանրապես ոչ մի բան չկա։ Սրանց հիման վրա դասագրքեր գրելը անհնար է։ Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, գրում են՝ «Թուրք սելջուկներն ու Հայաստանը», այստեղ դասագրքի հեղինակը ի՞նչ պիտի գրի, արշավանքները պիտի՞ գրի, տարեթվերը պիտի՞ գրի, թե՞ մի նախադասությամբը գրի «թուրքերը․․․» և անցնի»,- ասաց պատմաբանը։

Ղուկասյանին հարցրինք՝ հնարավո՞ր է շտկումներ անեն, մշակեն, փորձեն թերությունները վերացնել․

« Ոչ, սա պետք է ընդհանրապես մերժել։ Եթե ուզում ենք պատմագիտությունը հողին հավասարեցնել, պետք է սա մտնի, իսկ եթե ուզում ենք գիտությունը թողնել որպես գիտություն, ապա սա պետք է ընդհանրապես մերժվի։ 200 էջի սահմաններում չկա մի տեղ, որ «գիտելիք» բառը հիշատակվի, ընդամենը մի տեղ է նշվում ՝ «ձեռք բերել գիտելիքներ», իսկ «ձեռք բերելը» մանկավարժական տերմին չէ, ի՞նչ է նշանակում «ձեռք բերել գիտելիքներ»։

Հանրակրթական դպրոցներից վերացնելով «հայոց եկեղեցու պատմությունը»՝ նախարարությունն ասում էր, որ առարևկան բաժանվելու է հասարակագիտական  առարկաների միջև՝ այդ թվում «Հայոց պատմության»։ Ղուկասյանին, որն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի համահեղինակ է, հարցրինք, թե որքանո՞վ է նախարարությանը հաջողվել առարակն ներառել «Հայոց պատմության» մեջ․

« Անհարկի ձևով ամեն տեղ խցկել են «եկեղեցի բառը», դա արդեն իսկ վկայում է, որ առանձին պատմություն չի լինի։ Ես մի անգամ էլ եմ Ձեզ ասել, որ առանձին եկեղեցու պատմություն պետք չէ, որովհետև կրկնվում է, իսկ եթե փորձեին փոխել, կդառնար հոգևոր հաստատության գիրք, այլ ոչ թե աշխարհիկ դպրոցի։ Համարյա «եկեղեցու պատմությունը» բաժանել են պատմության մեջ, բայց դա պատշաճ չէ արված, օրինակ՝ Կիլիկյան  Հայաստանի մասին գրում է՝ « Թագավորական իշխանությունը և եկեղեցին», ցեղասպանության բաժնի մեջ գրում է՝ « Մեծ եղեռնը և եկեղեցին»։ Այս հակադրությունն էլ չի կարելի, որովհետև ինքը որպես կառույց մտնում է Հայաստանի մեջ, և չպետք է տարանջատել։ Օրինակ՝ գրում է՝ «Հոգևորականների մասնակցությունը Սարդարապատի ճակատամարտին» , ի՞նչ, հոգևորականը հայ մարդ չէ՞, ինչո՞ւ եք առանձնացնում ։ Այս ծրագիրը ոչ թե այսպես պետք է կազմվեր, այլ պետք է խնդիր դրվեր վերագնահատելու, վերաիմաստավորելու, վերարժևորելու հայոց պատմությունը՝ նրանից դասեր քաղելու համար, սովորելու համար, հակառակ պարագայում՝ ինքնանպատակ է դառնում։ Այստեղ դրված են եվրոպական երկակի, եռակի ստանդարտներ, որոնք հարիր չեն հայ իրականությանն ու մեր պատմության ընթացքին։ Համաշխարհային պատմությունը, օրինակ․․․, որ ասում են՝ սարքել են ժամանակագրական շիլաշփոթ, ճիշտ են ասում։ Պատմությունը բերում հասցնում են մինչև 18-րդ դարը, հետո գալիս է առանձին «պետություն» հասկացությունը, հետո առանձին «համագործակցություն»  հասկացությունը , այսպես գնում է, հետո նորից իջնում է «աշխարհակալություններ»։ Ընդհանրապես պատմությունը կառուցելու 2 մոդել կա՝ «գծային սկբունքը» և «պարուրաձև մոտեցումը», այստեղ չգիտես, թե ինչ է դրված։ Իրենց ասելով՝ հիմքում դրել են «հասկացություներ», իսկ «հասկացության» սահմանումը տվել են այսպես՝ «ժամանակի և տարածության մեջ անփոփոխ գաղափար»։ Սա աբսուրդի հասնող բան է։ սա պետք է մերժել, եթե չենք ուզում կրթության համակարգը ամբողջովին քանդել և գիտությունը հավասարեցնել զրոյի»։