Հազարավոր ուսուցիչներ ստանում են 19-ից մինչեւ 121 հազար դրամ աշխատավարձ

Հազարավոր ուսուցիչներ ստանում են 19-ից մինչեւ 121 հազար դրամ աշխատավարձ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները վարձատրվում են դրույքաչափով եւ ժամաքանակով․ որքան մեծ է հանրակրթական ուսումնական հաստատության աշակերտների թիվը եւ դասարանների (9, 12, 24, 36, 48) քանակը, այնքան բարձր է ստացվում ուսուցչի մեկ դրույքի (շաբաթական 22 դասաժամ) դիմաց ամսական վարձատրությունը, որը ներառում է մինչեւ 24% հարկային պարտավորություններ եւ հիմնականում տատանվում է ամսական 108-160 հազար դրամի միջակայքում։

Այսօր հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների միայն 38%-ն է, որ ունի մեկ դրույք (շաբաթական 22 դասաժամ) ծանրաբեռնվածություն։ Մնացած 62%-ն ունի մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածություն։ Ուսուցիչների ծանրաբեռնվածության չափն էականորեն պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասարանների թվով։ Այսինքն՝ որքան շատ է դպրոցի դասարանների թիվը (9, 12, 24, 36, 48), այնքան բարձր են ուսուցիչների ծանրաբեռնվածության աստիճանը եւ ամսական աշխատավարձը։
Օրինակ` մինչեւ 9 դասարան ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում նույնիսկ 1 առարկայի դեպքում 1 ուսուցիչն օբյեկտիվորեն չի կարող ունենալ մեկ դրույք (շաբաթական 22 դասաժամ) ծանրաբեռնվածություն, քանի որ կան առարկաներ (աշխարհագրություն, տեխնոլոգիա, շախմատ, կերպարվեստ, երաժշտություն, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա եւ այլն), որոնց ժամաքանակը տատանվում է շաբաթական 4-6 ժամի միջակայքում։

2020թ. հունվարի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում (հիմնականում տարածվում է 9 եւ 12-րդ դասարաններ ունեցող դպրոցների վրա) ուսուցչի նվազագույն դրույքի (շաբաթական 22 դասաժամ) դիմաց, հարկերն էլ՝ հետը, սահմանվեց ամսական 108 հազար դրամ աշխատավարձ, իսկ եթե դրանից էլ հանենք 24%-ի հասնող հարկային պարտականությունները, ապա տակը կմնա 83 հազար դրամ մաքուր աշխատավարձ։ Եթե հաշվարկը շարունակենք, ապա շաբաթական 11 դասաժամի դեպքում կլինի 41 հազար 500 դրամ, շաբաթական 6 ժամի դեպքում` մոտ 21 հազար, իսկ 4 ժամի դեպքում՝ 19 հազար դրամ մաքուր աշխատավարձ։

Հայաստանում կան նաեւ շատ քիչ` մեկ տասնյակի հասնող դպրոցներ, որոնք ունեն 36-ից ավելի դասարաններ կամ միջինում 900-1200 աշակերտ։ Այդօրինակ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցչի մեկ դրույքը (շաբաթական 22 դասաժամ), հարկերն էլ՝ հետը, ամսական կազմում է 150-160 հազար դրամ։ 160 հազարից էլ եթե հանենք մինչեւ 24%-ի հասնող հարկային պարտավորությունները, տակը կմնա 121 հազար 600 դրամ աշխատավարձ։

Ամփոփենք. այսօր հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող հազարավոր ուսուցիչներ ամսական ստանում են 19 հազար դրամից մինչեւ 121 հազար դրամ աշխատավարձ։ ՀՀ-ում ուսուցիչները համարվում են աշխատող աղքատներ, քանի որ ստացած աշխատավարձն անգամ չի բավարարում առաջին անհրաժեշտության ապրանքների եւ կենցաղային տարրական պայմանների բավարարմանը։ Նույն վիճակն է նաեւ բոլոր ՀՈԱԿ-ներում` մանկապարտեզներում, ամբուլատորիաներում, մշակույթի կենտրոններում եւ այլ հաստատություններում։
Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը` «եթե մարդը 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է՝ կրթություն չի ստացել», որեւէ աղերս չունի իրականության հետ։ Ընդհակառակը՝ այսօր կրթված մարդն է «աշխատող աղքատ», ու հենց հասարակության կրթված եւ կրթող հատվածն է միջինում ստանում Փաշինյանի նշած 75 հազար դրամ մաքուր աշխատավարձը։

Վանո Կարապետյան
Կրթության ոլորտի փորձագետ, պատմաբան