Ես Ձեզ հավատացնում եմ՝ Դուք չեք գտնի մի արցախցի, ով էդ մտքին կլինի

Ես Ձեզ հավատացնում եմ՝ Դուք չեք գտնի մի արցախցի, ով էդ մտքին կլինի

Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանն էլ, շատ արցախցիների նման, եկել է Հայաստան ու մնացել այստեղ՝ ճանապարհը փակվելուց հետո չի կարողանում վերադառնալ Արցախ։ Նրան հանդիպեցինք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, որտեղ օրեր շարունակ նստացույց էին անում արցախցի պաշտոնյաներ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը։ Հայրիյանից նախ հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո իր եւ մյուս նախարարների պաշտոնանկ լինելը։

«Որեւիցե կերպ չեմ կարող մեկնաբանել դա այս պահին, բայց շատ հույս ունեմ, որ մեր ղեկավարությունը ճիշտ որոշումներ կկայացնի, եւ Արցախը, վերջիվերջո, կբարգավաճի։ Քանի որ բոլոր նախարարները միասին ազատվել են աշխատանքից, այսինքն՝ որեւէ անձնավորված խնդիր ոչ մի նախարարի հետ չկար, համենայնդեպս՝ ինձ հետ հաստատ չկար»,- ասաց Հայրիյանը։

- Իսկ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելն ու պետնախարար նշանակվելն ինչպե՞ս եք գնահատում։ Նրա նշանակումը տարբեր կերպ մեկնաբանվեց։ Որքանո՞վ է նա արդարացնում արցախցիների հույսերը։

- Արցախցին այսօր նայում է միայն փաստերին, եւ գնահատականը լինելու է միայն կատարած աշխատանքի գնահատականը։ Իսկ բոլորը, ովքեր գալիս են Արցախ, բարով են գալիս, ինչպես նաեւ՝ Ռուբեն Վարդանյանը, որը եկել է Արցախ՝ ապրելու։

- Դուք հույսեր ունե՞ք, որ Ռուբեն Վարդանյանն ինչ-որ արմատական փոփոխություններ կմտցնի արցախցիների կյանքում։

- Հույսեր ունեմ, որ մենք Ռուբեն Վարդանյանի հետ միասին, նրա օգնությամբ եւ աջակցությամբ կհասնենք նրան, ինչ որ նախատեսվում է, եւ նպատակ ունի, ընդհանրապես, հայ ազգը։ Բայց դրա գնահատականները լինելու են միայն աշխատանք կատարելուց հետո։

- Արդեն մոտ 10 օր է՝ փակ է Արցախը մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, Դուք սրա լուծումն ինչպե՞ս եք տեսնում եւ ո՞ւմ եք համարում ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն։

- Մեղավորը մենք ենք՝ բոլորս, անկախ նրանից, թե ով ինչքանով է գիտակցում իր մեղավորությունը։ Իսկ թե ում է դա ձեռք տալիս, եւ ովքեր են դրանց պատասխանատուները, դա, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետեւ մենք իրավունք ունենք փաստերով խոսել։ Իսկ փաստերը մի փոքր շեղում են մեզ։ Այն, որ ճանապարհն այսօր փակ է, եւ արցախցիները, իրականում, շատ դժվար իրավիճակում են հիմա, դա փաստ է, եւ այդ հարցը, իրականում, շուտափույթ պետք է լուծվի։

- Բոլորի կողմից է այդ պատասխանը հնչում, որ մեղավորը մենք՝ բոլորս ենք, բայց մենք անհատապես մեր մեղքը չենք ուզում ընդունել, սկսած գլխավոր պատասխանատուներից, որոնք օրվա իշխանություններն են լինում, սովորաբար։ Ըստ Ձեզ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները որեւէ պատասխանատվության, մեղքի բաժին չունե՞ն ստեղծված իրավիճակի համար։

- Բոլորն ունեն, բայց ոչ միայն ղեկավարությունը, այլեւ, իրականում, բոլորս։ Որ ասում եմ՝ բոլորս, նկատի ունեմ այն 10 միլիոն հայերը, որ այս վիճակում է գտնվում այսօր։

- Լավ, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը։ Ադրբեջանը, կարծես թե, շատ լուրջ է տրամադրված, եւ հնարավոր է՝ այս իրավիճակը երկար շարունակվի։ Ինչի՞ գնով կարող է բացվել ճանապարհը, եւ արդյոք հնարավո՞ր է գնալ ծանր զիջումների՝ հանուն կյանքի ճանապարհը բացելու, ի՞նչ զիջումների է պատրաստ արցախահայությունը, եթե առհասարակ պատրաստ է զիջումների։

- Ինձ համար «զիջում» բառն ընդհանրապես գոյություն չունի, եւ մենք զիջել ենք ավելին, քան կարող էինք պատկերացնել ամենավատ երազում։ Այսինքն՝ ընդհանրապես զիջման մասին խոսք չկա։ Սա ծրագիր է, որը դաժանորեն իրականացվում է մեր թշնամիների կողմից։ Իսկ մենք, ցավոք սրտի, բավականին չենք ուժեղանում, որպեսզի այդ հարցը լուծվի։ Իսկ Դուք ասում եք՝ ինչի՞ գնով պետք է բացվի կյանքի ճանապարհը։ Կյանքի ճանապարհն ինչի՞ գնով պետք է բացվի։

- Թերեւս՝ կյանքի գնով։

- Ուրեմն կյանքի ճանապարհը, ինչ ուզում է լինի, պետք է բացվի։ Մենք կանենք ամեն ինչ, որ դա բացվի խաղաղ ճանապարհով, բայց սա ընդամենը միջադեպ չէ, սա փաստ է, որ հայ ազգն արդեն 400 տարուց ավելի իր կաշվի վրա զգում է։

- Խոսվում է Ադրբեջանի կողմից նախապայմանների մասին, թեպետ հստակ ձեւակերպված չէ, թե Ադրբեջանն այդ «բնապահպանական» ակցիայի ներքո ինչ է պահանջում մեզնից։ Բայց եթե իրենց պահանջը լինի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս կամ Սյունիքով միջանցք տրամադրել, կամ որեւէ այլ ծանր զիջում, որին ստիպված կամ հոժարակամ կգնա Հայաստանի իշխանությունը, որո՞նք կլինեն արցախցիների արձագանքն ու գնահատականը։

- Արցախցին բացառում է որեւիցե ուրիշ տարբերակ, բացի նրանից, որ Արցախը լինի անկախ, ազատ եւ, իհարկե, հայկական։ Ուրիշ որեւիցե բան, իրականում, ոչ մի արցախցի չի դիտարկում։ Հակառակ դեպքում իրենք այնտեղ չէին ապրի, մենք այնտեղ չէինք ապրի ուղղակի։ Դա փաստ է։ Բայց Արցախի հարցը լուծել 120 հազար հոգով՝ տասնյակ միլիոնանոց թշնամիների դեմ, դա աբսուրդ է։ Արցախի հարցը պետք է լուծել տասից ավելի միլիոն հայերով, որովհետեւ դա մեր սեփականն է, մեր ապուպապերինն է։

- Հայաստանի իշխանությունները չեն համարում, որ գոյություն ունի Արցախի Հանրապետություն, նրանք, դիվանագիտությունից ելնելով, թե իրոք այդպես մտածելով՝ օգտագործում են «Լեռնային Ղարաբաղ» տերմինն ու համարում են, որ սա ԼՂ տարածք է, եւ հիմա պետք է բանակցել ընդամենը այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության ապահովման շուրջ։ Դուք ի՞նչ կասեք այս մասով։

- Ես միայն կասեմ մի բան․ էս վերջերս նույնիսկ այնպես տհաճ էր, որ այստեղ էինք անգամ դրա մասին խոսում, թե լսել ենք, որ արցախցիներն էլ ոչ մեկի հետ չեն էլ ուզում, ո՛չ ռուսների հետ են ուզում, ո՛չ Հայաստանի հետ են ուզում, ընդամենը ուզում են հանգիստ ապրել, նույնիսկ համակերպվում են իբր Ադրբեջանի կազմում ապրելուն։ Ես Ձեզ հավատացնում եմ՝ Դուք չեք գտնի մի արցախցի, ով էդ մտքին կլինի։ Դա ուղղակի անհնարին է։ Մենք ապրել ենք, տեսել ենք, հնարավոր չէ։ Մենք պատմությունից խի՞ չենք ուզում դասեր քաղել։

- Ասում էին՝ Արցախը տանք, որ հանգիստ ապրենք։

- Արցախը տանք՝ հանգիստ ապրենք չկա, դա հեքիաթ է, ո՞նց կարող է էդպիսի բան լինել։