Նախընտրական մտորումներ-3

Նախընտրական մտորումներ-3

Դիմակահանդես

Եթե ժողովրդից գողացվել է իշխանությունը, միշտ չէ, որ դա եղել է առանց նրա մասնակցության: Թվում է, թե 2018-ի ընտրությամբ հաղթահարվել է այդ հիվանդությունը: Բայց դա զգացմունքային պոռթկում էր: Իրական քննությունն առջեւում է: Թեստը պիտի հանձնվի սառը դատողությամբ: Փողն ու վարչական ռեսուրսը տարիներ շարունակ ախտահարել են մարդկանց բնավորությունը: Եթե երկրի քաղաքացին չկարողանա հաղթել ինքն իրեն, ազատագրվել գայթակղություններից, անխուսափելիորեն կհասունանա ազգային նոր աղետ: Հետեւաբար, ընտրություններով կպարզվի մի բան՝ հաղթահարե՞լ ենք, արդյոք, գալիքից բաժանող վիհը, թե՞ մնացել ենք անցյալում: 
Ամեն սերունդ ու միջավայր ունի իր լավն ու վատը, չարն ու բարին, օրինապաշտն ու զեղծարարը: Հետեւաբար, իշխանության համար պայքարում խաբողների պակաս չի զգացվում: Նրանք գալիս են տարբեր ուղղություններից՝ հնի ու նորի, սեւի ու սպիտակի տարբերանշաններով, հայրենասիրության ու ժողովրդավարության ծնծղաներով, թավշյա ու անթավիշ դիմակներով: Սակայն նրանց հայտնաբերելը դժվար չէ: Նրանք քաջածանոթ են հանրությանը: Ամենից առաջ դրանք տարիներ շարունակ ընտրակաշառք կիրառողներն են՝ իշխանության գլխավոր գողերը, որոնք միշտ մնացել են անպատիժ: Նրանք վերադասավորվել են քաղաքական տարբեր ուժերի ընտրացուցակներում: Դրանով նրանք բացահայտում են այդ ուժերի գաղափարական սնանկությունը եւ հաստատում, որ անսկզբունքայնությունը եւս սկզբունք է: Նրանք գտել են ջրի երեսին մնալու հեշտ ձեւը՝ վճարել մեկ անգամ, վայելել տարիներ: Իհարկե, միշտ էլ կգտնվեն ինքնահարգանքից զուրկ մարդիկ, որոնք թույլ կտան իրենց կռանալ ու վերցնել նետված ողորմությունը: Իսկ արժանապատիվ մարդիկ հասկացել են մի բան՝ ինչ դիմակով էլ նրանք գան, չի կարելի նրանց վստահել: Իսկ եթե որեւէ մեկը կարծում է, թե այդպիսիներն անցած երեք տարում «վերադաստիարակվել» են, ուրեմն սուտ է ժողովրդական ասացվածքն այն մասին, թե կարմիր կովը չի փոխի իր կաշին: 

Ընտրության մյուս գործոնները

Առաջիկա ընտրությունների ելքի վրա կազդեն նաեւ այլ հանգամանքներ՝ անվտանգության խնդիրներ, աշխարհա-քաղաքական կողմնորոշում եւ այլն: Արտաքին անվտանգությունը մղվել է առաջին պլան: Այն թուլացնում է այսօրվա իշխանության դիրքերն ու որոշակի առավելություն տալիս ընդդիմադիր դաշտին: Նիկոլ Փաշինյանը չի կարող պատերազմական ահռելի կորուստներով ու պարտվածի հոգեբանությամբ արդյունավետ բանակցել ի շահ երկրի ու ժողովրդի: Դա ինքն էլ է լավ հասկանում:

Այդուհանդերձ, ամեն ինչ վճռվելու է հավաքած ձայների քանակով: Հետեւաբար, չի բացառվում, որ գալիք խորհրդարանում ձայների որոշակի հարաբերակցության պարագայում ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը ստիպված լինեն գնալ փոխզիջումային տարբերակի, եւ վարչապետ առաջադրվի բոլորովին այլ մարդ: Մանավանդ որ այսօր երկիրը կարիք ունի հանրային համերաշխության, որը նրանցից յուրաքանչյուրի ընտրվելու պարագայում էլ չի կարող կայանալ՝ ատելությամբ լցվածների ընդգծված զանգված ունենալու պատճառով: Բացի արտաքինից, կա նաեւ ներքին անվտանգության խնդիր: Եթե վերոնշյալ երկու հավակնորդները, իրենց արբանյակներով հանդերձ, հավաքեն 50 տոկոսին մոտ, սակայն պակաս ձայներ, մեծ կլինի վտանգը՝ միմյանց հանդեպ բորբոքելու անհանդուրժողականության մթնոլորտ: Դա տրամաբանորեն կտանի քաղաքացիական բախման: Այդպիսի վիճակից խուսափելու լավագույն միջոցը կլինի այս երկու բեւեռները մերժող որեւէ ուժի ծանրակշիռ ներկայությունը խորհրդարանում, որը կրքերի զսպման լուրջ գործոն հանդիսանալուց զատ, կարող է էական դեր խաղալ կառուցողական փոխզիջումների կայացման գործում: 
Ամենամշուշոտը աշխարհաքաղաքական կողմնորոշումն է: Այստեղ ունենք երկու ուղղություն՝ երկճյուղ Արեւմուտք եւ Ռուսաստան: Հասարակությունը պետք է իմանա, թե որ ուղղությունն ինչ կարող է տալ մեզ, եւ ովքեր են այդ ուղղության կրողները քաղաքական դաշտում: Ակնհայտ է, որ աշխարհա-քաղաքական խուլ պայքար է գնում Հայաստանում: Այն քաղաքական ուժը, որը կփորձի թաքուն պահել իր դիքորոշումը, պետք է հեռու մնալ նրանից: Ամեն ինչ պետք է լինի բաց, թափանցիկ: Այս հարցում պետք է հանրությունն իմանա յուրաքանչյուրի նպատակները եւ դրսեւորի համապատասխան վերաբերմունք: Չլինի այնպես, որ ընտրության հաջորդ օրը ազգովի հայտնվենք որեւէ պետության գրկում ու ինքներս մեզ հարց տանք, թե ինչպես դա եղավ: Մեր դարավոր պատմության մեջ Հայաստանի համար ամենացավագին դրվագներն ու դժբախտությունները կապված են եղել աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության հետ: Հեռացումի պատիժը, որպես կանոն, միշտ ավելի դաժան է եղել, քան փոփոխությամբ ձեռքբերված արդյունքը: Ահա ինչու պետք է տասը չափել, մեկ՝ կտրել: Բոլոր դեպքերում, Հայաստանի ինքնիշխանության հարցն այլընտրանքի տեղիք չպետք է տա:
 

Բերմուդյան եռանկյունին ու նրա պտտահողմը

Հեղափոխության կրակից մնացել է հիշողություն: Խոր հիասթափություն է տիրում ամենուր: Ակնհայտ է, որ հռչակված արժեքները պաշտպանության կարիք ունեն: Դրանք պետք է փրկել առաջին հերթին հենց առաջնորդից, ով միանձնյա կառավարմամբ ոչ միայն վարկաբեկեց հեղափոխության գաղափարը, այլեւ աղետի եզրին հասցրեց հայրենի երկիրը: Երկչոտ ու շփոթահար թիմն այդպես էլ ի զորու չեղավ փոխելու իր ղեկավարին եւ պաշտպան կանգնելու հեղափոխության արժեքներին: Դա նշանակում է, որ կարող է կորցնել ավելին, գուցեեւ՝ ամբողջ նավը: Հնուց ի վեր ստուգված բան է՝ ով ինչպես իշխանության է գալիս, նույնկերպ էլ հեռանում է: Նիկոլը եկավ ամբոխի թեւերով, նրա թեւերով էլ կգնա…

Իսկ հեղափոխության արթնացրած հույսերն ու գաղափարները չեն մեռնի: Կգան նոր մարդիկ, որոնք իրենց ձեռքը կվերցնեն պատասխանատվության ջահը: Մի բան է ակնհայտ. նրանք, ովքեր այսօրվա վարչապետից ազատվելու համար որոշել են իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին, նույնքան մոլորության մեջ են, որքան Ռոբերտ Քոչարյանի վերադարձից ահաբեկվածները, որոնք փրկությունը տեսնում են Նիկոլ Փաշինյանի շուրջը համախմբվելու մեջ: Իրականում, նախկին երեք նախագահներն ու ներկա վարչապետը շատ ավելի ընդհանրություններ ունեն, քան՝ տարբերություններ: Նրանք նույն բեմադրության միմյանց փոխլրացնող հերոսներն են, որոնք հանդիսանում են նույն համակարգի՝ լիբերալ պետության ջատագովները: Նրանցից յուրաքանչյուրին բախտը հնարավորություն տվեց անունը ոսկե տառերով գրելու իր ժողովրդի պատմության մեջ: Սակայն նրանք չկարողացան մինչեւ վերջ հասցնել ստանձնած առաքելությունը: Նրանք չկարեւորեցին ժողովրդի քաղաքական դաստիարակությունը՝ հաջորդաբար մսխելով մարդկային այն հումքն ու հանրային վստահությունը, որ ժառանգվել էր Խորհրդային Հայաստանից: Չէ՞ որ դա այն առանցքային հարստությունն էր, որով կառուցելու էինք անկախ Հայաստանը: Այսօր այդ հարստությունից ավերակներ են միայն մնացել:

Հայաստանի երեք նախագահները Բերմուդյան եռանկյունու երեք գագաթներն են հիշեցնում, որոնց միջավայրում ծնունդ առավ այդ եռանկյունու անկանխատեսելի պտտահողմը՝ Նիկոլ Փաշինյանը: Վերադարձն անցյալին նույնքան վտանգավոր է, որքան տեղում դոփելը: Պետք է գնալ առաջ: Դա նշանակում է՝ միաժամանակ ազատվել Բերմուդյան եռանկյունուց ու նրա ավերիչ պտտահողմից: Եթե ժողովուրդը մտորել-քննարկելու ժամանակ ունենար, այդպես էլ կվարվեր: Ցավոք, նրան հենց այդ ժամանակը չտրվեց: 

Մեր անելիքները 

Հանրությունը շվարած է: Ամենուր նույն հարցն է՝ ի՞նչ անել, ինչպե՞ս կողմնորոշվել: Հայաստան են ներհոսել կասկածելի ծագումով փողեր: Երկիր են ժամանել օտարերկրյա շահերի կրողներ: Կայացած ու չկայացած անհատներ ու քաղաքական ուժեր դուրս են եկել նախընտրական շքերթի: Թվում է, թե աճուրդի է հանվել Հայաստանի քաղաքական դաշտը: Իրականում աճուրդի է հանվել հենց Հայաստանը: Նորից շրջանառվում են լուրեր, որ օդում կախված են ընտրակաշառքի ամպեր: Անձրե՞ւ, թե՞ կարկուտ կտեղա՝ դրանից կախված կլինի մեր բարոյական ինքնաոչնչացման աստիճանը: Պետք է ամեն ոք իմանա, որ ընտրակաշառքի հայրերն են հենց մեր պետականության գերեզմանափորները: Մեծագույն հարգանքի են արժանի այն մարդիկ, ովքեր կկարողանան հեռու վանել իրենցից փողի ու այսրոպեական շահի գայթակղությունը: Նրա՛նք են ապագա Հայաստանի խարիսխն ու ճարտարապետները: Ընտրություններով ոչ թե վերջանում, այլ սկսվում է երկրի ապագայով մտահոգված մարդկանց անելիքը:
Խնդիրներից գլխավորը Արցախյան պատերազմի պարտության պատճառների ճշգրիտ վերլուծությունն է: Դա նախեւառաջ մեզ կօգնի ազատվելու անորոշությունից, օբյեկտիվորեն գնահատելու մեր հնարավորությունները, հասկանալու աշխարհաքաղաքական շրջադարձերի ազդեցությունն իրավիճակի վրա, ավելի խորը ըմբռնելու մեր զինվորների սխրանքն ու թափած ջանքերը: Միաժամանակ, դա կնպաստի՝ ազատվելու չարդարացված ինքնավստահությունից ու մեծամտությունից, մեզ կդարձնի համառ ու հետեւողական, կմղի նպատակամետ գործողությունների: Առաջիկա տարիներին հանրությունը պետք է իրազեկվի այն ուղիների ու մեխանիզմների մասին, որոնք անխուսափելիորեն կբերեն համակարգային բարեփոխումների, եւ որոնց շնորհիվ կլուծվեն սոցիալական ու ժողովրդագրական խնդիրներ՝ ձեւավորելով կայունության եւ հանրային համերաշխության մթնոլորտ: Դրանք կպահանջեն հետեւողական, բարեխիղճ եւ համախումբ աշխատանքի ոչ քիչ տարիներ:
Իսկ մինչ այդ, պետք է պատվով անցնել ընտրություն կոչված քննությունը: Անտարբերությունն ու չմասնակցելը ելք չեն: Լուծում չէ նաեւ քվե տալը որեւէ մեկի «խաթեր» կամ ինչ-որ բանի խոստման դիմաց: Նրանք, ովքեր ստիպված են ընտրություն կատարել վատի ու առավել վատի միջեւ, կարող են հիշել, որ, ի թիվս այլ տարբերակների, կա մի բանաձեւ եւս. մերժե՛լ այն ուժերին, ում վատ աշխատանքն արդեն տեսել ենք, եւ հնարավորություն տալ նոր, թեկուզ այս պահին ոչ շատ հայտնի ուժերին ասպարեզ գալու եւ ինքնադրսեւորվելու: Դա շանս է, որը պարզություն ու թարմություն կհաղորդի Հայաստանի տասնամյակներով աղտոտված քաղաքական մթնոլորտին: Ամեն դեպքում՝ «Կարթագենը պետք է ընկնի», Նիկոլը՝ հեռանա…

Ֆիրդուս Զաքարյան