Օրական մինչև 1000 կանչ՝ Երևանի շտապօգնության բրիգադում 

Օրական մինչև 1000 կանչ՝ Երևանի շտապօգնության բրիգադում 

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում, դժգոհելով աշխատավարձից և օրական կանչերի թվերից, որոնք հասնում էին 30-ի։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` այս պահին քննարկվում են հնարավորությունները․ «Աշխատավարձի մասով դեռ հստակ ոչինչ չկա, բայց համապատասխան մարմինները դրանով զբաղվում են»։

Հետաքրքրվեցինք նաև շտապօգնությունում օրական գրանցվող կանչերի մասով։ Ստեփանյանի խոսքով՝ օրական կանչերի թիվը հասնում է մինչև 1000-ի․ «Բոլորին հասցնում են գնալ, բայց մեր բնակչությունն էլ պիտի հասկանա, որ շտապ օգնությանը պետք է դիմել անհրաժեշտ դեպքում, ոչ թե ընտանեկան բժշկի՝ պոլիկլինիկա չգնալու պատճառով, որովհետև 1000 կանչի դեպքում մենք ունենք հիվանդանոց տեղափոխված ընդամենը 140-150 քաղաքացի, այսինքն՝ մնացած հիվանդներին օգնությունը կատարվում է տանը»։ 

Շտապօգնությունում առկա խնդիրներից է նաև տեղաբաշխման խնդիրը, որը դեռևս շարունակվում է․ «Ամեն դեպքում խնդիրը կա, որովհետև հիվանդների թիվը բարձր է, և երբեմն պատահում են դեպքեր, որ հիվանդանոցները հնարավորություն չունեն հիվանդներին ընդունել, ստիպված տեղաբաշխում ենք կատարում Երևանից դուրս գտնվող հիվանդանոցների վրա»։

Այս պահին Երևանում աշխատում է 50 շտապօգնության բրիգադ։