Ինչ մեսիջներ էին պարունակում Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի ամանորյա ուղերձները

Ինչ մեսիջներ էին պարունակում Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի ամանորյա ուղերձները

Ամանորի եւ սուրբծննդյան տոնական շրջանն այլեւս դարձավ պատմություն՝ միմյանց հետ զուգահեռ ընթացող տարբեր «երեսներով»։ Եվ հիմա ամփոփելով ամանորյա իրադարձությունները՝ ուզում ենք անդրադառնալ, թե ամանորյա ինչ պատգամներ են հղել մեր ազգային-կրոնական առաջնորդները՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։ Նրանց ուղերձները բավականին տարբեր էին եւ միաժամանակ նման էին իրար` երկուսն էլ բավականին ծանր բովանդակությամբ ու տրամադրություններով, հայրենիքի ու ազգի համար խոր մտահոգություններով հագեցած։ Պարզ է, որ հոգեւոր առաջնորդները միմյանց հետ չէին համաձայնեցրել իրենց ուղերձների բովանդակությունը, բայց երկուսն էլ շեշտել էին անցած տարվա կորուստները եւ հատկապես Արցախի հայաթափումն ու Ադրբեջանի հսկողության տակ անցնելը, նրանց խոսքում արցախահայության ապագային, առկա խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող անհանգստություն կար, ինչը, ցավոք սրտի, բացակայում էր երկրի իրական ղեկավարի` Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

Բայց հոգեւոր առաջնորդները ոչ միայն մտահոգություն եւ ահազանգ էին հնչեցնում, այլ նաեւ փորձ էին անում՝ հնարավորինս հույս եւ լավատեսություն ներշնչել իրենց ունկնդիրներին, այսինքն՝ հավատացյալ Հհայ ժողովրդին։ Փորձում էին որոշակի ուղենիշներ սահմանել, սթափեցնել ե՛ւ ժողովրդին, ե՛ւ ՀՀ իշխանություններին: Թե՛ Գարեգին Բ-ն, թե՛ Արամ Ա-ն, խոսելով Արցախի բռնազավթման եւ հայաթափման մասին, հրաշալի հասկանում են, որ դա Նիկոլ Փաշինյանի եւ գործող իշխանությունների սրտով չէ` նրանք նախընտրում են չխոսել Արցախի մասին, իսկ եթե խոսում են, ապա բացառապես արցախահայության սոցիալական եւ կենցաղային խնդիրների կտրվածքով` ոչ մի խոսք Արցախի ապագայի, պետական ինստիտուտների պահպանման եւ արցախահայության` իրենց հայրենիք վերադառնալու մասին։ Մեր կաթողիկոսներն իրականում բավականին լուրջ քաղաքական եւ միջազգային իրավական բովանդակություն ունեցող մեսիջներ էին փոխանցում հայ եւ համաշխարհային հանրությանը:

Իսկ երկու հովվապետների կողմից նման շեշտադրումները, անշուշտ, կարեւոր են: Երկուսն էլ կարեւորում են ապագայի հանդեպ հույսի, լավատեսության պահպանումը, ազգային միասնականությունն ու համախմբվածությունը, հանուն ազգային եւ պետական շահերի պառակտումը հաղթահարելը, արցախահայության` Արցախ վերադարձի հույսի պահպանումն ու արցախահայությանը զորավիգ լինելու համայն հայության պատրաստակամությունը։ Սակայն եթե Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձում ձեւակերպումներն ավելի «հղկված» էին, ավելի «մեղմ երանգներով» բառապաշար կար, ապա Արամ Ա-ի ուղերձն ավելի կոշտ էր եւ պարունակում էր ավելի կտրուկ ձեւակերպումներ, գրեթե մեղադրանքներ` ուղղված Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը։ Արամ Ա-ն ավելի կոնկրետ առաջարկներ էր ներկայացրել իր ուղերձում՝ նշելով, թե ինչ պայմանների առկայությամբ է հնարավոր արցախահայության վերադարձն Արցախ․ այն է՝ միջազգային հովանու ներքո, որոշակի միջազգային երաշխավորների մասնակցությամբ եւ միջազգային մեխանիզմների գործարկմամբ։ Արամ Ա-ն նաեւ Հայաստանի իշխանություններին մեղադրում էր մեր կորուստների հետ հարմարվելու, պղպջակային հարցերին տուրք տալով՝ կարեւորն անկարեւորից զատել չկարողանալու եւ այլնի մեջ։ Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի ներքին կյանքին, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում եղած խնդիրներին ու թեեւ որոշակի ընդհանուր ձեւակերպումներով, սակայն տողարանքում բավականին հստակ մեսիջներ էր հղում` զգուշացնելով, որ մայր հայրենիքը հայտնվել է «անդունդի եզրին», իսկ սփյուռքն այնքան է հեռացել եւ այնչափ է դժգոհ Հայաստանի իշխանություններից, որ դադարել է հայրենիքին աջակցությունը։

Լավ կլիներ, որ հայ ժողովուրդը եւ ՀՀ իշխանությունն ուշադիր լսեին երկու հոգեւոր առաջնորդներին եւ հետեւություններ անեին նրանց իմաստուն, հայրական խրատ-խոսքից: