Թափավազք

Թափավազք

Նրանց համար, ովքեր անորոշության մեջ են ու  չեն հասկանում, թե կապիտուլյացիայից, խայտառակ պարտությունից հետո ինչու՞ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց։ Նրա ձևակերպումը՝ ժողովուրդն ինձ կապիտուլյացիայից հետո  ընտրեց- ը,  թույլ հիմնավորում է։ Որովհետև Հայաստանում նման բան չի եղել, երբ իշխանության ղեկին եղած ղեկավարը «չընտրվի»։ Այնպես որ նրա կեղծ հրաժարականն ու պետական լծակներն օգտագործելու փաստը բոլորիս աչքի առաջ է։ Իր հրաժարական չտալը նա փորձում է կապել իր պատասխանատվության, կամային հատկանիշների հետ։ Իբր ստանձնել է ժողովրդի առաջ պատասխանատվություն, հասցնում է մինչև վերջ, այնինչ նրա քայլերից երևում է, որ այդ պատասխանատվությունը ստանձնել է Հայաստանը կործանման տանող այլ երկրների առաջ։ Ու նրան առաջ մղողը այդ ուժերն են։ Իմաստունները պատասխանատվությունը կապում են կանգ առնելու կարողության հետ։

Նման կերպ էին բացատրում։  Ձիու ուժն իմանալու համար չկա ավելի լավ միջոց, քան ստուգել միանգամից ու սահունորեն կանգ առնելու կարողությունը։ Այսինքն ուժը ժամանակին կանգ առնելու սահունության  մեջ է։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում զսպել իր թափավազքը։ Շարունակում է քարշ գալ երերալով, ոտքերը ճոճելով, այլ պետությունների առաջ խղճահարություն հարուցելով, զիջումներ անելով։ Այդպես վարվում են հոգնածությունից ուժասպառ եղած մարդիկ։

Անգամ սովորական հանդիպումներում է երևում մի կերպ իրեն տիրապետելու անզորությունը։ Նա ջանում է փնտրել մի կետ, որ ի վերջո կդանդաղեցնեն նրա քայլերը, մի քիչ շունչ կքաշի։ Փորձեր է անում,  բայց նրան առաջ են մղում այլ ուժեր, ստիպում՝  դուրս չմնալ թափավազքից։ Այդ իսկ պատճառով ինքը կանգ առնել, իրեն թափավազքից դուրս նետել չի կարողանում։ Նման պարագայում, երբ ուժասպառ մարդը այլևս չի կարողանում վազել, նրա հետևից եկողները տրորում,  ոտնատակ են տալիս իրենց վազքը խանգարող, իրենց առաջ ընկած քարին։ Նման բան լինում է նաև մայրուղիներում։ Երբ մի մեքենա դանդաղ է ընթանում, հետևից եկողներն իրենց արագությամբ ճզմում են նրան։ Այնպես որ շատ շուտով ականատես կլինենք նրան թափավազքի մեջ դնողների անկախատեսի քայլերին։