Պետությանը ծառայությունը պահանջում է անձնազոհություն, գիտելիք, նորարարություն, Փաշինյանին ծառայելը՝ միայն հնազանդություն

Պետությանը ծառայությունը պահանջում է անձնազոհություն, գիտելիք, նորարարություն, Փաշինյանին ծառայելը՝ միայն հնազանդություն

Ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը ձախողվում բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ անվտանգություն, տնտեսություն, մշակույթ, կրթություն, գիտություն, առողջապահություն: Փաշինյանն իշխանության ներկայացուցիչների առաջ մի խնդիր է միայն դնում. հնազանդորեն ծառայել իրեն, ծառայել ոչ թե պետությանը, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ՝ բացառապես իր անձին: Հայրենիքին եւ պետությանը ծառայությունը պահանջում է անձնազոհություն, գիտելիք, նորարարություն եւ կրեատիվություն, մինչդեռ Փաշինյանին ծառայելը պահանջում է բացառապես հնազանդություն, սեփական կարծիքի բացակայություն, անձնական նախաձեռնության իսպառ բացակայություն, քանի որ այն կարող է հակասության մեջ լինել Փաշինյանի այս կամ այն մոտեցման հետ: Փաշինյանն իր թիմից մի պահանջ ունի. հավատարիմ եղեք ինձ, կատարեք իմ բոլոր քմահաճույքները, փոխարենը հնարավորություն կստանաք օգտվելու այն առավելություններից ու բարիքներից, որոնք ընձեռում է իշխանությունը: 

Պետությանը ծառայությունը ենթադրում է որոշակի արդյունք, ինչն էլ իր հերթին ենթադրում է որոշակի անկախություն, որոշումներ կայացնելու հարցում ինքնուրույնություն, նախաձեռնողականություն: Նորմալ պետության մեջ նախարարը, պետական պաշտոնյան պետք է կարողանան հասարակությանը ցույց տալ, որ իրենք արժանիորեն են զբաղեցնում այդ պաշտոնը, քանի որ իրենց ղեկավարած ոլորտն արձանագրել է որոշակի արդյունք եւ առաջընթաց: Օրինակ, գիտության ոլորտում կատարվել են գիտական հայտնագործություններ, կամ գիտական հայտնագործությունները ներդրվել են իրական կյանքում՝ ստեղծելով արտադրանք, կրթության ոլորտում առաջընթաց կա` Հայաստանի որեւէ բուհ հայտնվել է աշխարհի լավագույն կրթական հաստատությունների հարյուրյակում կամ հազարյակում, առողջապահության ոլորտում իրականացվել են մինչ այդ անհնար համարվող վիրահատություններ, ինչի շնորհիվ փրկվել են մարդկային կյանքեր, երկրում այլեւս որեւէ մարդ չի մահանում միայն այն պատճառով, որ փող չունի՝ վճարելու բուժման համար, գյուղատնտեսության ոլորտում 20-րդ դարի կեսերից հնարավոր է դարձել հասնել գոնե 20-րդ դարավերջ, գյուղարտադրանքն այլեւս չի փչանում դաշտերում։ Պաշտպանության նախարարությունը կխոսեր ոչ թե Ադրբեջանի ամենօրյա սադրանքների մասին եւ կհերքեր տարածվող թշնամական ապատեղեկատվությունը, այլ հանրությանը կզեկուցեր բանակը նոր տեխնիկայով վերազինելու, նոր զինատեսակների արտադրություն կազմակերպելու մասին։ Էկոնոմիկայի նախարարը կխոսեր երկրում նոր հիմնվող արդյունաբերական ձեռնարկությունների մասին, բարձր տեխնոլոգիաների նախարարը կներկայացներ այդ ոլորտում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանքի նմուշները: Ինչո՞ւ նման բան չկա եւ նույնիսկ տեսականորեն չի կարող լինել: Մի պարզ պատճառով. Փաշինյանն իրեն չի շրջապատում ազատ մտածող, գործելու ազատություն ունեցող, ոչ ստանդարտ որոշումներ կայացնող, նախաձեռնող մարդկանցով, նրանց առաջ չի դնում նոր արդյունք ստեղծելու, հաջողություններ արձանագրելու եւ երկիրը զարգացնելու խնդիր:

Փաշինյանը խորհրդարանի պատգամավորներին, կառավարության անդամներին, պետական կառույցների ղեկավարներին ասում է ընդամենը մի բան՝ ձեր աշխատանքի գնահատման միակ չափանիշն ինձ հավատարիմ լինելն է, իմ հրահանգներն անմռունչ կատարելը: Աշխատանքի, գործունեության գնահատման այլ չափանիշ չկա:

Պատգամավորն արդյունավետ է, եթե Փաշինյանին դիմում է «մեծարգո»-ով, որքան շատ, այնքան արդյունավետ։ Պատգամավորն արդյունավետ է, եթե քացով խփում կամ սպառնում է ընդդիմադիր պատգամավորին: Պարտադիր չէ, որ պատգամավորը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, քննարկվող նախագծերի վերաբերյալ ունենա դիրքորոշում, ընդհակառակը՝ դիրքորոշման բացակայությունը խրախուսվում է, կարեւորը հավատարմությունն է: Երբ օրենքի եւ օրինականության պաշտպանության համար պատասխանատու Քննչական կոմիտեի նախագահն ինքն է անարգում օրենքը, նա գիտի, որ չի պատժվի, իրեն չեն հեռացնի աշխատանքից, իր արարքի համար քրեական հետապնդման չի ենթարկվի, որովհետեւ օրենք խախտելը երկրում պատժելի կամ դատապարտելի արարք չէ, կարեւորը Փաշինյանին հավատարմությունն է, իսկ հանցագործություն կատարելը նույնիսկ խրախուսելի է: Երկրում տոննայով թմրանյութ են հայտնաբերում, բայց ՊԵԿ ղեկավարը կարող է չանհանգստանալ իր պաշտոնավարման համար, քանի որ պարտաճանաչորեն կատարում է Փաշինյանի հրահանգները:

Փաշինյանին պետք չեն արդյունք ստեղծող եւ այդ արդյունքը հանրությանը ներկայացնող պետական պաշտոնյաներ, որովհետեւ ինչի՞ կվերածվի ինքը, եթե, օրինակ, որեւէ նախարար աչքի ընկնի իր արդյունավետությամբ: Ենթադրենք՝ պաշտպանության նախարարը ոչ թե անընդհատ մեղադրվեր սահմանն անպաշտպան թողնելու, տարածքներ զիջելու, անվերջանալի թվացող մահերի ու կորուստների մեջ, եւ այդ ֆոնին անընդհատ տեղեկություններ հայտնվեին նրա կողմից հերթական բնակարանի կամ ուրիշ թանկարժեք ունեցվածքի ձեռքբերման մասին, այլ ընդհակառակը՝ կարողանար պատշաճ կազմակերպել սահմանի պաշտպանությունը, համարժեք պատասխան տար թշնամու սադրանքներին եւ ոչ թե զբաղվեր հայկական կողմից սադրանքների բացակայության մասին արդարացում-հերքումներով։ Կամ էլ զինծառայողների ծառայության եւ կենցաղի պայմանները բարելավվեին: Փաշինյանը տեղում կհեռացներ նման նախարարին եւ տեղում կնշանակեր Սուրեն Պապիկյանի նման մեկին, որովհետեւ արդյունավետ գործող պաշտպանության նախարարի պարագայում հանրությունը կհերոսացներ նրան, կցանկանար, որ ոչ միայն պաշտպանության նախարարությունը, այլեւ ամբողջ պետությունը ղեկավարվեր նման արդյունավետությամբ, կցանկանար նման պաշտպանության նախարարին տեսնել պետության ղեկին:

Չի կարող պետության ղեկավարը հասարակության կողմից մեղադրվել դավաճանության եւ կապիտուլյանտության մեջ, եւ նա թույլ տա, որ երկրում լինեն հերոսներ, առավել եւս այդ հերոսները լինեն իշխանության մեջ: Դրա համար է Փաշինյանը «խոդ տվել» իր ենթակայության տակ գտնվող ռեպրեսիվ մեքենան եւ Քննչական կոմիտեի միջոցով քրեական գործեր է սարքում՝ ում հանդեպ հնարավոր է, որ այդ համընդհանուր հանցագործների ֆոնին իր հանցավոր էությունն այնքան էլ ակնառու չլինի: Դրա համար է պարտադրում իր թիմի ներկայացուցիչներին՝ որքան հնարավոր է, հակաօրինական եւ հանրորեն մերժելի արարքներ գործել` մարդ ծեծել, ընդդիմությանը քացահարել, կոռուպցիայով զբաղվել, որ կարողանա հասարակությանը ցույց տալ, որ միայն ինքը չէ այդպիսին, որ բոլորն էլ դավաճան են, հանցագործ, ագահ ու անկուշտ, իսկ ինքն ընդամենը նրանցից մեկն է:

Ավետիս Բաբաջանյան