Տավուշից սկսեցին չափորոշիչների փորձարկումը

Տավուշից սկսեցին չափորոշիչների փորձարկումը

Տավուշի մարզում նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի 1626 աշակերտ, անցած տարվա՝ 1467-ի փոխարեն: Մարզպետարանից ասացին՝ մի շարք գործոններով պայմանավորված առաջին դասարանցիների աճ է գրանցվել:

Դիտավանի հիմնական դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցած տարվա համեմատ առաջին դասարան հաճախող աշակերների թիվ 10-ն է, նախորդ տարվա 2-ի փոխարեն: Աշակերտների թվի ավելացումը նա պայմանավորեց համայնքի զարգացմամբ. «Մեր գյուղում ապրելու պայմանները բարելավվել են, գյուղը գազաֆիկացվել է, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները շուտով կավարտվի, նոր ջրագծեր են կառուցվել ե՛ւ ոռոգման, եւ խմելո՛ւ: Ոչ մի խնդիր չկա գյուղում, մնում ա աշխատեն ու ապրեն»:

Հետաքրքրվեցինք՝ գյուղում աշխատատեղեր կա՞ն. «Աշխատատեղ աշխատողի համար միշտ էլ կա` այգիներ են գցում, գյուղատնեսությունը զարգացնում»: 
«Լուսահովիտի հիմնական դպրոցի առաջին դասարանի համար դիմել են 4 երեխա, չի բացառվում, որ այդ թիվը փոխվի»,-ասաց տնօրեն Սերգեյ Թաիրյանը:

Մեր հարցին՝ ինչպիսին են պայմանները Ձեր համայնքում եւ դպրոցում, Թաիրյանն ասաց. «Մեզ մոտ առաջնթաց չկա, համայնքը ի շահ դպրոցի ոչ մի բան չի կատարել: Մինչեւ հիմա դպրոցը տաքացնում ենք փայտե վառարաններով: Դպրոցի աշակերտների թիվը անցած տարի 29-է եղել, չունենք 4-րդ եւ 5-րդ դասարան: Չնայած այս ամենին մեր դպրոցի ուսման որակը բարձր է»:

Տնօրենը ներկայացրեց նաեւ դպրոցական նորությունները` աշակերտները կգնահատվեն 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած. անբավարար գնահատական չի լինի։ Հանրակրթության չափորոշիչով գնահատման նորացված համակարգի պահանջն է սա: 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումն իրականացվելու է միայն բնութագրման միջոցով, միջին և ավագ դպրոցի աշակերտներինը՝ միավորներով և բնութագրով:Այս փորձության միջով անցավ Տավուշի մարզը` որպես պիլոտային ծրագիր իրականացնող մարզ:

Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ընդունեցին գնահատման համակարգի այս նորարարությունը մարզում եւ ինչպիսին է իր գնահատականը վերջինիս վերաբերյալ. «Սկզբից բացասական վերաբերմունք ունեցան թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները: Հետո, երբ կիրառվեց, զգացին, որ արդյունավետ է: Այսինքն, ինչ եղավ, երեխան` այդ սմայլիկ ստանալով չի էլ պատկերացնում ցարծր ստացավ, թե բարձր: Դա շատ ոգեւորող է: Նախկինում դասվարները կողմնակալություն էին անում, ինչքան էլ մենք պայքարում էինք, որ դա չանեն, երբ 4-րդ դասարանը ավարտւմ էին` 25 աշակերտից 15-ը գովասանագիր էր ստանում: Գալիս էր 5-րդ դասարան, այդ թիվը կտրուկ իջնում է: Հիմա մենք այդ իրավիճակը չենք ունենալու: Եթե աշակերտը դասինը լավ չի պատրաստվում, միեւնւյն է նույն սմայլիկը ստանում է: Բայց արդեն ուսուցիչը տեսավ, որ այդ աշակերտը դասը լավ չի պատասխանում, սկսում է ուղղել, ուղղորդել, թե ինչին ուշադրություն դարձնի: Ես չեմ համարում, որ այդ կարգով 4-րդ դասարանում արվեց, աշակերտը եկավ 5-րդ դասարան, արդեն արդյունք է: Արդյունքը կերեւա, երբ որ առաջին դասարանից հասնի հինգերորդ: Ես նույնիսկ համաձայն եմ արասահմանյան այն տարբերակին, որ բուհի քննությունը հանվի: Հիմա ինչ ա կատարվում, անցողիկ փուլի գնահատական ստանում է, ընդունվում է բուհ, մի կերպ քարշ գալով սովորում է, ավարտում ու էդպես էլ մասնագետ չի դառնում, դա ճի՞շտ է: Դիպլոմ ունի, բայց տեղ է փնտրում ինչ որ խանութում կամ մասնավոր սեկտորի մոտ աշխատելու համար»: