Այս իշխանություններին զսպող հանգամանքներից մեկը Անկախության հռչակագիրն է

Այս իշխանություններին զսպող հանգամանքներից մեկը Անկախության հռչակագիրն է

Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Նա հանդիպելու է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

«Հրապարակը» քաղաքագետ Արա Պողոսյանից հետաքրքրվեց, թե այս հանդիպումը նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ-ն սկսել է արտաքին քաղաքականության ոլորտում նոր համագործակցություններ նախաձեռնել եւ այդ ուղղությամբ քայլեր է անում։ Պողոսյանը նշեց, որ այստեղ կա որոշակի քայլեր կատարելու միտում, այն իմաստով, որ մինչ այս ոչինչ չի ստացել։

«Կարծում եմ, որ այսօրվա իշխանությունը փորձում է ապահովագրել իրեն, հատկապես Հնդկաստանի ուղղությամբ որոշակի ակտիվ դիվանագիտական քաղաքականություն վարելու միջոցով։ Նաև հաշվի առնենք, որ Հնդկաստանն արդեն Հայաստանի համար խոշոր մատակարարող է` ռազմական տեխնիկայի, զենքի և սպառազինության, հետևբար կարծում եմ, որ սա նաև կապ ունի դեպի Հայաստան մատակարարարումների հետ, որոնք ըստ տարբեր աղբյուրների, նաև Հնդկաստանից, սկսել են դանդաղել։ Կարծում եմ, դրանց ակտիվացմանն են ուղղված այս հանդիպումները»,-ասաց վերջինս։

Այդ դանդաղումը պայմանավորված է ՀՀ իշխանությունների բացառիկ ունակությամբ՝ բոլոր երկրների հետ փոխհարաբերությունները փչացնելու ձիրքով, թե աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված դանդաղում, քաղաքագետն ասաց, որ երկու հանգամանքներն էլ տեղ ունեն քննակելու։

«Արտաքին քաղաքականության մեջ ես երբևէ չեմ հիշում, որ որևէ իր նախնական որոշման մեջ լինի հետևողական։ Տպավորություն է, որ Հայաստանը գործողություններ է կատարել՝ պարզապես կատարելու համար։ Ես հատկապես Հայաստանում այն մարդկանցից եմ, ով մշտապես խոսել է Հնդկաստան-Իրան այս առանցքի հետ ակտիվ աշխատանքների և Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու օգտին։ Թերևս մենք ունեինք բավարար ժամանակ, որպեսզի այս երկու երկրների հետ կարողանայինք հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի»,- շեշտում է Արա Պողոսյանը։

Քաղաքագետը շեշտում է, որ սա այն առանցքն է, որի հետ համագործակցության պարագայում առնվազն այս պահին մեզ դաշնակից հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հետ չէինք ունենա հավելյալ խնդիրներ, այն դեպքում երբ նույն խնդիրներն առաջանում են Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելիս։ Սա արդյունավետ ուղղություն կլիներ մեզ համար, բայց, ցավոք սրտի, մինչ օրս Հայաստանն իր արտաքին քաղաքական որևէ նախընտրության կամ նախնական ձեռնարկին չի եղել հետևողական և տպավորություն է, որ կատարվել են գործողություններ՝ պարզապես կատարելու համար։

Մեր դիտարկմանը, որ Անկախության հռչակագրի օրը Փաշինյանը փաստացի հայտարարություն արեց Հայաստանի քաղաքական կուրսը փոխելու մասին, իսկ ոչ ոքի համար գաղտնիք չի, որ Հնդկաստանը կարծես թե տեղավորվում է ռուսական բլոկում, արդյոք դա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որ Հնդկաստանի հետ փոխհարաբերությունները չկարողանանք բերել նոր մակարդակի, ասաց` չի ասի, թե Հնդկաստանը զուտ ռուսական բլոկի ուղղությամբ է գնում. «Հնդկաստանն այն պետությունն է, որը հանդիսանում է BRICS-ի հիմնադիր անդամ պետություն․ BRICS-ն այսօրվա աշխարհում հավակնում է դառնալ նոր աշխարհաքաղաքական կենտրոն և շատ ավելի արդյունավետ, շատ ավելի հավակնորդ կառույց է, քան, օրինակ, Եվրասիական տնտեսական միությունը կամ հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ BRICS-ը ձգտում է նաև նոր անդամներ ներգրավելով` դառնալ իսկական հակակշիռ արևմտյան բլոկին»,-ասաց Պողոսյանը։

Քաղաքագետը խուսափում է Հնդկաստանն անվանել զուտ ռուսական ուղղությամբ շարժվող պետություն, բայց որպես BRICS-ի անդամ պետություն` Հնդկաստանը որոշակիորեն փորձում է զատվել արևմտյան աշխարհակարգից և բավականին անկախ քաղաքականություն է վարում՝ համադրելով իր շահերը թե արևմուտքի, թե արևելքի հետ։ Եվ այդ համատեքստում դժվար է ասել, թե ինչպիսի ազդեցություն կունենա Հնդկաստանի հարաբերությունների վրա Հայաստանի` նշմարվող արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը։

«Իմ խորին համոզմամբ անկախության հռչակարգի մասին ՀՀ վարչապետի դիտարկումները շատ ավելի վտանգավոր են, քան պարզապես արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունները, որովհետև դիտարկումների հիմնական կեսը վերաբերվում էր այն նպատակներին, որոնք հռչակում է հռչակագիրը։ Իսկ Հռչակագիրը հստակ հռչակում է Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակն ինչով պայմանավորված կարող է լինել և ինչպիսին: Արցախի մասով ինչպիսի դիրքորոշում կարող է ունենալ Հայաստանը և ինչպիսին չի կարող ունենալ, համահայկական հարցերի հետ կապված։ Դա նշանակում է, որ այն քաղաքական կուրսը, որը որդեգրվել է այս իշխանության կողմից՝ չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ հռչակագիրը որպես պետության հիմնական փաստաթուղթ գործում է»,- եզրափակեց վերջինս։

Բանավոր ճանաչումը որպեսզի դառնա փաստական, իրական նորմատիվ ակտ, պետք է անցնեն Սահմանադրության վրայով՝ անեն հակասահմանադրական քայլ կամ փոխեն Հռչակագիրը՝ այն, ինչ մենք տեսանք Անկախության հռչակագրի ընդունման օրը երկրի վարչապետի ուղերձում։ ... արտաքին քաղաքականության կուրսը կարող է չփոփոխվել, բայց այն, ինչ որ ասվում է՝ հենց Հռչակագրի մասով, դա չափազանց վտանգավոր և հետագայի վրա ազդեցություն ունեցող հանգամանք է»,-եզրափակեց Արա Պողոսյանը։