Երկվություն...մինչև վերջ

Երկվություն...մինչև վերջ

Մի ժամանակ Երևանում տարածված կարգախոսներից մեկը «Պայքար, պայքար մինչև վերջ»-ն էր: Հիմքում, երիտասարդներին հիշեցնեմ, Լեռանային Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդիրն էր: Արցախը Հայաստանին չմիացվեց, սակայն կարգախոսի հեղինակը կարգվեց ՀՀ առաջին նախագահ: Դա բավարար չէր, նրա կողմնակիցները ավելացրին «հիմնադիր նախագահ» ձևակերպումը՝ կարծես Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ անձի կողմից հիմնադրված առևտրային ընկերություն լիներ: Ինչևէ, դրանից երեք տասնամյակ անց փողոցի ուժով իշխանության եկավ նրա հոգեզավակն ու փողոցային բողոքի ակցիաների կազմակերպիչը: Ինչի արդյունքում կյանքի կոչվեց «մինչև վերջ»-ը, բայց հակառակ ուղղվածությամբ: Ու մեր հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածին բաժին ընկավ արդեն ոչ թե Արցախը Հայաստանին միացնելու, այլ մեր պետականությանը սպառնացող վտանգների դեմ պայքարելը: Դժբախտաբար, դեռևս անարդյունք:

Անցնեմ երկվության խնդրին. մեր երկրում այն ամենուրեք է՝ ամեն քայլափոխին և բոլոր ոլորտներում (միակ դրական բացառությունը ՄԻ պաշտպանի հաստատությունն է): Այդ երևույթը, ինչպես հայտնի է, ծնվում է մարդկանց գլուխներում: Եվ եթե այդ մարդիկ շարքային քաղաքացիներ են, ապա դրա պատճառով սովորաբար տուժում են իրենք և իրենց հարազատները: Իսկ երբ այն բույն է դնում պետական որևէ հաստատության ղեկավարի գլխում, ապա տուժում է ոլորտը: Պետության ղեկավարի գլխում դրա հայտնվելու դեպքում՝ տուժում է ողջ հասարակությունը և վտանգի մեջ է հայտնվում հենց պետությունը: Տեսական այս նախաբանից հետո անցնեմ դրա դրսևորմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի նախաամանորյան հարց ու պատասխանի ժամանակ հստակ բացահայտվեց Արցախի խնդրի վերաբերյալ նրա տեսլականը.  այն ադրբեջանական տարածք է, և վերջ: Հստակ է նաև դրա պատճառը՝ հանուն սեփական իշխանության պահպանման վերջինս փորձում է փակել Արցախի կամ, իր բառապաշարով, Լեռանային Ղարաբաղի թեման: Եվ որպեսզի գլուխն ազատի սահմանային բախումների խնդրից, փորձում է ժամ առաջ լուծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման խնդիրը: Իսկ այն, համենայն դեպս, 2020 թվականի պատերազմում հաղթանակած Իլհամ Ալիևի ասելով, ենթադրում է հրաժարում Լեռանային Ղարաբաղի կարգավիճակի խնդրից: Սակայն պարտված Հայաստանի «վարչապետի համոզմունքով», ըստ լրատվամիջոցներից մեկի հարցերին կառավարության աշխատակազմի տված պատասխանի, «Արցախը կմնա հայկական, և դրան են ուղղված Հայաստանի Հանրապետության բոլոր բանակցային ջանքերը։ Իսկ Արցախի կարգավիճակի հարցը եղել է և կմնա Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունների շարքում»: 

Ենթադրենք, որ ինչ-որ հրաշքով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ազատվել է երկվությունից և վերածվել հայրենասեր մարդու: Իհարկե, դա ֆանտաստիկայի ոլորտից է, բայց, այնուամենայնիվ, նման չբացառենք այդ հնարավորությունը: Բայց դրան հետևելու է հարցը. պատերազմում պարտված պետության ղեկավարը, որը խաղաղություն է մուրում հաղթանակող կողմից (ավելի ճիշտ՝ կողմերից) ինչպե՞ս է պատկերացնում Արցախի հայկական մնալը, եթե դրան դեմ է հաղթանակող կողմը: Իսկ ինքն էլ չի ցանկանում հրաժարական ներկայացնել՝ երկիրն ազատելով իր վարչապետությունից: Ես, որին բնությունն ու ծնողները տվել են վերլուծելու կարողություն, նման բան չեմ պատկերացնում: Հատկապես որ հաղթանակած Ադրբեջանի ղեկավարը սպառնում է կես տարի անց իր պահանջներին չհամաձայնվելու դեպքում տիրել Երևանին և Սևանա լճին: Խնդրեմ Իլհամի խոսքից մեկ հատված՝ «Եթե նրանք (այսինքն՝ մենք՝ Վ.Ս.) չեն ուզում ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը»։ Էլ չեմ խոսում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Իլհամը Փաշինյան Նիկոլին ստիպում է տրամադրել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը:

Դրան, ի դեպ, մի ժամանակ ինքը բացարձակ չէր արձագանքում: Իսկ լռությունը տվյալ դեպքում համաձայնության նշան էր՝ ամրագրված իբրև թե հայաստանապաստ ինչ-ինչ փաստաթուղթ ստորագրելու ձգտումով: Սակայն ռուսական բացասական արձագանքից հետո վերջինս կարծես թե հետ կանգնեց իր դիրքորոշումից:

Հ. Գ. Եվ այդ մարդուն՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, չգիտես ինչ ձեռքբերումների համար, ուսապարկերը և նրանց հավասարեցված սուբյեկտներն ամեն Աստծո օր դիմում են «մեծարգո վարչապետ» արևելա-քծնողական դիմելաձևով: Թե որն է նրա մեծարգո լինելու հիմքը՝ այդպես էլ չիմացանք: