Պետք չէ վախենալ արջից

Պետք չէ վախենալ արջից

Խորհրդային կայսրության փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնության իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ ներկայիս Ռուսաստանը նրա միակ եւ լիիրավ իրավահաջորդն է, եւ պետական քարոզչամեքենան այդ թեզն առաջ է տանում՝ ամեն կերպ սրբագրելով պատմությունը եւ սեփականաշնորհելով երկրորդ աշխարհամարտի «միանձնյա» հաղթանակը նացիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների նկատմամբ, ԽՍՀՄ օրոք բոլոր դրական ձեռքբերումները վերագրելով իրեն, բազմազգ պետության հանճարներին եւ հերոսներին ներկայացնելով որպես սեփական «ժողովրդի» զավակներ, ինչ է թե նրանք «երջանկություն» են ունեցել ծնված լինելու, ստեղծագործելու եւ հերոսանալու ԽՍՀՄ տարիներին: Մեր օրերում էլ պուտինյան վարչակարգը հետ չի մնում այդ գործելաոճից:

Բայց դա, ամենամեղմ արտահայտությամբ՝ ստորություն է: Ցարական Ռուսաստանի փլատակների վրա ստեղծված Խորհրդային Ռուսաստանը, գողանալով, սեփականաշնորհելով տարբեր ազգերի մշակույթը եւ տարածքները, «եղբայրության» լոզունգների ներքո ցինիկաբար այն սկսեց նվիրել աջ ու ձախ: Հայաստանի պարագայում՝ մեր ոխերիմ թշնամիներին՝ կովկասյան թաթարներին եւ թուրքերին: Ինչեւիցե, սա է խայտառակ անցյալը, իսկ ներկա՞ն:

Ներկան, ցավոք սրտի, վառ գույներով չի փայլում: Մեր «բարեկամը» հարազատ եղբայր է դարձել մեր պատմական թշնամու՝ Թուրքիայի հետ: Երկուսն էլ, լինելով, այսպես ասած, «իզգոյներ» քաղաքակիրթ աշխարհում, շատ արագ մտերմացան: Երկուստեք հնչեցնելով «դարավոր բարեկամության եւ եղբայրության» մասին բլա-բլաները, առժամանակ մոռացել են ե՛ւ բազմամյա արյունալի պատերազմները, ե՛ւ խոցված ինքնաթիռի ու նրա սպանված օդաչուի պատմությունը: Զարմանալու բան չկա՝ երկուսն էլ, որպես պետություն, իրար շատ նման են եւ արժեն մեկմեկու: Նվազագույնը կույր պետք է լինել՝ չտեսնելու համար այդ քաղաքական լպստոցները: Ռուսաստանի ֆինանսավորմամբ Թուրքիայում նոր ատոմակայան է կառուցվում, նավթամուղներ, գազամուղներ: Սիրիայում ռուսական եւ թուրքական ռազմական միավորումները համատեղ պարեկություն են իրականացնում․ ռուսները՝ ի պաշտպանություն իրենց բարեկամ եւ դաշնակից Բաշար Ալ Ասադի կառավարության, իսկ թուրքերը՝ այդ նույն կառավարության նկատմամբ թշնամության եւ այդ երկիրը մասնատելու շարժառիթով, ինչն աբսուրդ է:

Թուրքիան, ի հեճուկս իր ՆԱՏՕ-ական դաշնակիցների եւ ամերիկյան տնտեսական սանկցիաների, գնում է ժամանակակից ռուսական սպառազինություն, այդ գործարքից հետո գժտվում է համարյա բոլոր դաշնակիցների հետ, բայց արի ու տես, որ այդ ամենի արդյունքում ավելի է բարեկամանում երբեմնի թշնամի Ռուսաստանի հետ: Մեր «բարեկամ» Ռուսաստանի, որը հիմա մեր թշնամու բարեկամն է:

Հիմա հարց եմ ուզում ուղղել իմ ընթերցողին․ ռուսական իշխանությունները հայտարարում են, որ պատրաստվում են մեծացնել իրենց ռազմական կոնտինգենտը Հայաստանում տեղակայված 102 ռազմաբազայում: Մեծացնում են, որ ի՞նչ, իբր թե՝ էլ ավելի լավ պաշտպանելու համար մեզ մեր թշնամուց, որն արդեն իրենց ջիգյարով բարեկամն է: Սրանից մեծ ապուշություն հնարավո՞ր է պատկերացնել: Նրանք նույնիսկ ի զորու չեն պատշաճ կարգով իրականացնելու պետական սահմանի պահպանությունը, երբ Թուրքիայի տարածքից անհայտ անձինք կարող են գալ եւ հայ գյուղացուց գողանալ չորքոտանի կենդանիներ եւ գյուղտեխնիկա:

Ի դեպ, կենդանիների, իսկ ավելի ստույգ՝ գազանների մասին․ Թուրքիային թերեւս կարելի է նմանեցնել բորենու հետ, իսկ Ռուսաստանի՞ն: Վերջին տասնամյակում հարաբերությունները փչացնելով հարեւանների եւ գործընկերների հետ՝ այս պետությունն ընտրել է իր իսկ սեփական քաղաքականությունը հիշեցնող մի կենդանու՝ արջի կերպարի վարքագիծը (զուգադիպություն է երեւի այդ կենդանու պատկերն իշխող կուսակցության դրոշի վրա): Ինչո՞ւ արջի… բացատրեմ: Ինչքան էլ որ գտնվեն մարդիկ, որոնք պնդեն, թե իբր արջը հզոր, ուժեղ կենդանի է, որը երբեք չի հարձակվում առաջինը, ես կասեմ, որ դա այդպես չէ: Արջին շատ ավելի հարիր է այլ վարքագիծ կամ բնավորություն: Նա վախկոտ, լեշակեր, գաղտագողի հարձակվող եւ ուրիշի ավարը հափշտակող գազան է, որը, քաղցած լինելով, պատրաստ է ավելի թույլ ցեղակիցներին, էգերին, անգամ սեփական քոթոթներին պատառոտել, իսկ վտանգի դեպքում փախչել՝ լեզուն դուրս գցած: 

Հիմա վերադառնանք արջի մարմնավորմամբ պետական սուբյեկտին: Նմանություն չե՞ք տեսնում: Ես տեսնում եմ: Պարփակված սեփական տարածքում, դժգոհ ու չարացած շրջապատի վրա, «արջը» փորձում է իրենով անել ամեն ինչ՝ հարակից գետերի ձկան պաշարները, անտառի բարիքները, մոտակա գյուղերի մեղվի փեթակները, գյուղացիների այգիներն ու բոստանները: Մի խոսքով, ամեն շարժական ու անշարժ, թարմ ու գարշահոտ բան: Բայց գազանից վախենալ պետք չէ, առավել եւս հանդիպելով նրան՝ չարժե մտածել փախուստի կամ նահանջի մասին, նա վախը տարածության վրա է զգում ու առիթը բաց չի թողնի հարձակվելու: Իսկ ի՞նչը կստիպի վերջինիս ընկրկելու եւ փախուստի դիմելու՝ համարձակությունը, վճռականությունը եւ հարվածելու պատրաստ լինելը:
Մի վախեցեք գազաններից, մարդը պարտավոր է վեր լինել նրանցից, ի վերջո, մարդն է, չէ՞, շղթայի ամենավերեւի սանդուղքին կանգնած:

  Կարեն ՄԵԼՅԱՆ