Փաշինյանի վրա կրակողը Հայաստանի վրա է կրակում

Փաշինյանի վրա կրակողը Հայաստանի վրա է կրակում

ՀՀ իշխանությունները, կարծես, գտել են սեփական անհաջողությունների համար պատասխան չտալու նոր ձեւը: Ըստ երեւույթին, հասկանալով, որ հակահեղափոխության դեմ պայքարն սպառել է իրեն, նրանք անցել են դավադրությունների տեսության վրա հիմնված բոլորովին նոր իրականություն կառուցելուն: Սխեման հետեւյալն է՝ «կան շրջանակներ, որոնք չեն ուզում հայ ժողովրդի լավն ու տենչում են Փաշինյանի հեռացումը: Ընդ որում՝ այդ շրջանակները խտրություն չեն դնում պայքարի մեթոդների ու գործիքների մեջ եւ պատրաստ են իրենց նպատակներին հասնել անգամ ժողովրդի վարչապետի ընտանիքի վարկաբեկման գնով»: Անշուշտ, զարհուրելի է այս ամենը: Կրակի վրա յուղ են լցնում նաեւ սոցիալական ցանցերում ստեպ-ստեպ հայտնվող սահմռկեցուցիչ տեսանյութերն ու Փաշինյանի ընտանիքի անդամների եւ նրանց պատկանող լրատվամիջոցի անկապ, երբեմն նույնիսկ ցավագին արձագանքները: Պողոսական զանգվածը, որ ամենակայունն է իր «քարացած մտածողությամբ», հալած յուղի տեղ է ընդունում այդ ամենը՝ դույզն-ինչ չկասկածելով, որ իր համար հերթական ներկայացումն է բեմադրվում:

Եվ, ուրեմն, այդ ի՞նչ նոր շրջանակ է, որ սպառնում է Փաշինյանի իշխանությանը, եւ որի դեմ Փաշինյանը պայքարում է ողջ ընտանիքով՝ աներձագ Հրաչն էլ ներառյալ: Այնպիսի զգացողություն ունենք, որ այդպես էլ որեւէ «նախկինի» չդատած եւ պատասխանատվության չենթարկած Փաշինյանի իմիջը փրկելու համար նորանոր «ոսոխներ» են պետք, որպեսզի պողոսների մոտ տպավորություն ստեղծվի, որ սիրելի վարչապետը զբաղված է ավելի կարեւոր գործերով, քան իրենց սոցիալական խնդիրներն են:

Իմ համեստ կարծիքով՝ Փաշինյանն այս նոր «վհուկաորսն» ինքնուրույն մտահղանալ եւ ծրագրել չէր կարող: Նրան այդ հարցում «օգնել» են եւ այն էլ՝ հիմնավորապես: Ովքե՞ր: Առաջին հերթին Փաշինյանին իշխանության բերած եւ նրա իշխանությունից լիուլի օգտվող շրջանակները: Դրանք հայտնի են զանազան անվանումներով՝ «սորոսականներ», «արեւմտյան լրտեսներ», «հակառուսական տարրեր», «հակակոռուպցիոն պայքարի սուտ մենեջերներ», «անցյալը փորփրող թախտաբիթիներ» եւ այլն: Աշխարհի բոլոր պետություններում սրանց մշտական թիրախներն են ազգային ուժերն ու պետականամետ գործիչները, որոնք իրենց գործունեությամբ խոչընդոտ են հանդիսանում պետությունները քաղաքականապես եւ տնտեսապես հիմնահատակ քանդելու եւ ժողովուրդներին ձեռնասուն զանգվածների վերածելու գործում: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ այս շրջանակների կողմից հրահրվող սկանդալների կենտրոնում ամենից հաճախ հայտնվում են հենց ազգային ու պետական գործիչները:

Արթուր Վանեցյան, Վալերի Օսիպյան՝ մարդիկ, որոնք ՀՀ սորոսական իշխանություններին թույլ չտվեցին կոմպրոմատներ հավաքել իրենց դեմ, որոնք օտարերկրյա լրտեսներին թույլ չտվեցին ներթափանցել ուժային կառույցներ եւ քայքայել դրանք, որոնք պատվով հեռացան՝ չարատավորելով հայ սպայի արժանապատվությունը, այսօր դարձել են «հակահեղափոխության» երկրորդ էշելոնի ներկայացուցիչներ: Սորոսական շրջանակներն իրենց իսկ ձեռքով հորինում են կոմպրոմատներ այդ մարդկանց դեմ եւ նրանց վրա սեւեռում Փաշինյանի եւ իր ընտանիքի ուշադրությունը: Իրանական գեներալ Սոլեյմանիի պորտֆելում «հայտնաբերված» գաղտնի զեկույցի ու Փաշինյանի ընտանիքում հասունացող «դավադրության» մասին պատմող տեսանյութը, որ լայն տարածում էր գտել սոցիալական ցանցերում, բացառապես սորոսական շրջանակների մտահղացում էր, որ նրանց լիուլի հնարավորություններ էր ընձեռում ամբողջ ճակատով գրոհ սկսելու, դիցուք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ, իբր, նրա կողմից ղեկավարվող «հակավարչապետական» բանդայի դեմ: Սա է անգլո-ամերիկյան ագենտուրայի ձեռագիրը, այսպես են նրանք գործել աշխարհի շատ երկրներում. թունավորումներ, սադրանքներ, ընդհուպ երկրի ղեկավարի դեմ մահափորձի բեմականացում, հասարակության ներսում կասկածանքի մթնոլորտի խտացում, որոնք հետո սահուն կերպով մեղսագրվում են իրենց համար անցանկալի դեմքերին:

Իմ նախկին հոդվածներում քանիցս խոսել եմ այն մասին, որ Փաշինյանն առնվազն ֆինանսապես անկախ է օտարերկրյա աղբյուրներից, ինքն անձամբ գումարներ չի ստացել նրանցից եւ պարտավորություններ չի ստանձնել նրանց առաջ: ԱԺ-ում, կառավարությունում եւ պետական այլ ստրուկտուրաներում սորոսական կարկառուն դեմքերի առկայությունը (նրանց ցանկը կա եւ ակտիվորեն քննարկվում է) հետեւանք է թավշյա կլոունադայի մեջ նրանց ունեցած ներդրման (մասնակցություն, ֆինանսական աջակցություն «հեղափոխական» երթերին ու հանրահավաքներին եւ այլն): Փաշինյանն այդ ամենի դիմաց սորոսականներին պաշտոններ ու մանդատներ է շռայլել, բայց դա նրանց չի բավարարում երկրի ղեկն իրենց ձեռքը վերցնելու համար: Նրանք այսօր ակնհայտորեն ձգտում են ավելիին՝ ընդհուպ չխորշելով շանտաժի ենթարկել Փաշինյանին ու նրա ընտանիքի անդամներին:

Փաշինյանը պետք է վաղուց հասկացած լիներ դա, դեռ այն ժամանակ, երբ փողոց դուրս բերված զանգվածների հետ բախումներ թույլ չտալու համար ՀՀ ԱԺ-ն իրեն ընտրեց վարչապետ: Փաշինյանը, սակայն, լուրջ ընդունեց իր առեղծվածային հաղթանակն ու գնաց առաջ՝ քայլ առ քայլ խրվելով օտարերկրյա ծառայությունների կողմից նախապատրաստված ճահիճը: Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչպես իրեն ներքաշեցին Մարտի 1-ի գործի վերաբացման մեջ, ինչպես իրեն դրդեցին 2018թ. դեկտեմբերի 9-ի շուտափույթ ընտրություններին, ինչպես գեներացվեց սահմանադրական եւ մյուս դատարանների դեմ արշավանքը, ինչպես վիժեցվեցին արցախյան բանակցությունները: Փաշինյանը նույնիսկ չհասկացավ, թե ինչպես ինքը դարձավ այնպիսի օտարոտի երեւույթների պաշտպանն ու ջատագովը, ինչպիսիք են տրանսգենդերների ու նույնասեռականների խնդիրը, ստամբուլյան կոնվենցիան, հայ ավանդական ընտանիքի այլասերումը, առողջ, հայրենասեր սերնդի ոչնչացումը: Արթուր Վանեցյա՞նը նրան տարավ այս ճանապարհով: Իհարկե՝ ոչ: Եվ, ուրեմն, ժամանակն է, որ մեր հարգարժան վարչապետը, ելնելով Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի շահերից, համապատասխան հետեւություններ անի իր անձի եւ իր ընտանիքի շուրջ տեղի ունեցող այս խմորումներից եւ հասկանա, թե ումով է շրջապատել իրեն եւ ինչի մեջ է խրվել մինչեւ կոկորդը:
Ահա օգնության համար Փաշինյանին մեկնած իմ ձեռքը՝ սթափվիր, դու մի գեղեցիկ օր իսկապես կհայտնվես հոգեբուժարանում, իսկ դա մարդուն իշխանությունից հեռացնելու սորոսական ամենաընդունված մեթոդներից է: Տառապանքս փորձ ունի: Աշխարհի շատ ղեկավարներ կա՛մ անբուժելի հիվանդանում են, կա՛մ ընկնում երկարաժամկետ կոմայի մեջ, կա՛մ էլ իրենց հետագա ողջ կյանքում տառապում պարանոյայից (կասկածամտություն): Սովորիր յուրայիններին տարբերել լրտեսներից, շողոքորթներից ու դավադիր գործակալներից: Քայլ արա, ԱԺ-ում օրենք ընդունիր Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող կասկածելի ՀԿ-ների արգելման մասին: Վստահ եմ, որ իմ փոխարեն այդ ցանկը քեզ սիրով կտրամադրեն ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը:

Երբեք մի մտածիր, որ հայկական, ընդգծեմ՝ հայկական ԶԼՄ-ներում հայտնվող, այսպես կոչված, «հականիկոլական» հոդվածները բացառապես քեզ վարկաբեկելու նպատակ են հետապնդում եւ գրվում են այս կամ այն մարդու հրահրմամբ: Ընդունիր դրանք ինչպես դեղահաբ եւ ոչ թե որպես քո ուղղությամբ արձակված կրակոց: Հասկանում եմ, որ քեզ համար դժվար է դա անել, բայց մյուս կողմից էլ քո յուրաքանչյուր անխոհեմ քայլ, յուրաքանչյուր անտեղի պոռթկում պատճառ է դառնում նորանոր սխալների եւ կորուստների: Մենք այսպես երկար չենք ձգի: Մի տես՝ ովքեր են փորձում հրամանատարներ դառնալ երկրում, հարց լուծել, սպառնալ ընդհուպ պետության գոյությանը՝ Արման Բաբաջանյան, Ստյոպա Սաֆարյան, Դանիել Իոաննիսյան, Արայիկ Հարությունյան… շարունակե՞մ թվարկել, թե դու ինձնից ավելի լավ գիտես նրանց անունները:

Եվ ավարտեմ մի պարզ հարցով: Պարոն Փաշինյան, կարո՞ղ եք Ձեր քաղաքական թիմից տալ մեկի անունը, որ Ձեզ ասել է այն ամենը, ինչ այս հոդվածում ասացի ես: Եթե Ձեր թիմում կան այդպիսի մարդիկ, ես միայն ուրախ կլինեմ դրա համար, որովհետեւ դա նշանակում է մեկ բան՝ Դուք միայնակ չեք Ձեր թիմում, եւ դա լավ է: