Փորձում ենք աշխատատեղեր ստեղծել մեր պահեստազորում գտնվող սպաների համար, նրանց նյութական խնդիրները լուծել

Փորձում ենք աշխատատեղեր ստեղծել մեր պահեստազորում գտնվող սպաների համար, նրանց նյութական խնդիրները լուծել

Պատերազմի առաջին տարելիցի թեմայով զրուցել ենք ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ պահեստազորի սպաների միության հիմնադիր Միքայել Համբարձումյանի հետ։

-Պարոն Համբարձումյան, պատերազմից մեկ տարի է անցել, ի՞նչ ստացանք մենք այս մեկ տարվա ընթացքում։

-Ի՞նչ ստացանք, ոչ մի բան էլ չստացանք։ Ռազմագերիները չվերադարձվեցին՝ Հայաստանում չեն, ամեն ինչ անորոշ վիճակում է, բացի այդ` հակառակորդը մեր հայրենիքում է, մեր սահմաններից ներս է գտնվում, ամեն ինչ անորոշ վիճակում է, ոչ մի լավ բան չունենք։

-Փաստորեն, այդպես էլ մնացինք հայտարարությունների մակարդակում, գործողություններ չեղան։

-Էլի եմ ասում՝ ամեն ինչ անորոշ և անհասկանալի է, ոչ մի հարցում որոշակիություն չկա, ոչ մի հարցում չես կարող կանխատեսել, թե վաղն ինչ է լինելու։ Եթե էսպես շարունակվի, չգիտեմ, մարդկանց մոտ արդեն բավականին պեսիմիստական, վատ տրամադրություններ են ձևավորվում, ու էս անորոշությունն է բերում դրան։

-Ի դեպ, ձեր կառույցին էլ են մեղադրում նրանում, որ ԱԱԾ պահեստազորի սպաներով ՀԿ եք ստեղծել, որը բացի հայտարարություններից, ուրիշ ոչինչ չի անում։

-Չէ, ես էդ գնահատականի հետ համակարծիք չեմ, նախ` մեր կանոնադրական նպատակները լրիվ այլ են, մենք էդ նպատակների շրջանակներում գործունեություն ենք ծավալում, և էդ գործունեությունը շատ բարդ է ինքնին ընթանում, որովհետև կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որոնց կանդրադառնանք հետո՝ մի քիչ ավելի ուշ։ Իսկ քաղաքական թեմաներով պետք է, իմ կարծիքով, զբաղվեն քաղաքական գործիչները՝ մեր ամենօրյա խնդիրը չի դա, մեր ՀԿ-ի ստեղծման նպատակը լրիվ այլ է եղել։ Ուղղակի, հաշվի առնելով մեր հիպերքաղաքականացված կյանքն ու վիճակը, մենք չենք կարող անմասն մնալ էս ամեն ինչից։ Բնականաբար, սա մեր հայրենիքն է, ամեն ինչի համար ցավում ենք, փորձում ենք մենք էլ մեր չափով, մեր հնարավորությունների սահմաններում նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը։

-Իսկ իր նպատակներին ծառայո՞ւմ է ձեր ՀԿ-ն հիմա։

-Իհարկե։ Դուք, որ մեր հայտարարություններին հետևեք, կտեսնեք, որ մենք փորձում ենք աշխատատեղեր ստեղծել մեր պահեստազորում գտնվող սպաների համար, փորձում ենք իրենց համար բարեգործական ծրագրեր իրականացնել։ Դոնորների հետ նախնական պայմանավորվածություններ ունենք, տարբեր ծրագրեր ենք փորձում իրականացնել, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք` իրենց նյութական խնդիրները լուծելու համար։ Բավականին աշխատանք ենք կատարել։ Բայց, էլի եմ կրկնում, դա՝ իր հերթին, բայց մնացած իմաստներով՝ չգիտեմ, իրավիճակն է էդպիսին, իսկապես շատ-շատ ավելի կարևոր հարցեր կան։

-Մնացած իմաստը, այսպես ասած, հայրենիքը փրկելու իմաստն է, որի հարցում ուզում ենք հասկանալ՝ ով ինչ է անում։

-Դե, հարցը մի քիչ հռետորական եք հնչեցնում, իսկ դու ի՞նչ ես անում, դու քո աշխատանքն ես, չէ՞, անում։ Մենք էլ փորձում ենք մեր հնարավորությունների սահմանում` մեր խոսքով, մեր վարքագծով, մեր ընկերներին հորդորներով, իշխանություններին ուղղված կոչերով ամեն ինչ փորձում ենք էնպես անել, որ մեր երկրին պիտանի լինենք, էնպես անենք, որ այս գերլարված իրավիճակը հարթենք։ Դուք մեր արածը տեսել եք՝ մենք երբեք մի կողմ չենք քաշվել ոչ մի խնդրից։