Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլեւ մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով

Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլեւ մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով

«Հրապարակի» զրուցակիցն է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։

- Ադրբեջանցիները Մարտունու 50 բնակչի եւս ստիպեցին հարկադրաբար հեռանալ Արցախից։ Տպավորություն է, թե թշնամին ուզում է վերջնական ջնջել հայկական հետքն Արցախում։ Արցախի էջը կարո՞ղ ենք փակված համարել։

- Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլեւ մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով, նոր փաթեթով։ Ինչո՞ւ. որովհետեւ Արցախում դեռեւս հանգուցալուծված չեն խնդիրները, որոնք ի վերուստ կային եւ առայսօր գոյություն ունեն։ Հիմա էլ ավելացել են այնքանով, որ ունենք ցեղասպանական գործողություններ, էթնիկ զտումներ եւ ուժի ու սպառնալիքների տակ բռնագաղթի ճամփան բռնած մարդիկ։ Արցախը շարունակում է գոյություն ունենալ իր տեղում, իր պատմությամբ, իր մշակութային արժեքներով՝ որպես հայկական հազարամյա հող, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս պահին։ Միեւնույն է, Արցախում մնում է թե՛ մշակութային, թե՛ գույքային, թե՛ պատմական ժառանգություն, որը պատկանում է միայն ու միայն Արցախի ժողովրդին, եւ որի նկատմամբ հավակնություն չի կարող ունենալ ոչ ոք։ Այն ամենը, ինչ մնացել է Արցախում, դեռեւս պատկանում է Արցախի ժողովրդին, եւ դա պետք է պաշտպանված լինի թե՛ օրենքով, թե՛ միջազգային ցանկացած վերպետական կառույցների կողմից։ Արցախի բռնի տեղահանված քաղաքացիները շարունակում են հանդիսանալ իրենց տների, հողատարածքների, այգիների, մնացած գույքերի տերերը, եւ այդ ամենը երաշխավորված է փաստաթղթերով, սեփականության իրավունքով։ Արցախը շարունակում է պատկանել իր ժողովրդին՝ անկախ այս պահին տեղի ունեցողից։ Ադրբեջանն ամենեւին չպետք է մարսի զանգվածային բռնագաղթը, չպետք է մարսենք ո՛չ մենք, ո՛չ նրանք։

-Բռնագաղթից հետո ՄԱԿ-ի առաքելությունը մտավ դատարկ Ստեփանակերտ։ Ադրբեջանցիները համոզեցին, որ հայերն ինքնակամ են լքել հայրենիքը, ու արդյունքում կունենանք մի վնասակար զեկույց։ Ինչպե՞ս ենք ապացուցելու տեղի ունեցածը։

- Այո, մենք վերստին համոզվեցինք, որ ՄԱԿ-ի նման վերպետական կառույցին բնավ հետաքրքիր չէին այդ ամբողջ ցեղասպան քաղաքականությունը, էթնիկ զտումները, ադրբեջանական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Արցախ է ժամանել ՄԱԿ-ի առաքելությունը։ Ի՞նչ է նշանակում՝ 100 հազար մարդ էթնիկ զտման ենթարկվի, ՄԱԿ-ի առաքելությունը նոր մտնի Արցախ՝ որոշելու բնակիչների հումանիտար կարիքները։ Ներողություն, իսկ ո՞ր բնակիչների, ի՞նչ հումանիտար օգնության մասին է խոսում։ Ուզում եմ հասկանալ, թե լքված քաղաքներում եւ գյուղերում ո՞ւմ համար պետք է անցկացնեն ինչ-որ կարիքների չափորոշում, որի արդյունքում էլ օգնեն։ Ի՞նչ բնակիչներ, երբ 99.8 տոկոսը հայաթափվել է։ Տեսեք միջազգային կառույցի լկտիության աստիճանը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշում է, որ իրենց շուրջ 30 տարի չի հաջողվել այցելել Արցախ, եւ այս առումով իրենց ներկայիս այցը շատ կարեւոր է։ Հիմա հարց․ ՄԱԿ-ի ներկայացուցիչները շուրջ 30 տարի չէի՞ն կարող այցելել Արցախ, այսինքն՝ ցույց տվեք մի դրվագ՝ պատմական որեւիցե ժամանակահատվածում, որ Արցախի կամ Հայաստանի Հանրապետության իշխանություններն արգելել են, սահմանափակել են որեւիցե միջազգային կառույցի առաքելությանն այստեղ ժամանելու հարցում։ Չի եղել նման բան՝ սա հերյուրանք է, երկակի ստանդարտներով հայտարարություն է, շատ կողմնակալ եւ ընդամենը պատրվակ է՝ նավթա-դոլարա-խավիարային քաղաքականությունն աշխատեցնելու, հիմա, սիրաշահելով այդ առաքելությանը, կստիպեն փաստաթղթավորել այն, ինչ ձեռնտու է Ադրբեջանին, ցույց կտան, որ այնտեղ ոչ մի բռնի քաղաքականություն չի վարվել, հայաթափությունը կներկայացնեն ինչպես սեփական կամարտահայտության արդյունք։ 

- Արցախի Ազգային ժողովը, նախագահը ի՞նչ պետք է անեն, որպեսզի գործունակ պահեն Արցախի պետական ինստիտուտների գործառույթները՝ հարմար պահին Արցախի հարցը նորից բարձրացնելու համար։

- Ի՞նչ է նշանակում՝ Արցախի իշխանությունները մեկ ստորագրությամբ կազմալուծում են պետությունը։ Ինչպե՞ս է ստացվում, որ Իլհամ Ալիեւը չի ճանաչում սեպարատիստական ուժերի գոյությունը, բայց ընդունում է նոր նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումն առ այն, որ ինքն ինքնուրույն, որպես մեկ անձ, կարող է մեկ ստորագրությամբ պետականության կազմաքանդման թուղթ ստորագրել։ Երբ նա մեջբերում է Սամվել Շահրամանյանի նման փաստաթուղթը, ինչպե՞ս է դա դիտարկում, եթե Արցախի իշխանություններին պաշտոնապես չի ճանաչում։ Այսինքն՝ նա լեգիտիմացնում է Արցախի իշխանություններին եւ դրանով հաստատում, որ Արցախի Հանրապետություն, այնուհանդերձ, գոյություն է ունեցել։ Եվլախում փաստացի բանակցություններ են տեղի ունեցել, դա նշանակում է, որ, անկախ ամեն ինչից, դուք անունն ինչ ուզում եք, դրեք՝ հայ համայնքի ներկայացուցիչներ եւ այլն, նրանք Արցախի ներկայացուցիչներն են, ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Դա նշանակում է, որ դու Արցախի սուբյեկտայնությունն ընդունում ես։ Երկրորդը․ երբ որ նախագահ Շահրամանյանը հիմք է բերում Արցախի Սահմանադրության 93 հոդվածը՝ ասելով, որ կազմալուծում է պետությունը, միայն ԱՀ Ազգային ժողովն իրավունք ունի նման որոշում կայացնել։ Այսպիսի միանձնյա որոշումն անօրինական է։