«Գազպրոմ Արմենիան» հարկերն ավելացրել է, Զանգեզուրի կոմբինատն էլ՝ նվազեցրել դիրքերը

«Գազպրոմ Արմենիան» հարկերն ավելացրել է, Զանգեզուրի կոմբինատն էլ՝ նվազեցրել դիրքերը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին երեք ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Մենք համեմատեցինք 2019 թվականի առաջին եռամսյակի թվերը և բավականին հետաքրքիր պատկեր ստացանք։ Օրինակ՝ մշտապես առաջին հորիզոնականում գտնվող «Գազպրոմ Արմենիան» 2020-ի առաջին եռամսյակում շուրջ 4 միլիարդով ավելի շատ հարկ է վճարել (17․ 77 մլրդ դրամ), քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում (13.57 մլրդ)։ 

Նույն կերպ մոտ 3 միլիարդով էլ ավելի շատ հարկ է վճարել այս և նախորդ տարի երկրորդ հորիզոնականում հայտնված «Գրանդ Տոբակոն»՝ այս տարի վճարելով 15.32 մլրդ դրամ հարկ, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 12.83 մլրդ։

Երրորդ հորիզոնականից սկսած՝ արդեն խառնվում է ամեն ինչ։ Օրինակ՝ անցյալ տարի երրորդ խոշոր հարկատու ճանաչված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2019-ի առաջին եռամսյակում վճարել էր 6.68 մլրդ դրամ հարկ, այս տարի էականորեն նվազեցրել է դիրքերը՝ հայտնվելով 6-րդ հորիզոնականում իր 3.47 մլրդ դրամ վճարած հարկով։

Իսկ այս տարի Զանգեզուրի կոմբինատի փոխարեն 5.37 մլրդ դրամ հարկով երրորդ խոշոր հարկ վճարող է ճանաչվել ծխախոտագործության առաջատարներից «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որն անցյալ տարի 6-րդն էր։ Այսինքն՝ «Զանգեզուրի կոմբինատն» ու «Մասիս տաբակը» այս տարի տեղերով փոխվել են։ 

Այս տարի իր դիրքերը բարելավել է նաև վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը։ Եթե անցյալ տարի այն 7-րդ հորիզոնականում էր՝ 3.77 մլրդ դրամ վճարած հարկով, ապա այս տարի վճարել է 4.3 մլրդ դրամ հարկ՝ հայտնվելով 4-րդ հորիզոնականում։ 

Հինգերորդ խոշոր հարկ վճարողը հայաստանյան կապի առաջատար օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, որը այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 3.89 մլրդ դրամ հարկ։ Մինչդեռ անցյալ տարի «ՄՏՍ Հայաստանը» տասնյակում ընդգրկված չէր։ 

Յոթերորդ հորիզոնականում դարձյալ ծխախոտային ոլորտի ընկերություն է՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»,  որն այս տարի վճարել է 3.46 մլրդ դրամ հարկ։ Անցյալ տարի այս ընկերությունը տասնյակում ընդգրկված չէր։

Ութերորդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն է, որը վճարել է 3.38 մլրդ դրամ հարկ։ 

Իններորդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է՝ իր վճարած 3.17 մլրդ դրամ հարկով։ 2019-ի առաջին եռամսյակում, սակայն, «Ֆլեշը» ութերորդ հորիզոնականում էր՝ վճարելով 3.75 մլրդ դրամ հարկ։ 

Տասնյակը եզրափակում է «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ» ընկերությունը, որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 2.97 մլրդ դրամ հարկ, մինչդեռ այս ընկերությունը նախորդ տարի նույն ժամանակահատվածում 9-րդ հորիզոնականում էր (3.41 մլրդ դրամ) ։ 2019-ին տասնյակը եզրափակում էր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որն այս տարի դուրս է մնացել տասնյակից՝ հայտնվելով ընդամենը 18-րդ հորիզոնականում։

Ըստ էության՝ կարող ենք փաստել, որ տարիներ շարունակ Հայաստանի պետական բյուջեի ամենախոշոր մուտքերը շարունակում են ապահովել էներգակիրները, ծխախոտագործներն ու հանքարդյունաբերողները։