Ի՞նչ է, իրականում, չոր նավահանգիստը, և ինչո՞ւ էին ծաղրում Քերոբյանին

Ի՞նչ է, իրականում, չոր նավահանգիստը, և ինչո՞ւ էին ծաղրում Քերոբյանին

Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Շիրակի մարզում նախատեսում են չոր նավահանգիստ կառուցել։ Գաղափարը կառավարությանն է, բայց ամեն ինչ կախված է լինելու հանրային ներդրումային կոմիտեից, և եթե կոմիտեն դրական եզրակացություն տա, իրենք էլ տեխնիկատնտեսական հետազոտության փուլը հաջող անցնեն, ապա Գյումրին կունենա չոր նավահանգիստ։

Քերոբյանի այս ձևակերպումը՝  «չոր նավահանգիստ», մի քանի օր է՝ ծաղրի ու հեգնական մեկնաբանությունների առիթ է տվել համացանցի մի շարք «բնակիչների»։ Շատերն առանց հասկանալու՝ ինչ բան է  չոր նավահանգիստը, ծաղրում էին Քերոբյանին՝ իբրև թե ջրի վրայով երթևեկող նավերն ինչպե՞ս են հանգրվանելու չոր նավահանգստում։

Ոմանք էլ Քերոբյանի չոր նավահանգստին իրենց «թաց տիեզերանավն» էին հակադրում։ Ընդ որում, դա անում էին մարդիկ, որոնք բացարձակ տեղեկություն և գաղափար չունեն ոչ ծովային փոխադրումներից, ոչ երկաթուղային փոխադրումներից, ոչ էլ նորմալ պատկերացում ունեն, թե ինչ է, առհասարակ, նավահանգիստը, ու մնաց՝ իմանան, թե ինչ է «չոր նավահանգիստը»։ Բայց մարդիկ, հիմնականում՝ ընդդիմադիր հայացքներով օգտատերեր, երկու օր է՝ ծաղրուծանակի են ենթարկում Քերոբյանին ու նրա արած արտահայտությունը։

Բնավ նպատակ չունենալով պաշտպանել Քերոբյանին ֆեյսբուքյան հարձակումներից, հատկապես՝ նա այն նախարարներից է, որ իր արտահայտած մտքերի պատճառով հաճախ է ենթարկվում  ծաղրի ու քննադատության, բայց սա այն դեպքն է, որ մարդիկ պարզապես անլուրջ ու անտեղյակ լինելուց են ծաղրում նրան, ուստի փորձենք հանրամատչելի բացատրել՝ ինչ է իրենից ենթադրում չոր նավահանգիստ ասվածը, անգլերեն՝ Dry port։ Այսինքն՝ անենք մի բան, որը պիտի իր հարցազրույցում աներ նախարար Քերոբյանը։

Չոր նավահանգիստը ներքին լոգիստիկ կենտրոն է, որը գտնվում է ծովային նավահանգստից ոչ հեռու և կապված է նրա հետ երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով կամ ավելի կիրառական ձևով ցամաքային նավահանգիստը տերմինալ է, որը ծովային նավահանգիստը երկաթուղով կամ մայրուղով կապում է ցամաքին: Այն կենտրոն է, որտեղից ծովային կարգոյից ստացված ապրանքները պահեստավորվում, այնուհետև տեղափոխվում են ցամաքային վայրեր: Այսինքն՝ չոր նավահանգիստը ծառայում է որպես ներքին երթուղիներով ծովային բեռների փոխադրման կետ կամ որպես դրանց ժամանակավոր պահեստավորման վայր։
Չոր նավահանգիստները հատուկ ստեղծվել են ծովային նավահանգիստներում աշխատանքը հեշտացնելու համար: Համաշխարհային առևտրի անընդհատ աճող ծավալների պատճառով նրանցից ոմանք դադարել են հաղթահարել իրենց անմիջական խնդիրները։

Բացի դրանցից, բեռների հավաքման և ժամանակավոր պահպանման խնդիրները ընկնում են նավահանգստի աշխատակիցների վրա, ինչը ազդում է ծովային նավահանգստի արտադրողականության և թողունակության վրա: Չոր նավահանգիստը, գտնվելով  ծովային նավահանգստի մոտ, իր վրա է վերցնում այս բեռը՝ բարձրացնելով լոգիստիկ ամբողջ շղթայի արդյունավետությունը:

Չոր նավահանգիստը կատարում է հետևյալ գործառույթները.

բեռնարկղերի և բեռների բեռնաթափում և պահպանում,

բեռնարկղերի և տրանսպորտային միջոցների բեռնում և բեռնաթափում,

բեռնարկղերի և սարքավորումների վերանորոգում,

մաքսազերծում և հսկողություն,
բեռների համախմբում;

տրանսպորտային, միջնորդական, ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մատուցում։

Չոր նավահանգիստը տնտեսական օգուտներ է տալիս՝ կապված բեռների անարդյունավետ փոխադրումների սխեմաներից արդյունավետ փոխադրումների հետ:

Չոր նավահանգիստներ կան աշխարհի ամենտարբեր զարգացած ու խոշոր երկրներում։ Չոր նավահանգիստ ունի, օրինակ, Ռուսաստանը։ Ռուսաստանում առաջին չոր նավահանգիստը բացվել է 2011 թվականին Լենինգրադի մարզի Յանինո-1 գյուղում։ Այն ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգիստը կայացնելու, սնելու համար, և ուներ 50 հա տարածք։ Դրանից հետո ՌԴ-ում բացվել է ևս տասը չոր նավահանգիստ։ Չոր նավահանգիստներ կան նաև Չինաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Ըստ Քերոբյանի՝ որոշ ժամանկ անց կարող է լինել նաև Հայաստանում, եթե, իհարկե, այս ծրագիրն էլ, Քերոբյանի խոստացած հայկական լաստանավերի նման, օդում կախված չմնա՝ հերթական չկատարված խոստման տեսքով։