Երեւանը պետք է շատ ուշադիր լսի Թեհրանի «ձայնը»

Երեւանը պետք է շատ ուշադիր լսի Թեհրանի «ձայնը»

Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել իրանցի բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում նաեւ՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանիի հետ։ Սակայն Արմեն Գրիգորյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէր, ով այս ընթացքում այցելել է Թեհրան։ Իսլամական Հանրապետություն է այցելել նաեւ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը։ Այս երկու այցելությունների ֆոնին Թեհրանը հայտարարեց, որ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» բացումը «սպառնալիքներ է պարունակում Իսլամական Հանրապետության ազգային շահերի համար»։

Այս ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ Թեհրանի անհանգստությունները՝ կապված «Զանգեզուրյան միջանցքի» հետ բարձրացել են նոր մակարդակի ու եթե նախկինում Թեհրանից հայտարարում էին, որ վերջինիս գործարկումը կարող է խաթարել Իրանի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանի գոյությանը, ապա հիմա արդեն Իսլամական Հանրապետության ղեկավարների մոտ առկա է այն համոզմունքը, որ այդ նախագծի հետ կապված «բազարները» կարող են դառնալ առիթ, որպեսզի Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն ներթափանցեն ռեգիոն ու ամրանան այստեղ՝ վերածելով Հայաստանը պլացդարմի՝ ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի, այլ նաեւ ընդդեմ Իրանի։ Ուշագրավ է այն, որ Թեհրանը վճռականորեն դեմ է արտահայտվում «արտաքին ուժերի ներխուժմանը ռեգիոն» եւ համարում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ ծաղկում կարող է լինել «3+3» ֆորմատի բնականոն աշխատանքի պարագայում։

Հայաստանն, ըստ էության, բավականին «դասեր» պետք է «քաղի»։ Ըստ էության Թեհրանը «Զանգեզուրյան միջանցքը» դիտարկում է որպես առիթ, որով պայմանավորված, Երեւանը՝ համոզված, որ բավարար կամ իր ակնկալած աջակցությունը չի գտնում Մոսկվայից, կարող է փորձել իր անվտանգային հարցերի լուծման բանալիները որոնել Արեւմուտքում եւ դրա համար էլ դեմ է արտահայտվում դրան։ Թեհրանում շատ լավ պատկերացնում են, որ եթե տնտեսական եւ հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը դիտարկվի այն տրամաբանության ներքո, որով փորձում է հայ-ռուս-ադրբեջանական 2020 թվականից ի վեր ընդունված եռակողմ հայտարարությունները մեկնաբանել Բաքուն, ապա դա կարող է ռեգիոնը կանգնեցնել քաոսի առաջ։ Մյուս կողմից, անկախ այն հանգամանքից, որ նույն եռակողմ հայտարարություններում ամրագրված է ռուսական վերահսկողական դերակատարությունը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացում, սակայն հաշվի առնելով հայ-ռուսական քաղաքական լարված հարաբերությունները, դա այնքան էլ արդյունավետ գործող էլեմենտ չի կարող լինել։

Ավելին,դա էլ կարող է նպաստել, որպեսզի Ռուսաստանին հակազդեցության ընդհանուր տրամաբանության մեջ, Արեւմուտքը փորձի խառնվել ռեգիոնալ գործերին։ Եւ հենց այս խաղաքարտն էլ Թեհրանը նետում է խաղատախտակին, վստահ իմանալով, որ նման իրավիճակում գոնե ՆԱՏՕ-ի ռեգիոն մուտքն արգելելու համար կունենա Մոսկվայի աջակցությունը։ Այս իրավիճակում, թերեւս, բնական է, որ հաշվի առնելով Թեհրանի ունեցած կշիռը, ռեգիոնի խաղացողները չեն անտեսի Թեհրանի «ձայնը» եւ Երեւանն էլ հարկ է, որ ականջալուր լինի դրան, հատկապես՝ սեփական անվտանգային հարցերի լուծումները Արեւմուտքում չորոնելու մասով։