Նշաձողը սահմանված է

Նշաձողը սահմանված է

Երեկ լրահոսում տարածվեց Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որ Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանին հորդորել է հրաժարական տալ: Վերջինս Արցախյան պատերազմի աչքի ընկած մասնակից է, Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ: Նա Մարտունու քաղաքապետ էր ընտրվել անցյալ տարվա աշնանը՝ բավական թեժ մրցապայքարում տանելով տպավորիչ հաղթանակ:

Հայկ Սարգսյանի անունը մամուլում շրջանառվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրերին, երբ տեսանյութ տարածվեց, թե նա ինչպես է «խոչընդոտում» քաղաքական ուժերից մեկի՝  Արցախի հեղափոխական կուսակցության, քարոզարշավին: Իրականում  քաղաքապետը կանխել էր «հեղափոխականների» եւ Մարտունու մի խումբ երիտասարդների շատ հավանական բախումը, ինչին հետւողականորեն ձգտում էին որոշակի շրջանակներ: Բայց նույնիսկ այդ իրավիճակում նրա քայլն արժանացել էր նախագահի թեկնածու եւ Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանի քննադատությանը, իսկ Սարգսյանը հանդես էր եկել պարզաբանում-հայտարարությամբ: Այդուհանդերձ, Արայիկ Հարությունյանի երեկվա գրառումը շատերի համար անակնկալ էր: Այն իմաստով, որ սահմանեց ձեւավորվելիք իշխանության բոլորովին այլ նշաձող: Այն է՝ կուսակցական պատկանելությունը, ընկերական հարաբերություններն ու ընտրապայքարում դրսեւորած կեցվածքը որոշիչ չեն, եթե հասարակությունը թեկուզ ամենաչնչին կասկածն ունի տվյալ անձնավորության կոմպետենտության եւ բարեվարքության նկատմամբ:

Այդ որոշմամբ ընտրված նախագահը յուրօրինակ մեսիջ հղեց եւ թիմակիցներին, եւ հանրությանը՝ նկատել տալով, որ հավատարիմ է նախընտրական խոստմանը եւ կադրային հարցերում առաջնորդվել է ոչ թե կուսակցական նպատակահարմարության, այլ հանրային ընկալման առաջնահերթությամբ: Արցախի ընտրված նախագահը ներկայումս քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում: Դրանք մեկնարկել են նրա թեկնածությանը սատարած կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո, ինչը ենթադրում է, որ ապագայի որեւէ որոշում վեց քաղաքական ուժի հետ համաձայնությամբ է լինելու: Այս համապատկերում Մարտունու քաղաքապետին արված հրաժարականի հորդորը բոլորի համար պետք է նշանային լինի այն իմաստով, որ ընտրված նախագահը չի պատրաստվում գնալ կոնյունկտուրային պայմանավորվածությունների, առավել եւս՝ գործարքների՝ իր իշխանությունն ապահավագրելու նպատակով: Կարելի է այնպես հասկանալ, որ նա դրել է գործունակ եւ ժամանակի մարտահրավերներին ադեկվատ արձագանքելու պատրաստ կառավարություն, որի անդամները կնշանակվեն բացառապես պրոֆեսիոնալիզմի եւ հանրային ընկալման սկզբունքներով: Արցախյան իրողությունների նկատառմամբ, պետք է խոստովանել, դա բավական դժվար լուծելի խնդիր է: Բայց եթե ընտրվել է նորացման եւ հանրային համերաշխության համատեղման նպատակը, իսկ ընտրված նախագահն այդ մասին մի քանի հրապարակային դիտարկումներ արդեն իսկ արել է, ապա այլընտրանք պարզապես չկա:

Այս իմաստով Արայիկ Հարությունյանի սահմանած նշաձողն, ըստ ամենայնի, հանրության եւ մյուս քաղաքական ուժերի համար պետք է հասկանալի եւ ընդունելի լինի. նախապատվությունը տրվում է ոչ թե անձնական նախասիրություններին, այլ՝ հանրային պահանջվածությանը, պրոֆեսիոնալիզմին եւ պարկեշտությանը: Մարտունու արդեն նախկին քաղաքապետն իր հայտարարությամբ հավաստել է հավատարմությունն «Ազատ հայրենիք» կուսակցության գաղափարներին: Նրա անցած ճանապարհը երաշխավորում է վաստակած հարգանք եւ բարձր հեղինակություն, ինչպես նաեւ՝ քաղաքական արժանապատիվ ապագա: Էականն այս պահին ձեւավորվելիք իշխանության նկատմամբ քաղաքական ու հանրային վստահությունն է: Ընտրված նախագահը, կարելի է ասել, ներկայացրել է իր կառավարության այցեքարտը: